Սուրբ լեռան մետաֆիզիկան. հայացք Արարատին Վենետիկում

Елена Шуваева-Петросян

Վերջերս այցելեցի Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահ և Վերածննդի մեծ գլուխգործոցների շարքում հայտնաբերեցի մի ցնցող նկար՝ Վիտտորե Կարպաչչոյի «Արարարատ լեռան տասը հազար նահատակների խաչելությունն ու ապոթեոզը» (1515թ.):

Սյուժեն հիմնված է Արարատ լեռան վրա իրենց հավատքից չհրաժարվելու համար խաչված տասը հազար նահատակների մասին քրիստոնեական լեգենդի վրա: Ներքևում ներկայացված են տառապանքի, լարված կերպարների, դինամիզմի և ցավի տեսարաններ: Վերևում՝ լույս, հրեշտակներ և հոգևոր հաղթանակի զգացում:

Երկրային ողբերգությունը միավորված է երկնային հաղթանակի՝ ապոթեոզի հետ:

Հետաքրքիր է, որ նկարում Արարատը չի պատկերվում որպես այսօր մեզ հայտնի իրական հրաբխային զանգված: Եվ սա պատահականություն չէ…

https://www.facebook.com/reel/2015834678995494

Ձևավորվել է Արցախի «Հանրային խորհուրդ»

Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագրով ձևավորվել է խորհրդակցական մարմին
2026 թվականի փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագրով ձևավորվել է «Հանրային խորհուրդ» խորհրդակցական մարմին։
Խորհրդի կանոնադրությունը հաստատվել է համապատասխան ընթացակարգով։
Խորհրդի նախագահ է նշանակվել Գեորգի Միքայելի Պետրոսյանը։

ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Factor TV-ի հետ հարցազրույցում Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել ընկերության պետականացման գործընթացից:

«Բանակցությունները որպես այդպիսին, կարծես թե ոչ կայացան, ոչ էլ առհասարակ տեղի ունեցան, բայց օրենքով սահմանված ընթացակարգերին համաձայն, լիցենզիայից զրկելուց, լիցենզիան կասեցնելուց երեք ամիս օրացուցային ժամկետ էր սահմանված»,- ասել է նա՝ անդրադառնալով «Տաշիր Կապիտալ»-ի հետ քննարկումների մասին հարցին։

Փետրվարի 21-ը վերջնաժամկետ էր, երբ կառավարությունը պետք է առաջարկ աներ, բանակցեր, և գործարքի արդյունքում ընկերության 100% բաժնետոմսերն անցնեին պետությանը․ «Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով, ժամկետների պահպանմամբ, կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը, մասնավորապես, ի դեմս կառավարության, պաշտոնական այդ առաջարկն արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը, որպես հանրային գերակա շահ, պետք է ճանաչի տվյալ մեր ընկերության 100% բաժնետոմսերը և, փոխհատուցման վճարումից հետո պետականացվի 100%-ով։ Գործընթացը թևակոխել է այդ փուլ»։

ՀԷՑ-ի արժեքի և կառավարության առաջարկած գնի վերաբերյալ Պետրոսյանը հրաժարվել է թիվ հնչեցնել՝ ընդգծելով՝ քանի որ դա որոշակի լեգալ գործընթացների, նաև գնագոյացման կառուցվածքի, իրավակարգավորումների, այդ թվում նաև սահմանադրական նորմերի, օրենսդրական նորմերի խիստ պահպանմամբ իրավական գործընթաց է, ու այս պահին կոնֆիդենցիալ է համարվում։

Ալիև․ “Թշնամին միշտ պետք է վախենա մեզնից, ինչպես այսօր է վախենում”

2026թ. փետրվարի 26-ին՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի օրը, Իլհամ Ալիևն, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության հինավուրց հայկական բնակավայրում՝ Իվանյանում, մասնավորապես, հայտարարել է. «…թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում։ Հենց այդ վախի շնորհիվ է, որ ադրբեջանական ժողովուրդն այսօր ապրում է խաղաղության մեջ»:

Ահա սա՛ է ադրբեջանցիների՝ կովկասյան թաթարների, պատկերացրած իրական խաղաղությունը:

Մեջբերվածից հետևում է, որ՝

  • հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր 1936 թվականից հորջորջվում են «ադրբեջանցիներ» անունով, համատեղ գոյակցությունն առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ:
  • հայկական պետականությանը սպառնացող արտաքին վտանգների շարքում առաջնակարգ տեղ զբաղեցնող «Ադրբեջան» անունով արհեստական, կեղծ կազմավորման գոյությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար:
  • Հայաստանում պետք է ձևավորվի արհեստավարժ, ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմ, որն իր արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից մեկը պետք է դարձնի տեսանելի ապագայում Արցախի Հանրապետության դեօկուպացիային նպաստելու միջոցով Ադրբեջանին ստրատեգիական պարտության մատնելն ու Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ էթնիկ հանրույթների պետականության վերականգնմանն ու ստեղծմանը նպաստելը բոլոր հնարավոր միջոցներով՝ այդպիսով հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզից վերացնելով «Ադրբեջան» անունով կեղծ, արհեստական կազմավորումն ու բացառելով տեսանելի ապագայում Հայաստան պետությանն արևելքից սպառնացող վտանգը:
  • հաշվի առնելով Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է մոտավորապես 108 տարի, աներկբա կերպով կարող ենք պնդել, որ հայկական պետականության հետագա գոյությունը շարունակելու է մնալ լրջագույն սպառնալիքի տակ, իսկ մի օր այն կարող է պարզապես դադարել, և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայությունը կրկին ենթարկվել թուրքադրբեջանական ցեղասպանության:
  • Արցախի Հանրապետության դեօկուպացիան և այնտեղ հայկական իշխանության վերահաստատումը հրամայական անհրաժեշտություն է:
  • մենք պետք է մշտապես բարձրացրած պահենք մեր ձեռքը թշնամու գլխին: Իսկ թշնամու գլխին բարձրացված ձեռքը պետք է հարվածի մահացու: Սա՛ է ժամանակի քննությունը բռնած, անառարկելի ճշմարտությունը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ  

 

Քուվեյթը սխալմամբ խոցել է երեք ամերիկյան ռազմական ինքնաթիռ

Մարտի 1-ի երեկոյան, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ խոցել են երեք ամերիկյան F-15E կործանիչներ։
Անձնակազմի բոլոր վեց անդամները տարհանվել են և ներկայումս գտնվում են կայուն վիճակում։

Կենտկոմի տվյալներով՝ միջադեպի պատճառը հետաքննվում է։

Ավելի վաղ հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում էր այրվող ինքնաթիռը և անձնակազմի անդամներից մեկը պարաշյուտով ցատկում էր, իսկ Քուվեյթի զինվորականները հայտնել էին «մի քանի» ամերիկյան կործանիչների կործանման մասին։

Իրանի դեսպանը զգուշացրել է Հայաստանին

Որոշ ուժեր հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ, ուստի պատերազմի հետևանքով Իրանի թուլացումը չի բխում Հայաստանի շահերից։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի նկատմամբ հավակնություններ կան, չնայած մոխրի տակ կրակի պես ծխացող են, բայց դեռևս գոյություն ունեն», – ասել է Շիրգոլամին։ Նա հավելել է, որ Իրանը աջակցում է ուժեղ Հայաստանին։

Իրանի դեսպանի խոսքերը կարելի է մեկնաբանել որպես հավաստիացում, որ Իրանը կկատարի հայ-իրանական «համաձայնագրի» իր մասը, քանի դեռ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները։ Այլ կերպ ասած՝ Իրանը թույլ չի տա փոփել Հայաստանի սահմանները, քանի դեռ Հայաստանը պահպանում է «չեզոքություն»։

Իրանը չի արձագանքել Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին» Հայաստանի մասնակցությանը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից ընդամենը մի քանի օր առաջ։

Իրանի դեսպանի մամուլի ասուլիսը հնչել է գրեթե միաժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որը ցավակցություն է հայտնել Իրանում մարդկային կորուստների կապակցությամբ՝ մասնավորապես հիշատակելով հանգուցյալ այաթոլլահ Ալի Խամենեիին։

Փաշինյանը չի դատապարտել Իրանի վրա հարձակումը, բայց խաղաղություն և բարգավաճում է մաղթել տարածաշրջանին։

Այն, որ Իրանի ժողովուրդը կընդվզի իր իշխանության դեմ, ցնորք էր

«Այս ագրեսիան ու պատերազմը, որը մեզ պարտադրվել է, սրա նկատմամբ քննադատող ու վճռական վերաբերմունք պետք է հայտնի միջազգային հանրությունը։ Նրանք պետք է կանգնեն ագրեսիայի ենթարկվածի ու զոհի կողքին։ Մենք կարող ենք ինքներս կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը, կարիք չունենք, որ որեւէ մեկը գա ու պատերազմի մեզ համար։ Սակայն մեր գործընկերների համագործակցությունը եւ աջակցությունն այս հարցում մեզ համար կարեւոր է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա նշեց․ «Այս ապատերազմն Իրանի լինել-չլինելու մասին է։ Եվ այն բոլոր ուժերը, որոնք աջակցում եւ որեւէ կերպ համագործացկում են Իրանի դեմ ագրեսիա իրականացրած պետության հետ, այդ ուժերի հետ դիմադրության հարցում մենք կարմիր գիծ չունենք»։

Դեսպանի խոսքով՝ Իրանում իշխանության վակուում չի ձեւավորվել, եւ Իրանի Իսլամական պետության պահապանների խորհուրդը շարունակում է այս անցումային ժամանակավոր շրջանում երկրի կառավարումը։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ դեսպանն ասաց, որ այն դիվերսիֆիկացիայի է ենթարկվում, սա ՀՀ անկախ եւ ինքնիշխան որոշումն է, որն Իրանը հարգում է։ «Կարծում եմ՝ հայ-իրանական համագործակցության եւ հարաբերությունների խորքը մեզ պարտավորեցնում է անկախ այն բանից, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետությունը, մեր համագործակցությունը եւ փոխգործակցությունը շարունակվի։ Մենք վստահ ենք, որ այս տարածաշրջանում թե ռազմական, թե տնտեսական, թե ինքնության տեսակետից ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաեւ Իրանի ազգային երազանքները եւ ձգտումները։ Եվ մենք հույս ունենք, որ այն համագործակցային շրջանակները, որոնք ունենք Հայաստանի հետ, այս պատերազմի հետեւանքով որեւէ վնաս չեն կրի»,- հավելեց նա։

Խալիլ Շիրղոլամին հավելեց․ «Բարեկամ եւ հարեւան Հայաստանի անվտանգությունը մեզ համար կարեւոր է, եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»։

Հենց այսօր Կապանում Իրանի գլխավոր հիպատոսը, ով գտնվում էր սահմանին, մեզ հավաստիացրեց, որ բեռնատարների, ինչպես նաև ապրանքների  շարժը բնականոն կերպով տեղի է ունենում։ Իրանի ընկերությունները նաև ներգրավված են Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային մի շարք պրոյեկտներում, և մենք հուսով ենք, որ այս պատերազմի հետևանքով այն համագործակցային շրջանակները, որոնք մենք ունենք Հայաստանի հետ, որևէ վնաս չկրեն»,– ընդգծեռց դեսպանը։

Մենք իրապես չգիտենք, թե այս ագրեսիան ինչքան կտևի, սակայն Իրանը և Իրանի ժողովուրդը պատրաստ են իրացնել իրենց օրինական պաշտպանության իրավունքը, որը նրանց տրվել է ՄԱԿ-ի 51-րդ կոնվենցիայի շրջանակներում։ Այն երևակայական տեսլականը, որը ստեղծվել էր սոցիալական ցանցերում այն մասին, որ եթե Ամերիկան և Իսրայելը հարձակվեն Իրանի վրա, ապա Իրանի ժողովուրդը կընդվզի իր իշխանության և կառավարության դեմ և կտապալի իշխանությունը, իրապես պարզվեց, որ միայն ցնորք էին և միֆ։ Այսօր Թրամփը քնից զարթնեց և հասկացավ, որ դրանք իրականում ոչ այլ ինչ էին, քան միֆ։

Իրանը 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող պետություն է և այս ամբողջ պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է օտարների հարձակմանը, սակայն մշտապես ապացուցել է, որ նմանօրինակ ցանկացած հարձակման պարագայում իր արյան և իր կյանքի գնով պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր հայրենիքը։ Վերջին ագրեսիայի պարագայում ևս մենք տեսնում ենք, որ այս գաղափարը լիովին գործում է»,– հայտարարեց դեսպանը։

Պատկերացրեք՝ վաղը 50 հազար, 100 հազար փախստական Իրանից գալիս են Հայաստան

«Մենք պետք է ունենանք ռեզերվային պլանավորում։ Պատկերացրեք՝ վաղը 50 հազար, 100 հազար փախստական Իրանից գալիս են Հայաստան, այս իշխանությունները ծրագիր ու կարողություն ունե՞ն։ Որ արցախցիները եկան, պատրա՞ստ էին, թե՞ միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Իրանում հայեր կան, տարհանման ծրագիր ունե՞ն այս իշխանությունները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ Իրանում իրենց կուսակիցների հետ չեն կարողանում կապվել, ինտերնետ կապ չկա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ ամեն դեպքում ՀՀ զինված ուժերը պետք է պատրաստության բարձր մակարդակի բերվեն։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե ինչո՞ւ են որոշ ուժեր փորձում Հայաստանը եւս ներքաշել պատերազմի մեջ, Արթուր Խաչատրյանը հարցադրում արեց․ «Այսինքն՝ երբ ասում ենք՝ Իրանում հայեր կան, որոնք օգնության կարիք կարող են ունենալ, նշանակում է՝ պատերա՞զմ ենք ուզում սկսել»։

Հարցին՝ եթե այս պատերազմը շարունակվի, ՀՀ համար ի՞նչ վտանգ ու սպառնալիք կա, պատգամավորը պատասխանեց․ «Եթե սահմանը երկար ժամանակ Իրանի հետ փակ լինի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Իրանը մեր հիմնական առեւտրային ուղիներից մեկն է։ Առնվազն պետք է իմանաս՝ եթե վաղը ճանապարհը փակվեց, ի՞նչ ես անելու։ Դրան գումարվում է օդային փոխադրումների խաթարումը՝ Հարավից եւ Արեւելքից։ Մյուսը վտանգը, կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կարողանալ կառավարել։ Պատերազմ է, չգիտես՝ ինչ կարող է լինել»։

Նա ասաց, որ նախորդ փորձերը ցույց են տալիս՝ իշխանություններն այս սցենարներին պատրաստ չեն․ «Այս իշխանության գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ ունեմ, հիմա իրենք կուկուռուզ ու պեռաշկի են ուտում՝ ցույց տալու համար, որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարծում»։

Արցախի իշխանությունները հանդիպել են Մասիսում հաստատված արցախցիների հետ

Արցախի իշխանությունները հանդիպել են Մասիսում հաստատված արցախցիների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակարանային, աշխատանքային, սոցիալական խնդիրներ, հայտնում է Ապառաժը։

Դեռ պատրաստ չէ նոր Սահմանադրության նախաբանը․ Գալյան

«Մարտին կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը։ Ես միշտ ասել եմ՝ տեքստը կհրապարակվի մարտ ամսին, տեքստը գրեթե պատրաստ է, մենք պետք է նաեւ սկսենք խմբակցության մեր գործընկերների հետ։ Այնուհետեւ որոշում կկայացվի հրապարակել տեքստը, բայց պետք է նկատի ունենալ, որ տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ ստացվեն տեքստի փոփոխության հետ կապված։ Այսինքն՝ մենք բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ, տեքստը լինելու է խիստ նախնական, քննարկելի, որպեսզի մեր հանրությունը ծանոթանա եւ ներկայացնի իր կարծիքը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին, թե որ դրույթները դեռ պատրաստ չեն, նախարարը պատասխանեց․ «Դեռ պատրաստ չէ նոր Սահմանադրության նախաբանը, առաջին գլուխը, իսկ երկրորդ եւ երրորդ գլուխները միավորվել են։ Պատրաստ չէ եւ դեռ չի քննարկվել Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ հոդվածը, կառավարության գլխի հետ կապված որոշակի դրույթներ դեռեւս չեն քննարկվել»։

Հարցին, թե Անկախության հռչակարգի հետ կապված ի՞նչ որոշում է կայացվել, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Դեռ չենք որոշել, ամեն դեպքում սա մի հարց է, որը շատ երկար քննարկել ենք»։ Հարցին՝ Անկախության հռչակագրի հղումը հանվելո՞ւ է Սահմանադրության նախաբանից, նախարարը պատասխանեց․ «Հիմա ես ձեզ չեմ պատասխանի, երբ որոշում կկայացվի, գնալ այդ ճանապարհով, կասենք։ Որոշումը խորհուրդն է ընդունում, խորհրդում այդ հարցը դեռ չի քննարկվել»։

Նա հավելեց՝ իր ղեկավարած նախարարությունը միշտ այն բանի կողմնակիցն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը երբեւէ վտանգի չենթարկվեն։

Բանակում գրանցվող մահերն միանշանակ մեզ անհանգստացնում են․ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բանակում գրանցվող մահերին։

«Միանշանակ, դա մեզ անհանգստացնում է եւ շատ շատ է անհագստացնում։ Յուրաքանչյուր հանցագործության դեպք եւ առավել եւս զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում եւ մտահոգությունների տեղիք է տալիս, նաեւ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու մասին է խոսում։ Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր նման դեպքով կատարվում է քննություն, մենք կարծում ենք, որ լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում ծնող պատճառներ, նպաստող պայմաններ ի հայտ կբերվեն»,- ասաց նա։

Արման Սարգսյանը նշեց, որ բանակում մահերի թիվը չի ավելացել, հարցերին ի պատասխան ասաց, որ մեկ ամսում մի քանի մահվան դեպք չի գրանցվում, ինչպես լրագորողներն են նշում։ «Բայց նույնիսկ մեկ դեպքը մենք համարում ենք շատ ցավալի եւ պետք է ձեռնարկենք միջոցներ, որպեսզի իսպառ վերացնենք կամ առնվազն նվազեցնենք։ Երբ նախորդ անգամ  ի պատասխան մեր պատգամավոր գործընկերների հարցերի՝ ասացի, որ դրական տեղաշարժ ունենք, ես նկատի ունեի հանցագործությունների կամ մահվան դեպքերի դինամիկան։ Չի ավելացել, ավելին, նախորդ տարի մենք ամփոփել ենք նվազումով, թեեւ դա բացարձակապես մեզ հանգստանալու առիթ չի տալիս»,- նշեց նա։

Բանակում մահվան դեպքերից մեկով տեղեկություն կա, որ զինծառայողը ճնշումների է ենթարկվել, ինչի հետեւանքով սպանել է ծառայակցին։ Անդրադառնալով այս հարցին՝ փոխնախարարն ասաց․ «Դեպքի հետ կապված որեւէ հանգամանք չեմ կարող բարձրաձայնել, որովհետեւ քրեական վարույթ է նախաձեռնված, եւ վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտա»։

Գայլյան․ Իսկ ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է

«Հայաստանում խաղաղություն է, եւ խնդրում եմ այդ տրամաբանությամբ գնահատեք իրողությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Դիտակմանը, որ տարածաշրջանում պատերազմ է, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը ՔՊ-ի քարոզարշավն է իրականացնում, Արման Սարգսյանը պատասխանեց․ «Երեւի թե դուք ուշադիր չեք եղել՝ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, եւ, բնականաբար, պատկան մարմինները մտահոգությունները փարատելու համար աշխատում են։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է, եւ ցանկանում եմ, որ մենք այս իրողությունը հաշվի առնելով՝ շարժվենք առաջ»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ լրագրողների հարցադրումներին ի պատասխան ասաց․ «Կներեք, իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Ինչն է խանգարում քարոզարշավ անել, եթե այս պահին Անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է շեղվել ներքին օրակարգից եւ ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է»։