Մինչև այսօր «Ազնավուր Սաղյան»-ի անվան կրթաթոշակի է արժանացել 90 ուսանող

«Լորիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շանթ Չարշավճյանը ներկայացնում է այն աշխատանքները, որ կատարվում են հիմնադրամի միջոցով, ինչպես նաև պատմում է առաջիկա ծրագրերի մասին։

-Գիտենք, որ հիմնադրվել է կրթամշակութային հիմնադրամ, որը նահատակված Ազնավուր Սաղյանի հիշատակին է։ Ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:

Ազնավուր Սաղյանի անվան կրթաթոշակային հիմնադրամը ստեղծել ենք, որ միշտ վառ մնա հերոս հայորդու հիշատակը և ուսանողներն ավելի պարտավորված զգան իրենց։

Կրթամշակութային ծրագիրը կյանքի է կոչվել 2025 թվականի նոյեմբերից։ Հիմնադրամում առաջին բարեգործությունը կատարվել է իմ կնոջ՝ Մարինեի՝ «Մարալն ու հայրիկը Արցախում» գրքի վաճառքի հասույթից, որն իրականացվել է ԱՄՆ-ում։ Հետո ամերիկահայ մեր բարեկամները սկսել են նվիրատվություններ կատարել։

Մեծ նվիրատուներ չունենք, սակայն կան նվիրված մարդիկ, որոնք իրենց ունեցածից նվիրաբերում են ու աջակցում արցախցի ուսանողին։ Հիմնականում նվիրաբերում են 50-100 ԱՄՆ դոլար։

Ամեն ինչ արվում է Արցախից տեղահանված ուսանողներին օգնելու համար, քանի որ շատ-շատերը գումարի պատճառով կարող են զրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու հնարավորությունից։

Մինչև այսօր «Ազնավուր Սաղյան»-ի անվան կրթաթոշակի է արժանացել 90 ուսանող, ովքեր սովորում են Հայաստանի 20 հաստատություններում՝ պետական համալսարաններ, բժշկական հաստատություններ, մանկավարժական և լեզվաբանական ուղղություններով համալսարաններ, մասնավոր և անկախ բուհեր, մասնագիտացված / Սպորտային /Գիտահետազոտական և այլ կրթական հաստատություններ։

Ուսանողներին տրամադրված ընդհանուր կրթաթոշակը կազմել 16 մլն ՀՀ դրամ։ Մեկ ուսանողին տրամադրվում է 160-180 հազար ՀՀ դրամ։

Մենք աշխատում ենք հնարավորության սահմաններում օգնել սովորողներին, պահպանել նրանց կրթության հասանելիությունը։

Կրթաթոշակից օգտվել են փայլուն սովորող ուսանողներ Շուշիից, Մարտակերտից, Ստեփանակերտից, Հադրութից, Մարտունուց, Թաղավարդից, Մուշկապատից, Ճարտարից, Սպիտակաշենից, Ծովատեղից, Գիշուց, Շեխերից, Մաճկալաշենից, Եմիշճանից, Խերխանից, Հերհերից, Կոլխոզաշենից, Աշանից։

Ուրախ եմ շատ, որ կարողանում ենք օգտակար լինել արցախցի տեղահանված ուսանողներին, և այս ծրագիրը, կարծում եմ՝ շարունակական է լինելու։

2023 թվականի սեպտեմբերից «Լորիկ» հիմնադրամի միջոցով փորձում եք տեղահանված արցախցիներին ապահովել բնակարաններով։ Ինչքանո՞վ է հաջողվել այդ ծրագիրն իրականացնել։

-Ծրագիրն սկսել ենք կյանքի կոչել տեղահանությունից անմիջապես հետո։ Ունենք 13 շահառու, որոնցից 5-ը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվածների ընտանիքներ են։

Շահառուների համար այդ տները ձեռք ենք բերել մեծամասամբ Լոռու մարզում, 1 տուն Սևան, 2-ը՝ Աբովյան քաղաքներում, իսկ 1 տուն՝ Երևանին հարակից բնակավայրում։ Զոհված զինծառայողների ընտանիքներին տներ ենք տրամադրել իրենց նախընտրած բնակավայրերում։ 2023-ի հոկտեմբերի վերջին մենք 1 ընտանիքի արդեն իսկ ապահովել էինք բնակարանով։

Ներկա պահին չենք կարողանում նույն ձևով շարժվել։ Քանի որ արցախցիների մեծ մասը սկսել են հավաստագրերով բնակարաններ ձեռք բերել, տների գներն ակնհայտ աճել են։ Այդ պատճառով հիմնադրամը հնարավորություն չունի տուն գնել։ Մենք ընդամենը կարող ենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել հավաստագրով տուն ձեռք բերած մարդկանց (կարող է դա լինել վերանորոգման, կահույքի ձեռք բերման կամ էլ տան գումարի պակասը լրացնելու համար)։ Առաջնահերթությունը տալիս ենք զոհված զինծառայողների ընտանիքներին։

-Ի՞նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին։

-Նախատեսում ենք ծրագիր փոքր բիզնեսի զարգացման համար։ Ունենք 74 դիմորդ, ովքեր առցանց հայտ են լրացրել։ Ապրիլի սկզբին կավարտենք ուսումնասիրությունը, կկայացվի որոշում, ու շահառուները կստատան աջակցությունը։

Մյուս ծրագիրը, որը նոր ենք կյանքի կոչել, իրենից ներկայացնում է Արցախի համայնքների, առանձին գերդաստանների պատմության վավերագրություն։ Իմ նախապապերը Արևմտյան Հայաստանից են, ես գրեթե տեղեկություններ չունեմ նրանց մասին, ու դա միշտ ինձ ցավ է պատճառում։ Ուզում եմ, որ սերունդները իմանան իրենց պատմությունը ու փոխանցեն իրենց ժառանգներին։

Մեծ ու ծավալուն աշխատանք ենք սկսել, աշխատում ենք 3 խմբով, որտեղ ներգրավված են ակտիվ ու բանիմաց երիտասարդներ։ Քանի որ Արցախում ապրել եմ Մարտունու շրջանում, մտադրություն ունեմ ծրագրում ներառել շրջանի բոլոր գյուղերն իրենց հետաքրքիր մարդկանցով, մշակույթով, ավանդույթներով։

Արդեն ունենք ավելի քան 200 հարցազրույց՝ Հացի, Աշան, Ավդուռ, Կղարծի գյուղերի բնակիչների հետ։

Հետագայում, իհարկե, մեր բոլոր հարցազրույցները՝ որպես արցախյան համայնքների պատմության խոսուն վկաներ, կհրապարակվեն և հասանելի կլինեն աշխարհի բոլոր ծայրերում։

Ասեմ, որ փոքր գումարներով մեծ աշխատանք է կատարվում։ Ողջունում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած են մեր կողքին, ովքեր թև են տալիս, խրախուսում մեր հայրենանվեր գործին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հայաստանցին սարսափով հետևում է, թե ինչպես է Փաշինյանը արցախցիների հետ վարվում

Նիկոլ Փաշինյանը, մի կողմ թողնելով Կաթողիկոսին, նախանձելի եռանդով կրկին հարձակվել է արցախցիների վրա, յուրաքանչյուր օր նրանց գլխին թափելով տոննաներով կեղտ։ Էլ փախածներ, էլ հայաստանցիների միլիարդներ կերածներ։ Եվրոպական ԶԼՄ-երը շոկի մեջ նկարագրում են, թե ինչպես է Փաշինյանը մետրոյում խոսում Արցախցից տեղահանված կնոջ և նրա երեխայի հետ։ 

Բայց ամենաուշադիրը հայաստանցիներն են հետևում, թե Փաշինյանը ինչպես է վարվում արցախցիների հետ․ նրանք հասկանում են, որ հաջորդը իրենք են։    

Կարծես ոչ ոք էլ չի փորձում վիճել կառավարության հետ։  Սևին սպիտակ ասողի հետ ի՞նչ իմաստ ունի վիճելու։ Կեղտի հերթական բաժնեմասն այսօր էր․

Միֆ է, թե Ղարաբաղում մինչև վերջ կռվել են։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի դեպքերից հետո (Լեռնային Ղարաբաղում – խմբ․) տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները, և պնդումները, թե կռվել են և այլն, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։

Փաշինյանը հավելել է, որ, հետախուզության տվյալներով, սպառազինության առյուծի բաժինը (80-90%-ը) անձեռնմխելի է մնացել։ Նա առասպել է անվանել այն խոսակցությունները, թե մինչև վերջ մարտեր են մղվել։ «Իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք։ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ։ Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, – նշել է Փաշինյանը։

Նա չի ասել, թե այդ դեպքումինչու չի հրապարակվել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես «ճողոպրել են» որոշակի պլանի շրջանակներում, որպեսզի դա ներկայացվի որպես Հայաստանի իշխանությունների դավաճանություն և այդ ֆոնին իշխանափոխություն իրականացվի։ «Բայց նրանք չէին կարող դա անել, քանի որ չէին ներկայացնում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդներին։ Նրանք լեգիտիմություն չունեին», – նշել է Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ մինչ այդ իշխանությունները պայմաններ էին ստեղծել, որպեսզի քաղաքական գործընթաց տեղի ունենա, իսկ Ղարաբաղի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտել են դրան, այլև իրականացրել են իշխանափոխություն, ինչի կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում միմյանց շնորհավորում էին՝ հակառակ գնահատականներին և զգուշացումներին։

«Ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան։ Այն, ինչ որ արեցին Ղարաբաղում՝ հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Այդ մարդիկ, ընդ որում, նրանց մի մասը Հայաստանի իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին, բառիս բուն իմաստով՝ նրանք փախան Ղարաբաղից։ Ընդ որում՝ ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք՝ իմացեք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Արցախցիների համար 4 մլն․ ծրագիրը հաստատվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում ԼՂ–ից տեղահանված ընտանիքներին բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություն կատարելու մասին որոշում կայացրեց։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկում են վերանայել աջակցության չափերը. «Մասնավորապես, առաջարկում ենք ծրագրի շրջանակներում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31–ը ծնված երեխաներին՝ անկախ նրանից, թե երբ են ներկայացրել առցանց դիմում–հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։

Մյուս առաջարկով առաջարկում ենք, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական տան կառուցման նպատակով 2025–ի հուլիսի 1–ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։

Առաջարկում ենք նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի  գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին։

Հաջորդը, այս նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես, ընդլայնել 4 մլրդ դրամ սահմանաչափով  բնակավայրերի ցանկը, որոնք հիմա 611–ն են, ավելացնել դրանք 150 բնակավայրով։ Խոսքը վերաբերում է սահմանակից համայնքներին համայնքներին։ Նախկինում նրանք կարող էին ստանալ 3 մլն դրամ։ Այսինքն Երևանը կմնա 3 մլն, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 մլն են, կմնան 5, իսկ մնացածը կդառնան 4 մլն»,–ասաց նախարարը։

Թորոսյանը նշեց, որ խոսքը հետևյալ համայնքների մասին է՝ Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն, Գառնի և Ջրվեժ. «Ես տվեցի խոշորացված համայնքների անունները, բայց սա  իրենց բոլոր բնակավայրերին է վերաբերում, այսինքն որոշումը, մոտ 150 բնակավայրի մասին է։

Այդ բնակավայրերում այս պահի դրությամբ ապրում է մոտավորապես 25000 մեր հայրենակից, այդքան մարդու վրա կազդի, բայց նաև կարող է ուրիշ բնակավայրերում ապրող քաղաքացիները ընտրեն այս նոր համայնքները»։

Իրաքը կարող է պահանջել ԱՄՆ-ի բազաների դուրսբերումը

Ծոցի երկրները Իրաքին կոչ են արել միջոցներ ձեռնարկել իր տարածքից սկսվող հարձակումները կանխելու համար, չորեքշաբթի հաղորդել է The National պարբերականը։

«Վեց երկրներ հայտարարել են, որ Իրաքի իշխանություններին կոչ են արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Իրաքի տարածքից հարևան պետությունների դեմ խմբավորումների, աշխարհազորայինների և զինված խմբավորումների հարձակումները անհապաղ դադարեցնելու՝  եղբայրական հարաբերությունները պահպանելու և հետագա սրացումից խուսափելու համար»,- գրել է պարբերականը՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի հայտարարությանը։

Բացի դրանից, հայտարարության հեղինակները դատապարտել են «Հըզբոլլահի» անդամների և Իրանի հետ կապված այլ թաքնված բջիջների գործողությունները տարածաշրջանում։

Մյուս կողմից, Իրանը ռմբակոծում է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաները, որտեղից հարվածներ են հասցվում Իրանի տարածքին։ 

Մինչդեռ Իրաքում բազավորված քրդական կազմավորումները, որոնք կապեր ունեն ԱՄՆ և Իսրայելի հետ, հրաժարվել են մասնակցել Իրանում հնարավոր ցամաքային գործողություններին։ 

Իրաքը, որը երկար տարիներ պատերազմել է Իրանի հետ, չի կարող լինել և ԱՄՆ-ի, և Իրանի կողմը և, ըստ էության, կարող է պահանջել, որ ԱՄՆ-ը հանի իր բազաները երկրի տարածքից։  

Ուխտադրժությունը դառնում է պատերազմների գլխավոր մարկերը

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին ժամանակավորապես հանել են թիրախային ցուցակից չորսից հինգ օր ժամկետով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Թերթը պնդում է, որ այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խաղաղության բանակցությունների հեռանկարների ֆոնին։

Իրանցի պաշտոնյաները նշում են, որ չեն հավատում ԱՄՆ-ի հետ բանակցություններին. թե՛ 2025 թվականի հունիսին, թե՛ 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա հենց այն ժամանակ, երբ բանակցությունները, կարծես, ընթանում էին համաձայնության ուղղությամբ։

Ուխտադրժությունը ներկա է եղել աշխարհի բոլոր պատերազմներում՝ փոքր և մեծ, բայց դավաճանությունով  ձեռք բերված հաղթանակները երբեք պատիվ չեն բերել «հաղթողներին»։

Ուխտադրժությունը ու «ռազմական բարոյականության» սահմաններն անցնող մեթոդները դառնում են մերձավորարևելյան պատերազմների հիմնական առանձնահատկությունները՝ սկսած փեյջերների ամոթալի պատմությունից, որով Իսրայելը շատ է հպարտանում, մինչև «մանուկների սպանությունը» իրանական դպրոցում և Իրանում ռազմական և քաղաքացիական առաջնորդների բացահայտ սպանությունները։

Սակայն բարոյականության և ընդունելի սահմանների այս ընկալումը հանգեցնում է ավելի կոշտ դիմադրության, երբ պայմանավորվելն այլևս անիմաստ է և հնարավոր չէ, և մնում են միայն վերջնագրեր։

«Wall Street Journal»-ը (WSJ), հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդել է, որ Թեհրանը Թրամփի վարչակազմին ներկայացրել է հրադադարի շուրջ բանակցությունների «շատ բարձր» պահանջներ։

Դրանց թվում էին. Պարսից ծոցում բոլոր ամերիկյան բազաների փակումը, փոխհատուցումների վճարումը, Իրանին Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար գանձելու թույլտվությունը, Իրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերացումը, ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքները և Իսրայելի կողմից «Հեզբոլլահ»-ի դեմ հարվածների դադարեցումը, Իրանի կողմից իր միջուկային ծրագրի պահպանումը։

Civilnet․ Գրանցված աշխատող արցախցիների 35 տոկոսը ստանում է 120,000 դրամի ցածր աշխատավարձ

Ինչպես հայտնում է civilnet-ը, մարտի 1-ի դրությամբ գրանցված աշխատող արցախցիների ավելի քան 35 տոկոսը ստանում է մինչև 120,000 դրամ աշխատավարձ։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է աշխատող արցախցիների թիվն ու աշխատավարձերի չափերը։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից մինչև 2026-ի մարտի 1-ը աշխատանքի է ընդունվել Արցախից տեղահանված 37,031 անձ, որոնցից մարտի 1-ի դրությամբ աշխատում են 24,820-ը։

2025-ի մարտի մեկի դրությամբ աշխատող արցախցիների թիվը 20,420 էր, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում աշխատողների թիվն ավելացել է 4,400-ով։

Աշխատող արցախցիների աշխատավարձի չափերն ունեն հետևյալ տեսքը.

Տոկոսային հարաբերակցությամբ՝ աշխատող արցախցիների ավելի քան 35 տոկոսը ստանում է մինչև 120,000 դրամ աշխատավարձ, 18 տոկոսը՝ 120,000-ից 180,000 դրամ, շուրջ 23 տոկոսը՝ 180,000-300,000 հազար դրամ, 15 տոկոսը՝ 300,000-500,000 դրամ, 8 տոկոսը՝ 500,000-ից ավելի։

Աշխատավարձի չափը նշվում է՝ հարկերը ներառյալ։  

Նկատենք նաև, որ արցախցիների մի զգալի մասը աշխատում է որպես տաքսու վարորդներ մեծ ագրեգատորներում, սակայն նրանց որպես աշխատող չեն գրանցում։ 

Պենտագոնը հրամայել է մոտ 2000 զինվորական տեղակայել Մերձավոր Արևելքում

«Նյու Յորք Թայմս»-ը և «Ռոյթերս»-ը, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել են, որ Պենտագոնը հրամայել է ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայից մոտ 2000 զինվորի վերատեղակայել Մերձավոր Արևելք՝ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ պատերազմում լրացուցիչ տարբերակներ տրամադրելու համար։

Այս հաղորդագրությունները տարածվում են Թրամփի սեփական պնդումների ֆոնին, որ ԱՄՆ-ն «հենց հիմա» բանակցություններ է վարում Թեհրանի հետ պատերազմի ավարտի շուրջ, և որ Իրանը «շատ է ցանկանում գործարք կնքել»։ Թրամփը կրկին մանրամասներ չի ներկայացրել, սակայն լրատվամիջոցները հաղորդում են, որ Վաշինգտոնը Թեհրանին է տրամադրել պատերազմը դադարեցնելու 15 կետից բաղկացած ծրագիր։

«Խոնարհ հերոսներ» ֆիլմի դիտում

Genesis Armenia – Ջենեսիս Արմենիա

Մարտի 25-ին՝ 19։00–ին Genesis Armenia–ն կազմակերպել է ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմի դիտումը՝ նվիրված Արցախյան առաջին պատերազմի հերոս, մայոր Մերուժան Մոսիյանին։

Արցախցին չպետք է վախենա իր ձայնը բարձրացնելուց և պետք է իմանա, որ մենակ չէ։
Սա միայն ֆիլմի դիտում չէ․ սա միասին հիշելու, արժևորելու և միմյանց կողքին կանգնելու ևս մեկ հնարավորություն է։

Երևանում տեղի ունեցան արցախցիների խնդիրների և դրանց լուծումների հանրային քննարկումներ

Արցախցիների խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ հանրային քննարկումներ են տեղի ունեցել այսօր Երևանում։

Միջոցառումը կազմակերպվել է Երևանի համայնքային խորհրդի կողմից՝ Էստոնիայի փախստականների խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքներ փախստականների հետ և նրանց համար» նախագծի շրջանակներում։

Ինչպես նշել է Երևանի համայնքային խորհրդի համակարգող Գեղամ Ստեփանյանը, համայնքային խորհուրդներ են գործում Երևանում, Սյունիքում, Դիլիջանում և Շիրակում։

Բոլոր խորհուրդների ներկայացուցիչները մասնակցել են քննարկմանը և հնարավորություն են ստացել բարձրաձայնել իրենց հարցերն ու առաջարկները։

Հանդիպմանը հրավիրված էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արցախցիներին հուզող երկու հիմնական հարցի՝ քաղաքացիություն ստանալու և բնակարանային ծրագրի իրականացմն վրա։ Բոլոր առաջարկները կհավաքագրվեն մեկ միասնական փաթեթի մեջ և հնարավորինս շուտ կուղարկվեն կառավարություն։

«Արցախ Միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Բեգլարյանը ընդգծել է, որ կառավարությունը որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնի արցախցիների կարծիքը։ Նա նաև նշել է ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ապահովելու համար, որ արցախցիների ձայնը լսելի լինի ոչ միայն ՀՀ իշխանությունների մակարդակով, այլև միջազգային հարթակներում։

Այսօրվա դրությամբ ունենք տրամադրված 5217 սերտիֆիկատ եւ 2336 իրացված սերտիֆիկատ

«Այսօրվա դրությամբ ունենք տրամադրված 5217 սերտիֆիկատ եւ 2336 իրացված սերտիֆիկատ։ Այսինքն` 5217-ից 2336 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան, մնացածը ձեռք բերման փուլում են։ Եվ այս թվերն աճում են օրական կտրվածքով», այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Խոսքը արցախցիներին տրամադրվող սերտիֆիկատների մասին է։

Արսեն Թորոսյանն ասել է, թե արցախցիներից ում հետ են հանդիպում

ՀՀ կառավարության ներկայացուցիչներն օրերս հանդիպում էին ունեցել մի խումբ արցախցիների հետ։ Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ իշխանությունները խուսափում են հանդիպել Արցախի իշխանությունների հետ, Թորոսյանն ասաց․ «Եթե մեր որոշ հայրենակիցներ կարծում են, որ անձամբ իրենց հետ պետք է հանդիպենք, մենք նաեւ դրան ենք պատրաստ։ Եղել են հրապարակային հայտարարություններ, որ իրենք ուզում են հանդիպել մեզ, ասել ենք՝ դրա համար կա ընթացակարգ, խնդրեմ, եկեք, կհանդիպեք։ Բայց այստեղ ուրիշ ենթատեքստ կա, որ ինչ-որ պաշտոնական ներկայացուցիչների հետ են հանդիպում ուզում, որը մեր համար հասկանալի չէ, թե ինչ է նշանակում պաշտոնական ներկայացուցիչ։ Մեր բոլոր հայրենակիցները մեզ համար հավասար են, եւ բոլորի խնդիրները շատ կարեւոր են»։

ՀՀ բոլոր քաղաքացիները, բացի արցախցիներից, վայելում են բազմաշերտ կառավարման համակարգ՝ պետական, քաղաքային, համայնքային, արհմիութենական, հանրային և այլն: Չնայած ընդհանուր խնդիրներին և իրավունքներին, նաև ընդհանուր լուծումներին, արցախցիները չունեն կոլեկտիվ կառավարման մարմիններ, որոնք կարող էին խոսել իրենց անունից և ներկայացնել կոլեկտիվ խնդիրները: Կառավարությունը կտրականապես մերժում է Արցախում գործող պետական ​​և տեղական իշխանություններին: Հանրային մակարդակով համախմբվելու փորձերը ևս մերժվում են Հայաստանի կառավարության կողմից։

Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես են ընտրվում այն ​​մարդիկ, որոնց հետ հանդիպում են կառավարության առանձին անդամները, և վերջերս՝ 2.5 տարվա ընթացքում առաջին անգամ, Նիկոլ Փաշինյանին։

Քչերը կվիճարկեն արցախցիների որևէ ներկայացուցչական կազմակերպության կառավարության հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Սակայն ցանկությունը պետք է լինի փոխադարձ, ինչպես նաև համագործակցության մեխանիզմները։

2023 թվականի տեղահանությունից հետո մենք առաջարկեցինք կառավարությանը, միջազգային դոնորներին և արցախցի ներկայացուցիչներին ստեղծել հիմնադրամ և հոգաբարձուների խորհուրդ, որը կներառի կառավարության, դոնորների և արցախյան կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Դոնորների և կառավարության կողմից արցախցիների կարիքների համար հատկացված բոլոր միջոցները կարող են ուղղվել այս հիմնադրամին, մինչդեռ հոգաբարձուների խորհուրդը կորոշի առաջնահերթ կարիքները, ամենաարդյունավետ նախագծերը և կիրականացնի մոնիթորինգ՝ վերացնելով կոռուպցիայի և քաղաքական կամքի բացակայության վերաբերյալ մտահոգությունները։

Սակայն, երկուսուկես տարի անց նման մարմին դեռևս չի ստեղծվել։ Արցախի բնակիչները մնում են ատոմիզացված և լիովին մեկուսացված հայ հասարակությունից՝ չնայած ինտեգրման կոչերին։ 070 կոդով անձնագրեր ունեցող ՀՀ 100,000 արցախցի քաղաքացիներ զրկված են ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Ավելին, ԵՄ-ի և այլ դոնորների զեկույցները արցախցիներին աջակցության վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջացնում, որոնցից առաջինն է՝ ի՞նչն է խանգարում կառավարությանը անմիջականորեն աշխատել արցախցիների հետ։ Արդյո՞ք կառավարությունը արցախցիներին վարակիչ է համարում, թե՞ ինչ-որ մեկը թույլ չի տալիս, որ Հայաստանում արցախցիները ընկալվեն որպես միասնական համայնք։

Մեկ միլիոնից ավելի մարդ դիտել է ԵՄ-ի կողմից արցախցիներին տրամադրվող օգնության մասին տեղեկատվությունը Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում։ Թվացյալ աննշան տեղեկատվության նկատմամբ նման հետաքրքրությունը վկայում է անտեղյակության և վատ հաղորդակցության մակարդակի մասինб, միևնույն ժամանակ` այս հարցի արդիականության վերաբերյալ։ Արդյո՞ք ԵՄ-ն նույնպես հարցեր ունի ՀՀ կառավարությանը։

Ընտրություններից հետո էլ արցախցիները Հայաստանում են ապրելու

«Բա մարդիկ մեզ ինչո՞ւ են ասում՝ շնորհակալություն խաղաղության համար։ Մարդկանց երեխաները չեն մահանում, մարդը ավելի քիչ անհանգիստ է, երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ և այլն։ Մարդիկ մեզ ասում են՝ սրանց էջը շուտ արեք, փակեք, պրծնենք մենք այս խոսակցությունից, սա են ասում»։ Այս մասին, մարտի 24–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

“Խաղաղություն” ասելը քիչ է, պետք է մտնել մարդկանց ամենա ցավոտ տեղը և ասել՝ ի շնորհիվ մեզ ձեր տղաները չեն զոհվում։ Ասել, որ խաղաղությունը կախված է ոչ թե ճիշտ քաղաքական որոշումներից, ոչ թե թշնամու հաշվարկներից և ծրագրերից, այլ ներքին հակառակորդներից։ Կարծես 35 տարվա պատերազմները Քոչարյանը կամ Փաշինյանն են սկսել, ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։  Ավելի “էժան” է մեղադրել ամեն ինչի մեջ Արցախը։ Բայց ընտրություններից հետո արցախցիները ևս կմնան Հայաստանում, կապրեն այստեղ, կաշխատեն, “պետական” երեխաներին կուսուցանեն դպրոցներում, բանակում կծառայեն, կգնան Եռաբլուր, ծաղիկ կդնեն, ներողություն կխնդրեն նահատակներից բոլորի անունից։

Հիմա իշխանությունը ասում է ՝ եթե «սրանց» էջը փակենք, տղաները չեն զոհվի։ Ընդդիմությունն էլ ասում է՝ եթե այս իշխանությունը վերարտադրվի, կկորցնենք Հայաստանը։ Երկուսն էլ չեն հիշատակում այն ուժերին, որոնք “պատերազմ” կսկսեն սեպտեմբերին կամ էլ ուզում են վերացնել Հայաստանը Արցախի օրինակով։

Փաշինյանին պետք է 600 հազ․ ձայն, և նա կարող է ապահովել այդ ձայները ասելով, որ միայն ինքը կարող է ապահովվի, որ Հայաստանից տղաները չգնան Արցախում զոհվեն։ Դա սարսափելի նուրբ պահ է ու շատ հասկանալի․ ընտանիքի, համայնքի, պետության, հայրենիքի նուրբ սահմանին։ Եւ 7 տարի է մարդկանց նյարդերի, մայրական վախերի վրա խաղ է գնում։ Արդեն անթաքույց։ Դրա համար պետք է մեղադրել ոչ թե Ալիևին, Պուտինին, այլ արցախցիներին։ Միևնույն է՝ ոչ ոք արցախցիներին ի պաշտպանություն հանդես չի գա։

«Մեր երաշխավոր, իր ռուսական բազան այստեղ ունեցող, ինչպես նաև ԼՂ-ում խաղաղապահներ ունեցող մարդը, որը երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց հետևյալը՝ զգո՛ւյշ դուրս եկեք, որ այստեղ բան չլինի», ասել է Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը հաստատ գիտի, որ մինչև 2020 թ․ ոչ մի ռուս երաշխավոր էլ Արցախում չի եղել, և “պրոռուսական” նախկիններն ամեն ինչ արել են, որ 3 ՄԱԿ ԱԽ անդամներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը իրար զսպեն և չմտնեն Արցախ։ Բայց հիմա իշխանական խոսույթն այնպիսին է, որ Արցախը միշտ պրոռուսական էր։