Եթե Հայաստանը չի ընդունում Բաքվի պայմանը, “խաղաղություն” չի՞ լինի

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում կրկին «ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը և Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը»: 

ԵԱՀԿ գործող նախագահը երեկ Երևանում էր և լսել է, թե ինչպես է Արարատ Միրզոյանը մերժել Բաքվի վերոհիշյալ պայմանը։

Հայաստանը չի ընդունում Բաքվի պահանջը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ, ասել է Միրզոյանը Էլինա Վալտոնենի հետ մամուլի ասուլիսում։

Ադրբեջանը շարունակում է պահանջել սահմանադրական փոփոխություններ՝ դրանք դարձնելով խաղաղության պայմանագիր ստորագրելու պայման։ «Մենք չենք ընդունում այս նախապայմանը», – ընդգծել է Միրզոյանը։

Նման մերժումը կարող է նշանակել, որ “խաղաղության պայմանագիրը” կարող է չկնքվի, քանի որ Հայաստանը չի կատարի Բաքվի պայմանը։

Թեկուզ Միրզոյանը չի հերքել, որ Հայաստանը ինքը կարող է փոխել սեփական Սահմանադրությունը։

«Սահմանադրության փոփոխությունը կամ նորի ընդունումը բացառապես Հայաստանի ներքին գործն է, մեր ժողովրդի գործը։ Հայաստանը երբեք պարտավորություններ չի ստանձնել և չի մտադիրվում ստանձնել երրորդ կողմերի առջև Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ», – ընդգծել է նախարարը։

Այսինքն, Սահմանադրությունն այնուամենայնիվ կփոխվի․ ներկայիս Սահմանադրությունը, որը հղում է անում Անկախության հռչակագրին և 1989 թ․ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը, նույքան ատելի է ՀՀ կառավարության համար,որքան Բաքվի։

Արցախցիների սթրեսը հաճախ վերածվում է հիվանդությունների

Մեզ հետ և մեր շուրջը կատարվող իրադարձությունների ֆոնին, ամեն օր ավելանում է հոգեսոմատիկ հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, որոնք հետագայում վերածվում են օրգանական հիվանդությունների: Արդյունքում, ավելի ու ավելի շատ մարդիկ գիտակցում են հոգեբանի և հոգեբույժի դիմելու անհրաժեշտությունը։

Բռնի տեղահանումից հետո արցախցիները չեն կարողանում գտնել իրենց տեղը նոր հասարակությունում: Կորստի ցավը ամեն օր ուժգնանում է, մինչդեռ սոցիալական վիճակը վատանում է, և մարդիկ պարզապես չեն կարողանում հաղթահարել նման դժվար փորձությունները. նրանք արդեն ուժասպառ են և ի վիճակի չեն շարունակելու պայքարելը: Ցավն ու մելամաղձությունը հյուծում են հոգին։

Step1.am-ի հետ հարցազրույցում հոգեբան Վարդան Ասծատրյանը կիսվել է իր կարծիքով արցախցիների հոգեբանության վրա Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության վերաբերյալ:

«Արցախցիները ինձ դիմում են տարբեր հոգեբանական խնդիրներով։ Նրանց մեծ մասը տառապում է հետաձգված հետտրավմատիկ սթրեսային խանգարումից։ Սա ամենածանր ձևերից մեկն է, որը դրսևորվում է դեպքից 1-2 տարի անց։ Այս խանգարումն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, ովքեր կորցնում են մայրական բնազդը, անտարբեր են դառնում, ընտանիքից հրաժարվելու ցանկություն են ունենում և այլն։ Շատերը, իմ օգնությամբ, հաջողությամբ հաղթահարել են այս խնդիրները և ապրում են լիարժեք կյանքով։

Ինձ դիմել են նույնիսկ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, որոնք նույնպես դուրս են եկել այս սարսափելի վիճակից։ Ես նաև աշխատել եմ արցախցի դեռահասների հետ, ովքեր պայքարում էին սթրեսի դեմ՝ խորապես չգիտակցելով հայրենիքի կորստը։ Նրանց համար դժվար էր հասկանալ, թե ինչպես կարելի է մարդուց խլել ամեն ինչ մեկ ակնթարթում. տունը, հայրենիքը և այլն։

Սթրեսի հետևանքով իմ արցախցի հայրենակիցներից շատերի մոտ զարգացել և վատթարացել են տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, շաքարախտ, հոդերի խնդիրներ և այլն։

Սթրեսը էվոլյուցիայի շարժիչ ուժն է։ Մարդը կկարողանա՞ հաղթահարել այն, թե՞ ոչ, կախված է անհատից։ Ոմանք, հաղթահարելով սթրեսը, ավելի ուժեղ են դառնում, ինչպես դա տեղի է ունենում արցախցիների զգալի մասի դեպքում։ Մինչդեռ մյուսները չեն կարողանում հաղթահարել այս վիճակը և դառնում են այն հիվանդությունների զոհ, որոնց նկատմամբ նրանք գենետիկորեն նախատրամադրված են»։

Արսեն Աղաջանյան

Հավատում էի, որ մենք մեր հայրենիքում ապրելու գերաշնորհն ունենք․ Մարիետտա Շահնազարյան

Մեր զրուցակիցը վաստակաշատ մանկավարժ, Ասկերանի շրջանի Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թոշակառու ուսուցչուհի Մարիետտա Շահնազարյանն է։ Արցախից տեղահանվելուց հետո նա բնակություն է հաստատել ՌԴում։

Տիկին Մարիետտան վերհիշում է  

-Հետ նայելով անցյալին՝ գտնում եմ, որ ես երջանիկ մարդ եմ: Ներողություն եմ խնդրում իմ տառապած ազգից, բայց և այնպես շնորհակալ եմ այս արհավիրքներից անկորուստ դուրս գալու և ուժ գտնելու զրոյից ամեն ինչ նորից սկսելու հավատս վերականգնելու համար:

Ծնվել և մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Կյանքը ինձ պարգևել է հոյակապ ծնողներ, քույրեր, դստրեր, թոռներ և ընկերներ: Արցախյան վաստակաշատ ուսուցիչներ Մառլեն Շահնազարյանն ու Թամարա Սարգսյանն ընտանիք են կազմել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում, ուր գործուղվել էին աշխատելու տեղի միջնակարգ դպրոցում: Այնուհետ տեղափոխվել են նույն շրջանի Քարագլուխ գյուղը: Հայրս որպես ութամյա դպրոցի տնօրեն, մայրս՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի:

Մանկությունս քույրերիս հետ անցել է այդ գեղատեսիլ գյուղում, որի հիասքանչ բնությունը, գյուղամիջյան փողոցները, դպրոցը դաջվել են հիշողությանս մեջ:

Սոցիալական պայմաններից ելնելով, երբ դեռ կառուցվում էր Նորագյուղը և ընդլայնվում Խրամորթը, տեղացիները սկսեցին տեղափոխվել այդ գյուղերը, և դպրոցը կանգնեց փակման խնդրի առաջ: Հայրս որոշեց մնալ գյուղում, իսկ մեզ տեղափոխեց քաղաք Ստեփանակերտ: Գյուղը փոքր քայլերով դատարկվեց: Հետագայում բազմաթիվ գյուղեր արժանացան նույն ճակատագրին:

Մայրս Արցախյան առաջին պատերազմի տարիներին անընդհատ կրկնում էր, որ հաղթանակի կհասնի այն ուժը, որին կհաջողվի պահել Քարագլխի բարձունքը: Եվ դա իրականություն էր, որն ապացուցվեց հետագայում:

Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան հ.7 դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի տեղի մանկավարժական ինստիտուտի քիմիայի ու կենսաբանության բաժինը: Աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի միջնակարգ դպրոցում: Այն հետագայում կրում էր Արցախյան քառօրյա պատերազմի հերոս, մեր դպրոցի սան, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի անունը:

Հպարտ եմ, որ 27 տարի աշխատել եմ այդ դպրոցում՝ իմ հարազատ մանկավարժական ընտանիքում և ունեմ բազմաթիվ աշակերտներ, որոնց մեծամասնության հետ ցայսօր կապ ունեմ: Հպարտ եմ, որ Արցախում կրթել ու դաստիարակել ենք հայրենասեր և նվիրյալ սերունդ: Ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, ԲՈՒՀ կապը միշտ պետք է ուղղված լինի մի նպատակի՝ պահպանել ազգայինը, հարստացնել այն, գնահատել անցյալը և կառուցել ապագան:

2020 թվականի 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան ծանր շրջանի մասին 

-Չարաբաստիկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել։ Ամեն ինչ դեռ շատ թարմ է իմ հիշողության մեջ։ Պատերազմի ժամանակ ես ու 91-ամյա հայրս մի օր անգամ չենք բացակայել Արցախից: Կիսադատարկ էր Իվանյանը, հայրս էլ՝ ծանր հիվանդ: Մեզ բազմիցս առաջարկել էին հեռանալ Արցախից, սակայն մենք չէինք համաձայնվում: Հավատում էինք մեր հաղթանակին:

Իրարամերժ լուրեր էին պտտվում: Հայրիկիս հիվանդության պատճառով հաճախ գնում էի Իվանյանի հոսպիտալ՝ դեղորայքի և սննդի: Այդ օրերին բժիշկների և բուժքույրերի, հատկապես գյուղի բուժքույր Գալյա Ներսիսյանի օգնությունը անգնահատելի են: Եվ նորից օգտվում եմ առիթից՝ կրկին իմ խորին երախտագիտությունը հայտնելու նրանց:

2020 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարեցին ամբողջական տարհանման մասին, քանի որ թշնամին արդեն մայրաքաղաքի մատույցներում էր: Երկար էինք համոզում հայրիկիս լքել տունն ու Արցախը: Նա ամեն կերպ համառում էր և դժգոհություն հայտնում՝ ասելով որ իր տեղը կնոջ գերեզմանի մոտ է: Ես և քույրս՝ Մարգարիտան, խոստացանք, որ Երևան հասնելուն պես, կսկսենք նրա երկար տարիներ սպասված գրքի տպագրությունը: Ոգևորված այդ մտքից՝ համաձայնեց:

Իվանյանում մենք զբաղվում էինք մենատնտեսությամբ։ Այդ ժամանակ տնտեսությունից մնացել էր 9 ոչխար, քանի որ մի մասը Սարգիս Գալստյանի խնդրանքով ուղարկել էինք Շուշի՝ զինծառայողների սնունդը ապահովելու համար: Չգիտեինք նրանց հետ ինչպես վարվել: Որոշեցինք թողնել գոմի մերձակա տարածքում և խոտ ու կեր լցնելով նրանց առաջ, հեռացանք։ Հայրս լացելով հրաժեշտ տվեց կենդանիներին՝ իր սովորության համաձայն բարձրաձայն խոսելով ամեն մեկի հետ:

Ճանապարհին շատ սրտնեղած էինք։ Մեքենաների շարասյունը գաղթ էր հիշեցնում: Ամեն վայրկյան հնարավոր էր ընկնել թշնամու թիրախի տակ: Անփորձանք անցանք ծանրաբեռնված ճանապարհի հատվածները, սակայն լարվածությունից Սևանա լճի մերձակայքում վթարի ենթարկվեցինք: Մեզ փրկեց մեր հետևից ընթացող մի արցախցի տղամարդ։

Երևան հասնելու հենց առաջին գիշերն արթնացանք ավտոմեքենաների ազդանշանների շարունակական ձայներից: Մի պահ թվաց, թե հաղթել ենք: Բայց ավա՜ղ: Դա միայն թվացել էր:

44-օր շարունակ հնչող <<Հաղթելու ենք>> կարգախոսը դարձավ ամոթալի պարտություն: Մի ստորագրությամբ հանձնվել էր հայրենիքիս 75 տոկոսը:

Չնայած այդ ամենին, կասկած չունեինք, որ պետք է վերադառնանք: Շուտով սկսեցինք պատրաստվել տունդարձին: Նոյեմբերի 22-ին Քարվաճառի ճանապարհով ճանապարհվեցինք, քանի որ նոյեմբերի 25-ին՝ Ավոյի ծննդյան օրը, Քարվաճառը պիտի հանձնվեր: Հմայված հեքիաթային բնությամբ և ափսոսալով վառվող տները, քանդված զորանոցներն ու դպրոցները, չէինք կարող զսպել մեր արցունքները: Փորձում էինք մտապահել բոլոր տեսարանները, Թարթառն ու Դադիվանքը: Գիտեինք՝ վերջին անգամ ենք տեսնում:

Ինչպիսի ուրախությամբ մտանք մեր տուն ու նստեցինք սառած վառարանի մոտ: Թոռնիկս՝ Օլեսյան, որ Երևան էր տարհանվել Շուշիից, մեր տանն էր: Քիչ հետո նա ասաց՝ մամ, բոլորն իրենց տուն վերադարձան, բացի մեզանից:

Հայրիկիս Իվանյանում պահելն արդեն անհնար էր: Եվ մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտի մեր բնակարանը: Մեր շենքի դիմաց Ազատամարտիկների պուրակն էր, որտեղ ամեն օր ավելանում էին 44-օրյայի հերոսների նկարներով պաստառները: Ամեն օր պատշգամբից հայրիկս նայում էր նրանց և ափսոսանքով ասում, որ ինքն այդ տարիքում վայելում էր կյանքը, իսկ այս տղաներն իրենց կյանքը զոհաբերեցին: Գոնե վերջինը լինեն…

Ես աշխատանքս շարունակում էի գյուղում․ ունեի ավարտական դասարան, պիտի կազմակերպեի <<Վերջին զանգի>> արարողությունը: Դժվար էր համակերպվելը վշտին, մանավանդ որ համայնքից զոհեր ունեինք: Այդ ժամանակ հասկացա, թե ինչու էր հայրս այդքան ծանր տանում իր սաների զոհվելու լուրերը կամ նրանց հրաժեշտ տալու արարողությունները:

Մտնում ես դասարան ու այնտեղ զոհված Արմեն Աղաջանյանի որդի Արենն է նստած։ Հեշտ չէ նայել անհայր մնացած երեխայի աչքերի մեջ։ Մյուս անկյունից թվում է՝ քեզ է նայում ժպտերես Արսենը։ Նա մեր ռուսաց լեզվի ուսուցչուհի Սոֆա Ռոբերտովնայի որդին էր: Մյուս դասարաններում Արտակը, Արմեն և Արտակ եղբայրները, Գուրգենը՝ մեր դասվար Արինա Մնացականյանի որդին, Արկադյան, ով զոհվեց իր ծննդյան օրը՝  նոյեմբերի 7-ին, Գարիկը, Կարենը։

Իմ պատկերացրած վերջին զանգն այլ երանգ ուներ՝ բոլորովին ուրիշ սցենարով: Ցանկանում էի Իվանյանի դպրոցում ունեցած դասղեկությանս երեք դասարանները հավաքել ու մեծ տոնական միջոցառում կազմակերպել: Սակայն մտահղացումս անկատար մնաց: Միջոցառումը կազմակերպեցինք համեստ, առանց ավանդական երգ ու պարի: 2021-ը աշխատանքային կենսագրությանս վերջին տարին էր: Ստեփանակերտում խնամում էի հայրիկիս և համատեղում աշխատանքս Իվանյանում:

44-օրյա պատերազմից հետո ևս երկու տարի դասավանդեցի հարազատ դարձած կրթօջախում: Դրան զուգահեռ ակտիվ մասնակցում էի ընդդիմադիրների կազմակերպած բոլոր միջոցառումներին, կիսվում էի իմ մտքերով թերթերում և սոցհարթակներում: Հավատում էի, որ մենք մեր հայրենիքում ապրելու գերաշնորհն ունենք: Չնայած թշնամու ափի մեջ էինք, բայց շարունակում էինք ապրել: Փորձում էի պահպանել լավատեսությունս և ամենուր շեշտում էի՝ դիմացեք, լօխ լյավա իննան․․․ Հետագայում ինչքա՜ն ատեցի այդ արտահայտությունը․ գաղթի ճանապարհին ծանոթներս կշտամբանքով հիշեցնում էին իմ խոսքերը։

Շրջափակում, պատերազմ, տեղահանություն

-2022 թվականի դեկտեմբերի 12-ին փակվեց Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը․ մեկ օր առաջ էի վերադարձել Երևանից և ամեն անգամ փառք էի տալիս Աստծուն, որ մեկ օր ավել չմնացի իմ սիրելի քաղաքում:

Օրեցօր դժվարանում էր մեր կացությունը: Բայց անկախ բոլոր դժվարություններից, մենք վայելում էինք մեր հողն ու ջուրը, երեկոյան զբոսանքները, երկար զրույցները հարևանների հետ: Եվ ավելի շատ ժամանակ էինք տրամադրում կենդանի շփմանն ու մշակութային կյանքին:

Առօրյայի անբաժան մաս էին դարձել խանութների հերթերը, որտեղ լարվածությունը հաղթահարում էինք սրամտությամբ ու կատակներով: Շրջափակման վերջին ամիսները վերածվել էին գոյության պայքարի: Հացը երազանք էր դարձել: Երեխաները կարոտով էին հիշում իրենց սիրելի քաղցրավենիքները: Մրգերից միայն խաղողն էր ու ձմերուկը: Նռան հյութը դարձել էր մեր ամենասիրելի ըմպելիքը:

Չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը իմ խնամու՝ մայոր Սամվել Սարուխանյանի մահվան տարելիցն էր: Վաղ առավոտյան Իվանյանի հոսպիտալի ավտոբուսով մեկնեցի Ստեփանակերտից․ այլ տրանսպորտի միջոց վաղուց չէր գործում: Ժամը մեկին գերեզմանոցից նկատեցինք, որ գյուղի կենտրոնական ճանապարհով ռազմական տեխնիկա է բարձրանում դեպի Նորագյուղ: Շտապեցինք տուն։ Տուն հասնելուն պես որոտացին առաջին պայթյունները, որոնք մեկ վայրկյան չդադարեցին մի ամբողջ օր: Էլի պատերազմ սկսվեց՝ հանկարծակի, անողոք:

Աշակերտները դպրոցներում էին, մարդիկ՝ աշխատանքի վայրերում։ Կապ չկարողացանք հաստատել իրար հետ, մնում էր մտնել ապաստարաններ ու սպասել: Նորակառույց դպրոցը ապաստարան չուներ, ուսուցիչները աշակերտներին տարհանեցին պահածոների գործարանի նկուղը: Ցուրտ ու անվերջանալի գիշեր, պայթյուններ և անորոշություն։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին արդեն զինադադար էր, տարահունչ լուրեր և ասեկոսեներ էին պտտվում: Ասացին, որ թշնամին Ասկերանի <<Տանկ>> հուշահամալիրի մոտակայքում է,  Ստեփանակերտի մատույցներում: Մի բան պարզ էր՝ պարտություն: Տարակուսած վերադառնում էին մեր զինվորները, կազմալուծվում էր բանակը: Ամեն ինչ խժռում էր կրակը․ այրեցինք ամեն ինչ՝ համազգեստ, շքանշաններ, գերդաստանի նկարներ, տարիների վաստակ, մի կյանք ու պատմություն:

Այդ օրերի ապրումներն աննկարագրելի են: Առաջին անգամ հայտնվեցինք անելանելի վիճակում, հուսահատված ու հիասթափված: Լուր տարածեցին, որ Հակարիի կամուրջը բաց է և պետք է հեռանալ: Պաշտոնական հայտարարություն չկար և սկսվեց համատարած խուճապը: Բոլորը շտապում էին փրկվել: Օդում լուրեր էին պտտվում, որ անցակետը բաց կմնա ընդամենը 4-5 օր: Այդ օրերին դեռ չէի հասցրել գիտակցել, թե ինչ է կատարվում: Իրականության դառնությունը զգացի, երբ հայտնվեցի օդանավակայանում, որտեղ մարդիկ փորձում էին պաշտոնական մի խոսք լսել ու պաշտպանվել: Համոզվեցի, որ սա վերջն է, և մեզ ոչ ոք չի օգնի։ Մեզ թողել են ճակատագրի քմահաճույքին՝ անզեն, անպաշտպան, մինչև ատամները զինված թշնամու ճանկերում: Կասկած չկար՝ պետք է հեռանալ, քանի դեռ կա այդ հնարավորությունը: Մենք էլ բռնեցինք գաղթի ճանապարհը:

Սեպտեմբերի 25-ին, որպես նշխար, վերցրեցի հայրիկիս ձեռագիր օրագիրը Արցախյան շարժման մասին և Արցախ-Ղարաբաղ հանրագիտարանը, որի հեղինակը քեռիս՝ Սերգեյ Թեմուրի Սարգսյանն է: Ընդամենը մի ճամպրուկով կրտսեր աղջկաս ընտանիքի հետ ճանապարհ ընկանք Իվանյանից: Երանի տվեցի ծնողներիս, որ չեն տեսնում այդ ամենը: Անտեղյակ էի, թե մյուս երկու աղջիկներս ու քույրերս ինչ վիճակում են: Փեսաս, ով զինվորական սպա էր, լուռ վարում էր մեքենան: Երկու փեսաներս սպաներ էին՝ իրենց հայրերի ու եղբայրների հետ միասին Արցախյան երեք պատերազմների մասնակիցներ: Հիմա պետք է անցնեին թշնամու սրի տակով:

21-րդ դարի գաղթ․ կրիայի արագությամբ անցնում էր  ժավտոմեքենաների, գյուղտեխնիկայի շարասյունը: Ուզում էի հավատալ, որ ժամանակավոր ենք հեռանում և պինդ պահում էի թե՛ Ստեփանակերտի բնակարանի, և թե՛ Իվանյանի տան բանալիները: Նոր Շենի մատույցներում էինք, երբ հասավ պայթյունի մասին բոթը: Ոչ մեկից լուր չունեի․ հարազատներս դեռ Ստեփանակերտում էին:

Հակարին անփորձանք անցանք: Թշնամին այնքան ոգևորված էր պայթյունի լուրից, որ ստուգումները հպանցիկ անցան: Սեպտեմբերի 26-ի առավոտյան հասանք Հայաստան: Շրջափակումից դուրս եկած փոքրիկ թոռներս քարացել էին խանութների առատությունից: Կամավորները հյուրասիրեցին քաղցրավենիքներով և յոգուրտով: Գորիսում մեզ դիմավորեց փեսայիս ընկերը և հյուրընկալեց իր տանը: Աստծո կամոք մենք բարի ու գթասիրտ մարդկանց ենք միշտ հանդիպել: Սկզբում բարեկամներիս մոտ էի բնակվում: Դուստրերս ընտանիքներով Հայաստանի տարբեր քաղաքներ էին հասել և տուն վարձակալել: Երախտագիտությամբ եմ հիշում տիկին Մարգարիտային և նրա ամուսնուն, ովքեր Վայքի հյուրանոցում երեք ամիս ապաստանել են ավագ դստերս ընտանիքին և շուրջ 40 արցախցու:

Արցախի տեղահանությունից երկու տարի է անցել։ Մարիետտա Շահնազարյանը մտաբերում է յուրաքանչյուր պահը, ուրախ և տխուր օրերը: Ամեն մի բառից ճմլվում է սիրտը։

 

-Արցախից հեռանալուց հետո իմացա, որ քույրս ամուսնու՝ Սարգիս Գալստյանի հետ կամավոր մնացել են Ստեփանակերտում: Ծանր ապրումներ ունեցա, վախենում էի նրանց համար: Գրեթե 40 տարի ճանաչելով Սարգիսին՝ ես երբեք չեմ կասկածել նրա հայրենասիրության և անբասիր լինելու մեջ: Համոզված էի, որ այդ քայլին դիմել է գիտակցաբար՝ հաստատ հիմնավորված դրդապատճառ ունենալով: Բայց դա մեկ առ մեկ բացատրել մարդկանց՝ կնշանակեր արդարանալ: Որոշեցի լռել և սպասել նրանց: Իրենց սև գործն արեցին լրագրողները, հանձինս Թաթուլ Հակոբյանի և ֆեյսբուքյան ամենաթողությանը: Ավելի հեշտ է սևացնել մարդու համբավը, քան նրան պաշտպան կանգնել: Ահաբեկված էին նրա մտերիմ ընկերները, հարազատներն ու բարեկամները:

Հայաստանում ես անհանգիստ ու անորոշ վիճակում էի: Արցախում՝ նույնիսկ ամենադժվար պահերին, զգոն և ամուր էի: Այնտեղ ես կայացած անձնավորություն էի, հանգիստ՝ իմ զավակների բարեկեցիկ կյանքի նկատմամբ: Վեց թոռներիս ապագան լրիվ տեսանելի էր ինձ համար, բայց մի քանի օրում այդ ամենը հօդս ցնդեց: Ես սովոր եմ դժվարությունները հաղթահարել: Միայնակ մեծացրել եմ երեք աղջիկներիս՝ տալով նրանց պատշաճ դաստիարակություն ու բարձրագույն կրթություն:

Ավագ դուստրս՝ Օլգան, անգլերենի մասնագետ է և աշխատում էր Իվանյանի դպրոցում։ Կրտսեր աղջկիս՝ Տաթևը, հոգեբան էր նույն դպրոցում։ Միջնեկ դուստրս՝ Թամարը, աշխատում էր ԱՀ ԿԳՄՍՆ ՆԶՊ բաժնում և Շիրակացու Ճեմարանում: Նրա ամուսինը երկար տարիներ դասախոսում էր ԱրՊՀ-ում:

Բարձրագույն կրթությամբ մասնագետները, սակայն, տեղ չգտան Մայր Հայաստանում: Մյուս կողմից էլ երկրում տիրող քաոսային վիճակն ու մասերի բաժանված հասարակությունը ստիպեցին հեռանալ Հայաստանից և հաստատվել Ռուսաստանում, որտեղ իմ եղբայրը օգնության ձեռք մեկնեց մեզ:

Փառք Աստծո, կարճ ժամանակում բոլորը սկսեցին աշխատել իրենց մասնագիտությամբ, իսկ թոռներս էլ՝ բարձր պահելով արցախցու պատիվը, ռուսական դպրոցներում լավ են սովորում՝ աչքի ընկնելով իրենց առաջադիմությամբ ու կարգապահությամբ:

Իհարկե, շատ դժվար է հայրենիքից դուրս ապրելը: Օտար միջավայրը երբեք չի կարող փոխարինել ընկերների ու բարեկամների ջերմ մթնոլորտին, հարազատ հող ու ջրին:

Հեռվից հետևում եմ Հայաստանի քաղաքական կյանքին: Նույն ըմբոստն եմ մնացել, նույն ընդդիմադիրը։ Իմ մտքերով հաճախակի եմ կիսվում սոցցանցերում, քանի որ դա իմ պայքարի միակ ձևն է: Եթե ինչ-որ կերպ կարողանում եմ վերափոխել մարդկանց մտածելակերպն արցախցու հանդեպ, թրքամետ խավի զանգվածից գոնե մեկին հասկացնել, թե ով է արցախցին ու ինչերի միջով է անցել, ապա դա հաղթանակ է ինձ համար։ Անարդար վերաբերմունքն ընդդիմադիրների նկատմամբ, հատկապես, Սարգիսի նկատմամբ, նրա ընկերների վերաբերմունքը տեսնելով, ավելի եմ հիասթափվում, քանզի արցախցիներիս լռությունը, պասսիվությունը և անտարբերությունը սեփական ճակատագրի նկատմամբ, հարիր չէ մեզ: Մենք ողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ոչ մի արցախցի չի ինտեգրվելու ադրբեջանցու հետ, Ալիևի իշխանության տակ չի ապրելու։ Պետք է հասկանալ, որ խաղաղություն չեն մուրում: Խաղաղության հասնում են արժանապատվորեն՝ թշնամուն ծնկի բերելով: Սա ժամանակավոր զինադադար է: Ինչպես հայրիկս կասեր՝ Արցախյան առաջին, երկրորդ և երրորդ պատերազմներ չկան, սա մի մեծ արցախյան պատերազմ է՝ կարճ զինադադարներով:

․․․Իսկ վերադարձ լինելու է․ ուղղակի միայն այն դեպքում, երբ թուրք չլինի իմ հայրենի Արցախում, երբ այնտեղ անվտանգության երաշխիք լինի: Իսկ դարավոր պատմությունը ցույց է տվել, որ թուրքին չպիտի հավատաս: Ատելությունը հայի հանդեպ նրա գենի մեջ է, այնինչ հայի գոյատևման գրավականը ինքնապահպանման հատկությունն է, հայրենասիրությամբ մինչև ողն ու ծուծը տոգորված գենով:

Վերադարձ լինելու է: Երանի նրանց, ովքեր կտեսնեն այդ վերադարձը: Երիցս երանի, ովքեր կմասնակցեն այդ վերադարձի իրականացմանն ու կարարեն հայկական Արցախում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ժաննա Ալեքսանյան․ Փաշինյանն ինչ խախտում ուզում է, անում է

«Սա Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում է։ Եվ տեսնում ենք, թե ինչ ակնհայտ խախտումներ են տեղի ունենում՝ մարդիկ չեն կարողանում օգտվել պաշտպանությունից, զրկված են փաստաբանի ծառայությունից։ Այսինքն՝ ժամերով փաստաբանները կանգնած էին քննչական կոմիտեի մուտքի մոտ, նրանց ներս չէին թողնում, որ իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնեին։ Սա ուղղակի աննախադեպ խախտում է։ Կարծում եմ՝ դարձյալ Փաշինյանի ցուցումով է այս ամենը տեղի ունենում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդին ու հոգեւորականներին բերման ենթարկելուն։

Նշենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ հայտնեց, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին ձերբակալվել են, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել։ Նրան մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ խախտում ուզում է, անում է։ Իսկ իրավապաշտպան համայնքը մեծամասամբ լուռ է այսօր։ «Ես գրառում եմ արել Դանիել Իոաննիսյանի մասին, որովհետեւ փաստորեն իր հաղորդման հիման վրա է տեղի ունեցել այս ամեն ինչը։ Եթե դու հաղորդում ես ներկայացրել, չես ուզո՞ւմ այդ հետապնդումների մասին խոսել, չէ՞ որ քո հաղորդման հիման վրա է դա տեղի ունեցել։ Եվ այս մարդիկ իրենց անվանում են իրավապաշտպան։ Լավ, գոնե հարց տվեք՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս փաստաբաններին պաշտպանել այդ մարդկանց։ Ոչ մի ծպտուն իրոք չկա, ինձ էլ փորձում են ներկայացնել ընդդիմադիր հայացներով, քաղաքական երանգ են ուզում տալ, այդպիսի միտումներ եմ տեսնում։ Բայց ո՞նց կարելի է լռել, երբ փաստաբանը գնացել է Քննչական կոմիտե, եւ Արագածոտնի թեմի առաջնորդի մասին չկա ոչ մի տեղեկություն, սա չորակե՞նք որպես առեւանգում»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունների այս գործողությունները, Ալեքսանյանը պատասխանեց․ «Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նպատակները հայտնի են։ Նաեւ երեկ չէ առաջին օրը լսում էինք Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի դժգոհությունը Եկեղեցուց։ Եվ քանի որ այստեղ շատ իրադարձություններ տեղի են ունենում Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններին համահունչ, կարող ենք մտածել, որ դա է պատճառ եղել, որ Նիկոլ Փաշինյանը չի փոխել իր տրամադրությունները եւ Եկեղեցու դեմ օրը մի բան է մոգոնում ու ասում։ Ուղղակի սա խայտառակ վիճակ է»։

Իրավապաշտպանը նաեւ հարցադրում է անում՝ եթե նույնիսկ ինչ-որ հանցակազմ է պարունակում հոգեւորականների գործունեությունը, իշխանություններն ինչո՞ւ են անօրինական լուծումներով առաջնորդվում։ «Դատախազությունն է վերահսկում ՔԿ գործողությունները, ինչո՞վ է զբաղված գլխավոր դատախազը։ Սա նշանակում է, որ ոչ մի հիմք էլ չունեն, ես այդպիսի տպավորություն եմ ստանում»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Ամստերդամի կարևոր հայտարարությունը․ ինչ է Բաքուն ուզում Հայ եկեղեցուց

Ադրբեջանը հետապնդում է երկու հայ միլիարդատերերի՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Կարապետյանին։ Եվ բոլորը պետք է հարց տան իրենց, թե ինչու է Սամվել Կարապետյանը Հայաստանում բանտարկված։ Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Ես մտադիր եմ ավելի խորը ուսումնասիրել այս հարցը։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումից անմիջապես հետո հայկական եկեղեցու վրա հարձակումը… այստեղ ինչ-որ բան կա։ Կարելի է տեսնել տարբեր կապեր։ Ես ավելի խորը կուսումնասիրեմ պատճառահետևանքային կապերը», – նշել է նա։

Ամստերդամը դեռ չգիտեր, որ հոկտեմբերի 15-ի առավոտյան 10 հոգևորականներ, այդ թվում Կաթողիկոսի զարմիկը կձեռբակալվեն։ Եւ դա տեղի կունենա Բաքվից հնչած հայտարարությունից հետո։

“Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները ձգտում են խաղաղություն կառուցել կառուցողական համագործակցության մթնոլորտում, Հայ եկեղեցին և սփյուռքը անում են ամեն ինչ՝ այս գործընթացը խափանելու համար ապակառուցողական քարոզչություն իրականացնելու համար։։ Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։

Ի՞նչ է ուզում Բաքուն Հայ Առաքելական եկեղեցուց։ Արդյո՞ք խնդիրը՝ այսպես կոչված Ադրբեջանի տարածքում, նաև զավթած Արցախում գոյություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող հսկայական գույքն է։ Ի վերջո, ՀՀ կառավարությունը կարող է “ճանաչել” Արցախի տարածքի “պատկանելիությունը” Ադրբեջանին, բայց չի կարող զրկել Հայ Առաքելական եկեղեցին իր գույքից։

Գարեգին Բ Կաթողիկոսը, որը միացել է Արցախի հարցով Շվեյցարական նախաձեռնությանյը, խոսել է նաև ԱԱՍԵ ժառանգության մասին, որին մուտքը արգելված է։ Ընդ որում, եկեղեցու ամբողջ գույքի տիրակալ է համարվում Կաթողիկոսը։

Հակակաթողիկոսական արշավում վարչապետի տիկինը ուղիղ էր հարցրել, իր ձևակերպմամբ, «երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզին». «Շվեյցարիայում՝ ի՞նչ եք անում, ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք՝ հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն»։

Գարեգին Բ Կաթողիկոսը հրաժարվում է Հայ եկեղեցուգույքի անշարժ գույքի իրավունքը փոխանցել այն երկրների կառավարություններին, որտեղ գույքը գտնվում է, այդ թվում Հայաստանին։ Այդ իրավունքը Եկեղեցուց խլելու համար պետք է փոխել Կաթողիկասին և այդ պաշտոնում նշանակելմեկին, ով առաջին կարգադրությամբ կհրաժարվի սեփականության իրավունքից՝ Արցախում, Բաքվում, Նախիջևանում, Պոլսում, Երուսաղեմում։

Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ “նոր բարձրունքներ” հոգևորականների դեմ պատերազմում

Քննչական կոմիտեն փակել է դռները փաստաբանների դիմաց, որոնք այստեղ են շտապել քահանաների պաշտպանության գործում ներգրավվելու համար։ «Վերջին 20 տարում սա աննախադեպ իրավիճակ է, նման բան չի եղել, երբ մենք նույնիսկ ընդհանուր բաժին չենք կարողանում մուտք գործել ու ներգրավելու վերաբերյալ դիմում ներկայացնել»,-ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Տեղեկացանք, որ հոգևորականները հիմա վկայի կարգավիճակում են»,-ասաց Ֆարմանյանը։

«Մի քանի ժամ է մենք Մկրտիչ սրբազանի գտնվելու տեղի մասին տեղյակ չենք»,-ասաց փաստաբանը։

Չի բացառվում, քանի որ “իրավապաշտպանությունը” Հայաստանում նոր բարձրունքների է հասել։ Պարզվել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Այս մասին նշեց «Իրզաեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրանք “ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Տեր Արամն իր խոսքում նշել է 2021-ին հավաքներին մասնակցելուն պարտադրելու մասին”:

“Այսօր էլ, որ ձերբակալությունները սկսեցին, մենք չգիտեինք, որ դա մեր հաղթրդման հիման վրա է, ընթացքում հասկացանք,- ասաց Իոաննիսյանը:

“Դանիել Իոաննիսյան, երբ հաղորդում ես ներկայացնում հոգևորականների դեմ, չես հետևո՞ւմ քո տված հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին, թե ինչու են հոգևորականներին զրկում պաշտպանության իրավունքից, փատաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել Քննչական կոմիտե կամ հայտնի չէ, թե ուր են տարել Արագածոտնի թեմի առաջնորդին, փաստաբանները նրա տեղը չգիտեն”։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են. ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայոց Եկեղեցու դեմ հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու սադրիչ, անհիմն մեղադրանքներով, գրել է Թաթոյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Բադալյանը  քննադատել է այն տպավորություն ստեղծելու փորձը, թե Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են Ադրբեջանի ցուցումով։

«Եթե նրանք շարունակում են մնալ հոգևորական և դրա քողի ներքո երկրի ներսում դավեր են նյութում, ապա նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», – ընդգծել է պատգամավորը։

Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանը՝ Կաթողիկոս Գարեգին Երկրորդի քրոջ որդին է։ Կա՞ արդյոք վտանգ, որ զարմիկին “պատանդ” կվերցնեն՝ Կաթողիկոսին հրաժարականի մղելու համար։  

Մոսկվան և Անկարան չեղյա՞լ են հայտարարել Կարսի պայմանագիրը

Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը սկսվել է Ռուսաստանի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը երեքշաբթի օրը կայացած Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ։ Նա հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում 2022 թվականի հունվարին։

Գալուզինը նաև նշել է, որ Ռուսաստանի առաջարկը՝ հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, մնում է ուժի մեջ։

«Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները», – նշել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նշանակալի և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։ Իր հերթին, Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նույնպես նշել է ռուսական դիվանագիտության ներդրումը կարգավորման գործընթացում՝ այն անվանելով «հատուկ»։

Ռուսաստանը և Թուրքիան, կարծես թե, չեն հայտարարել 2021 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի չեղարկման մասին: Ավելին, Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի առթիվ Էրդողանը պայմանագրի պատճենը նվիրեց այն ժամանակվա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին Մոսկվայում (նկարում): Մեդվեդևը պատասխանեց նվերով և վերահաստատեց Ռուսաստանի հավատարմությունը պայմանագրին։

2011 թվականին Էրդողանը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ դիրքորոշումը կշարունակի ամրապնդվել համատեղ քայլերի շնորհիվ: Նա նշանակալի անվանեց մարտի 16-ի ամսաթիվը: «90 տարի առաջ այս օրը ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագիրը (երկու երկրների կառավարություններն ճանաչված չէին միջազգային հանրության կողմից – խմբ.): Այս փաստաթուղթը դարձավ շրջադարձային պահ մեր պատմության մեջ: Մոսկվայի պայմանագրի շնորհիվ ճանաչվեցին մեր արևելյան սահմանները, իսկ Լոզանի պայմանագրի շնորհիվ՝ մեր արևմտյան սահմանները: Հետևաբար, Մոսկվայի պայմանագիրը շատ կարևոր իրավական փաստաթուղթ է, որը մեծ նշանակություն ունի մեզ համար միջազգային տեսանկյունից: Այս պայմանագիրը դրեց մեր բարեկամության և մեր գործընկերության հիմքերը: Եվ ես կցանկանայի այս պայմանագրի պատճենը նվիրել իմ սիրելի բարեկամ պարոն Մեդվեդևին», – ասաց Էրդողանը:

Մինչև 2021 թվականը պայմանագիրը կամ պետք է երկարաձգվեր ևս 25 տարով, կամ չեղյալ հայտարարվեր։  Սակայն Թուրքիան ու Ռուսաստանը կրկին համաձայնության եկան՝ արդեն նոր սահմանների և Հայաստանը վերացնելու շուրջ։ 2020 թվականի ընդդեմ Հայաստանի պատերազմը Արցախում այս համաձայնության առաջին փուլն էր։ Արցախի օկուպացիան, ռուսական զորքերի մուտքը և Ակնայում ռուս-թուրքական կենտրոնի ստեղծումը պետք է կանխեին Հայաստանի և այն ուժերի դիմադրությունը, որոնք չեն ճանաչում Կարսի պայմանագիրը և տարածաշրջանի ռուս-թուրքական բաժանումը։ Սակայն Հայաստանի կառավարությունն ամեն ինչ «ճիշտ» արեց՝ ոչ մի դիմադրություն։

Էրդողանը պատրաստվում է փոխել Թուրքիայի Սահմանադրությունը 2028 թվականին և հռչակել հանրապետություն ներկայիս սահմաններում՝ ինքնահռչակման հիման վրա՝ առանց Լոզանի և Կարսի պայմանագրերի։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Ալմա-Աթայի հռչակագրի» վերաբերյալ, Կարսի պայմանագրի մասին հիշատակելու տաբուն, անագե քարտեզը 29,800 քառակուսի մետր մակերեսով (սահմանված Կարսի անօրինական պայմանագրով)՝ առանց Արցախի, Նախիջևանի, Կարսի և Արարատի, Չորրորդ հանրապետություն կոչվածը՝ Հայաստանի կառավարության տուրքն է ռուս-թուրքական դավադրությանը։

1989 թվականին Հայաստանը փորձեց խզել այս 100-ամյա դավադրությունը՝ հայտարարելով Հայաստանի և Արցախի վերամիավորման և անկախ պետություն ստեղծելու մասին: Չորս տարի շարունակ Հայաստանը պաշտպանեց այս իրավունքը արյունալի պատերազմում, և միջազգային հանրությունը աջակցեց դրան: Միացյալ Նահանգները ընդունեց 907-րդ բանաձևը, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը, արգելեց զենքի վաճառքը հակամարտող երկրներին, 30 տարի նպաստեց բանակցություններին և երբեք կասկածի տակ չդրեց 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը։

Այժմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրով-Կալանտարովի տեղակալը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցմանը և դառնալ հարթակ Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համար:

Կան բոլոր հիմքերը հավատալու, որ հենց այդպես էլ կլինի, հաշվի առնելով, որ Պուտինը և Թրամփը ձեռք ձեռքի տված կառուցում են նոր աշխարհակարգ՝ առանց Հայաստանի և մի շարք այլ երկրների: Դրանից հետո Թուրքիան և Ռուսաստանը կարող են չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը:

Պատմություններ. ինչպես է Կապանը դարձել Արցախի փոքրիկ շարունակություն

2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափման ժամանակ Յուրիկն ու Բախշին նույնպես ստիպված եղան թողնել իրենց գյուղն ու այն ամենը, ինչ տարիներով կերտել էին։

Յուրիկը նախ գնաց Երևան՝ բարեկամների մոտ։ Մի քանի շաբաթ անց հասկացավ՝ մեծ քաղաքի աղմուկը, վարձերը և անծանոթ միջավայրը իրենը չեն։ Որոշեց գա Կապան, որտեղ եւ բարեկամ կար, եւ այն եզակի վայրերից է, որ հիշեցնում է Արցախը։ Կապանը, իր լեռներով ու բնությամբ, շատ նման է Արցախին։ Ահա թե ինչու այս վայրն իրենց համար դարձավ մի փոքրիկ շարունակություն Արցախի։

«Դուր գալու առաջին կետը մեր բարբառն էր․ էստեղ մարդիկ մեր պես են խոսում, լրիվ հասկանում ենք իրար։ Չենք «թարգմանոմ» լեզուն։ Մի քանի բառ կա, որ տարբեր ենք ասում, բայց մերն է, մեր շունչն ունի», – ասում է Յուրիկը։

Բախշին, ով տեղահանվել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից, Յուրիկի հետ նույն շինարարության վրա են աշխատում, այդպես են ծանոթացել, չնայած երկուսն էլ ապրում էին Մարտունու շրջանում։

Բախշին տրակտորիստ է եւ հողի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Ասում է՝ Կապանի բնությունը, որքան էլ հարազատ թվա, չի կարող փոխարինել հայրենի գյուղի դաշտերին։

«Շատ նման ա, բայց մեր բնությունը ոսկի էր։ Հողին դիպչում էիր՝ ոսկի էր դուրս գալիս։ Այստեղ չես զգում նույնը»։

Յուրիկը տարիներ շարունակ զբաղվել է գյուղատնտեսությամբ։ «Անասնապահություն, այգեգործություն՝ խաղողի մշակություն։ Իսկ հիմա չեմ կարող անգամ տաս արխ անել։ Գյուղում կուզեի ապրել, բայց երեխաները քաղաք են ուզում», – պատմում է նա։

Ամենից շատ կարոտում է իր խաղողի տեսակը․ «Կարդինալը չկա՝ ոչ դեղին է, ոչ կարմիր։ Իմ սրտի խաղողը չեմ գտնում»։

Բախշին, որը սեփական մեծ ագյու փոխարեն հիմա մի քանի քառակուսի մետր վարձակալած բնակարանում է ապրում, նեղությունների մոտ նշում է նաեւ դրական կողմերը՝ «Մի քանի ամսվա մեջ ոսկի հարևաններ ենք ձեռք բերել»։

Բախշին սկզբում ապրում էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, կատակում է՝ «տրակտորով ձուկ բռնել չի լինի»,- դրա համար տեղափոխվեց այնտեղ, որտեղ իր միակ հարստությունը՝ տրակտորը կարող է գումար աշխատել եւ ապրուստ ապահովել։

Նրանք այժմ վարձով են ապրում։ Տան վարձը 40-180 հազար դրամ է։ «Մենք 40 են տալիս, բայց տունը, որտեղ ապրում ենք՝ ամբողջությամբ դատարկ էր, ստիպված էնք ամեն ինչ գնել, միակ բանը, որ օգնություն ենք ստացել՝ լվացքի մեքենան է»,- ասում է Բախշին։

Տուն ունենալը երազանք է դարձել, իսկ հայրական տանն ապրելը՝ աղոթքի պես մի բան։ Հիմա սպասում են բնակարանային ծրագրերի իրականացմանը, Բախշին որոշել է՝ հենց Կապանում էլ կապրի, մինչեւ մի օր տան ճամփան բացվի, իսկ Յուրիկի երեխաները քաղաքում են ուզում ապրեն, որ աշխատեն։

Սակայն երկուսն էլ գիտեն՝ սիրտը մնում է այնտեղ, որտեղ գերեզմաններն են։ «Բոլորն էլ ուզում են իրենց ծննդավայրում ամփոփվեն։ Մենք էլ արդեն այն տարիքին ենք, որ գերեզմանի մասին ենք մտածում՝ անտեր թողած մեր գերեզմանների, որտեղ նաեւ մենք պետք է ամփոփվեինք», -ասում է Բախշին։

Յուրիկը լրացնում է՝ առանց ավել բառերի․ «53 տարի ապրել եմ այնտեղ։ Ասեմ ի՞նչը չեմ կարոտում՝ ամեն ինչ էլ կարոտում եմ»։

Հիմա նրանք շարունակում են ապրել Կապանում՝ Արցախին շատ մոտ։ Վստահ են, եթե տան դուռը բացվի, բոլորը ոտաբոբիկ են վազելու։

Մարիամ Սարգսյան

Հոգևորական է ձերբակալվել

«Ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին այս պահին ուղեկցում են Քննչական կոմիտե», – «Ազատությանը» փոխանցեց Մայր Աթոռի խոսնակ տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություներն ու խուզարկությունները դիտարկում է իշխանություն- եկեղեցի հակամարտության շրջանակում:

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Վեհափառի քրոջ որդին է:

Թրամփ. Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ։ Դեռ ժամանակը չէ ավարտել ուկրաինական պատերազմը

«Լսե՛ք, ես շատ հիասթափված եմ, քանի որ Վլադիմիրի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք, հավանաբար, դեռ ունենք դրանք։ Նա պետք է կարգավորի այս պատերազմը։ Գիտեք, հենց հիմա Ռուսաստանում մարդիկ երկար հերթերում են կանգնած բենզինի համար։ <…> Եվ հանկարծ նրա տնտեսությունը կարող է փլուզվել», – ասաց Թրամփը։

Ուկրաինան շարունակում է հարձակվել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա, ինչն արդեն որոշակիորեն բենզինի պակաս է առաջացրել երկրում։ Սակայն, կարծես թե Ռուսաստանի եկամուտները կոմպեսացվում են ոսկու գների աննախադեպ աճով։

Դոնալդը, որը լավ հարաբերություններ ունի Վլադիմիրի հետ, պնդում է Ռուսաստանի դեմ տնտեսական, այլ ոչ թե ռազմական պատժամիջոցների վրա, Մոսկվան էլ լուռ շարունակում է իր ռազմական հարձակումը և կարող է ընդլայնել օկուպացիոն գոտին։

Երեկ Խարկովի մարզում ընդլայնվել է երեխաներ ունեցող ընտանիքների պարտադիր տարհանման գոտին։ Այս որոշումը կայացվել է Կուպյանսկի շրջանում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։ Ռուսաստանը ակտիվորեն փորձում է գրավել Կուպյանսկը, և բնակիչների տարհանումը վկայում է իրավիճակի լրջության մասին։

Ռուսաստանը, ըստ երևույթին, պատրաստվում է նաև Օդեսայի վրա հարձակման։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Օդեսայում կստեղծվի քաղաքային ռազմական վարչակազմ։

Ռուսաստանի կողմից գրավված տարածքը դեռևս բավարար չէ Թրամփի համար՝ Ուկրաինայում «խաղաղություն բերելու» գործողություն սկսելու համար։ Անհրաժեշտ է լայնածավալ պատերազմ Եվրոպայում։ Թրամփը պատրաստվում է Ուկրաինային հանձնել «Տոմահավկ» հրթիռները, որոնց Ռուսաստանը կարող է պատասխանել միայն մարտավարական միջուկային հարվածով, օգտագործելով այն, բնականաբար, ոչ թե Ամերիկայի, այլ Եվրոպայի ուղղությամբ։

Եվրոպան ակտիվորեն դեմ է արտահայտում Ուկրաինայի տարածքի օկուպացիայի ճանաչմանը, հասկանալով, որ դա կբերի Եվրոպայում տարածքային բալանսի փլուզմանը։ Սակայն բոլորը հասկանում են, որ «Տոմահավկ»-ների օգտագործումը կհանգեցնի ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի։

Ցանկացած ելք Եվրոպայի համար հղի է մեծ տուրբուլենտությամբ, և Թրամփն ու Պուտինը ամեն քայլով բերում են դրան։

Դատարանը հետաձգեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննարկումը

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց։ Դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Շուրջ 8 ժամ տևեց Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։ Դատարանի բակում էին շարունակում մնալ հազարավոր քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Նա 122 օր է բանտում է։

Հայաստանը պարտվեց Իռլանդային 0։1 հաշվով և զրկվեց մի խաղացողից

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում պարտվեց Իռլանդիայի հավաքականին 0:1 հաշվով։

52-րդ րոպեին վիճաբանությունում մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ Հայաստանի հավաքականի ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Գոլի հեղինակ 70-րդ րոպեին դարձավ «Ռոմայի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։