Հիմա մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում, ո՞վ է շահելու դրանից

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ինչո՞ւ է արցախցիների վերադարձի իրավունքը հավասարեցնում այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» կեղծ հարցին։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կատարում քայլեր, որոնք պետք է բխեն ՀՀ, Արցախի ու հայ ժողովրդի շահերից։ Արցախում տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, եւ ՀՀ իշխանությունները Ադրբեջանին միջազգային դատական ատյաններում պատասխանատվության կանչելու փոխարեն փորձում են կոծկել այդ հանցագործությունները։

«Մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է։ Եվ այն, ինչ դուք ասում եք, այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփն առած՝ ընկնենք դռնեդուռ եւ մեծ ու փոքր տերությունների առաջ, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում, լաց ու կոծով զբաղվենք, որը կբերի նրան, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար։ Եվ միակ սուբյեկտը, որը մեզ չի օգտագործի սեփական նպատակների համար, էդ կլինենք մենք։ Այսինքն՝ այն ճանապարհը, որը դուք ասում եք, դա հայ ժողովրդի եւ Հայաստանի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության եւ դիվանագիտական խաղերի մեջ։

Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք եւ հետեւություններ անենք, որովհետեւ դա մի ճանապարհ է, որը հայ ժողովրդին հարատեւությամբ դատապարտում է նահատակի եւ գոյատեւողի ճակատագրի։ Ես նախկինում էլ ասել եմ, որ մեր կառավարության եւ իմ առաքելությունն այն է, որ հայ ժողովրդին նահատակ դարձնելու տրամաբանությունից դուրս բերենք։ Եվ մենք այսօր հասել ենք դրան բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով։

Չկան թշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կա պետություն իր շահերով, եւ մենք պետք է գնանք այդ պետության շահերի հետեւից։ Հիմա մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում, ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է։ Դուք գիտե՞ք՝ ինչ եք ասում, ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովրդի մնացած մասերի նման հավիտյան դատապարտենք պանդուխտի կարգավիճակի, որ էդ մարդիկ չիմանան՝ ի վերջո իրենք, իրենց թոռները, իրենց ծոռները որտե՞ղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա։ Ես ասում եմ՝ այո, կա հասցե եւ այդ հասցեն Հայաստանի Հանրապետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով։ Մնացածը, ինչ դուք ասում եք, ճանապարհ է, որը, ես՝ որպես ՀՀ վարչապետ, ուղիղ ասում եմ՝ հազիվ այդ գործից մենք ազատվել ենք»,- ասաց Փաշինյանը։

Դիտարկմանը, որ արցախցիների վերադարձի իրավունքը  միջազգայնորեն ամրագրված իրավունք է, Արդարադատության միաջզգային դատարանն այդ մասին որոշում ունի, ինչո՞ւ է ինքը փակում այդ հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Շատ լավ, մենք տեսանք՝ այդ միջազգայնորեն գրված ու արձանագրված իրավունքները, որոնք տոնում ենք համազգային մակարդակով, ուրախանում, բայց իրականության մեջ ի՞նչ են բերում։ Մենք էլի տարբեր պայմանագրեր ենք ունեցել՝ Սան Ստեֆանոյի կոնֆերանս, Բեռլինի կոնֆերանս, Սեւրի պայմանագիր, էս դատարանի վճիռ, էն դատարանի վճիռ, էն ինչ փաստաբանն այս ասաց, այն ասաց, փրկվանք։ Ոչ, մենք հրաժարվում ենք էդ ճանապարհից, ուղիղ ասում եմ՝ հրաժարվում ենք այդ ճանապարհից, որովհետեւ դա ճանապարհ է Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակին դատապարտելու։ Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր եւ եղբայրներ, դուք պետք է տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում, ստանաք ՀՀ քաղաքացիություն։ Մենք պետք է հրաժարվենք հացի հետեւից պանդխտելու տրամաբանությունից, որովհետեւ հացն այստեղ է, ՀՀ-ն ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու գործիք է, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»։

Ռուբեն Վարդանյանը որդու միջոցով հանրությանը ուղերձ է փոխանցել

Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Նա հայտնել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն, և իր ելույթում նա մտադիր է ընդգծել հետևյալը.

«Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով։

Ես ոչնչի համար չեմ զղջում։  Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։  Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»։

Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաև հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր և երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում ու զորակցում են.

«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում,  թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում:

Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջ ճանաչել աշխարհը։ Կարևորը՝ սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է:

Ամենակարևորը՝ չվնասելն է: Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ ու աշխարհում: Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության և ներդաշնակության մեջ:

Զգույշ եղեք խոսքի նկատմամբ: Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաև զարգացման, աջակցության ու ստեղծարարության  հզոր խթան դառնալ:

Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան: Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում»:

Ասում էի՝ սկեսրոջս 40 տարվա վաֆելնիցան շալակս կառնեմ ու կաշխատեմ

Անահիտ Հայրիյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել։ Վերջին տարիներին ղեկավարում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Տեղահանությունից հետո զբաղվում է հրուշակագործությամբ։ Անուշահամ քաղցրավենիքը վաճառում է օնլայն՝ @Troobcka by Anahit խանութում:

Կպատմե՞ք Ձեր մասին, տիկին Հայրիյան։

-Մինչև չարաբաստիկ 2023 թվականի սեպտեմբերի 25-ը ապրել եմ Արցախում։ Իմ արմատները ձգվում են Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից մինչև Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք։ 5 տարեկան էի, երբ ընտանիքով բնակություն հաստատեցինք Ասկերան քաղաքում, որը դարձավ իմ մանկության ու պատանեկության ուրախ ու տխուր օրերի անխոս վկան։ Ծնվել և մեծացել եմ մտավորականների ընտանիքում՝ շրջապատված սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ։ Դաստիարակվել եմ մարդկային և բարոյական վեհ արժեքներով՝ ազնվությամբ, պատասխանատվությամբ ու հայրենի հողի նկատմամբ անսահման սիրով։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, որտեղ ստացել եմ բանասիրության բակալավրի որակավորում, ապա շարունակել ուսումս, արժանացել մագիստրոսի աստիճանի։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում՝ սկզբից որպես հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս։ Տարիների ընթացքում, մասնագիտական նվիրումով, զբաղեցրել եմ նաև մի շարք ադմինիստրատիվ պաշտոններ՝ գիտքարտուղար, ամբիոնի վարիչ, այնուհետև ֆակուլտետի դեկան։ Վերջին տարիներին ղեկավարել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Կազմել եմ երջանիկ ընտանիք, որտեղ մեծացել են 3 զավակ՝ երկու որդի և մեկ դուստր։ Ավագ որդիս՝ Տիգրանը, տեղահանությունից հետո ամուսնացել է՝ կյանքի նոր փուլ սկսելով արդեն հայրենիքից հեռու։ Միջնեկ որդիս՝ Նարեկը, 3-րդ կուրսի ուսանող է, իսկ դուստրս՝ Տաթևը, դեռ դպրոցական է։

Ինչպես բոլոր արցախցիները՝ Դուք ևս պատերազմներ եք տեսել, դարձել բռնի տեղահանված:

-Իմ գիտակցական կյանքում տեսել եմ 4 պատերազմ, որոնցից յուրաքանչյուրն անջնջելի հետք է թողնել ոչ միայն իմ հիշողություններում, այլև աշխարհընկալման, արժեքների գնահատման և ներքին ուժի բացահայտման գործում։ Ցավոք, այդ պատերազմներից 3-ը բաժին հասան նաև իմ երեխաներին՝ խլելով նրանցից հայրենի բնօրրանում երջանիկ ու խաղաղ ապրելու իրավունքը և վաղ հասակում ստիպելով ճանաչել պատերազմի ծանր ու անարդար դեմքը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը շրջադարձային եղավ բոլորիս համար։ Մենք բախվեցինք դառն ու դաժան իրականության՝ դառնալով մեր սեփական հայրենիքի կարոտը։

Հնարավո՞ր էր արդյոք հարմարվել նոր միջավայրին։ Ինչպիսի քայլեր եք ձեռնարկեցիք, որ կարողանաք ոտքի կանգնել։

-Տեղահանվելուց հետո հաստատվեցինք Երևանում։ Նոր միջավայրին հարմարվելը հեշտ չէր. ամեն ինչ օտար էր՝ սկսած փողոցներից մինչև մարդկանց հայացքները, հոգում ու սրտում շարունակ Արցախն էր։ Դեռեւս Արցախում սիրում էի աշխատել խմորեղենի հետ։ Իմ պատրաստած տրուբոչկաները մեծ սիրով էին ընդունվում դրանք համտեսողների կողմից։

44-օրյայից հետո մեր կյանքն Արցախում վերածվել էր վտանգներով ու անորոշություններով լի օրերի, որտեղ խաղաղությունն այլեւս մշտական չէր։ Ընկերական և կոլեկտիվ միջավայրում երբեմն կես կատակ՝ կես լուրջ խոսում էինք այն մասին, թե եթե Աստված մի արասցե, Արցախից դուրս ապրելու լինենք, ինչով պետք է զբաղվենք։ Այդ զրույցների ընթացքում ես հաճախ ասում էի՝ սկեսրոջս 40 տարվա վաֆելնիցան շալակս կառնեմ ու կաշխատեմ։ Գիտեի, որ խոսքն ուժ ունի, բայց երբեք չէի պատկերացնում, որ այն կկատարվի այս գնով։ Տեղահանության օրերին փոքրիկ մարդատար մեքենայում տեղավորեցի նաև այդ վաֆելնիցան՝ որպես անցյալի, հիշողության և շարունակականության խորհրդանիշ։ Հենց այն էլ դարձավ իմ հետագա գործունեության հիմնաքարը։

Մասնագիտական համապատասխան աշխատանք չգտնելով՝ ընտանիքիս անդամների աջակցությամբ բացեցինք առցանց խանութ և սկսեցինք պատվերներ ընդունել։ Հայաստանյան շուկայում նմանատիպ խմորեղեն գրեթե չկար, և մեր պատրաստած տրուբոչկաները հենց առաջին րոպեից ունեցան իրենց պատվիրատուները։ Դրանք երեխաների մոտ ցուրտ եղանակին պաղպաղակի հանդեպ ունեցած ցանկությունը հագեցրին, իսկ միջին ու բարձր տարիքի մարդկանց մեջ վերարթնացրին մանկության համի հիշողությունները’ դառնալով ոչ միայն յուրահատուկ հրուշակեղեն, այլև հուշի և ջերմության վերադարձ։

Ձեր նոր գործունեության ոլորտում մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, ավելի կատարելագործվելու համար մասնակցե՞լ եք որևէ ծրագրերի։

-Հաճախորդների պահանջարկին համապատասխան՝ ժամանակի ընթացքում քիչ-քիչ ընդլայնեցինք տեսականին։ Քաղցրասեր լսարանին ներկայացրինք արցախյան ծագման փախլավա, գաթա ինչպես նաև տարբեր դասական և ժամանակակից հրուշակեղեն՝ պահպանելով թե՛ ավանդական համերը, թե՛ ժամանակակից մոտեցումները։ Ոլորտում հմտություններ և մասնագիտական որոշակի գիտելիքներ ձեռք բերելու համար մասնակցել եմ ՀԲԸՄ կողմից նախաձեռնված <<Սովորիր և վաստակիր. Արցախ>> ծրագրին։ Այնուհետև ձեռնարկատիրական գործունեություն սկսելու և այն արդյունավետ զարգացնելու համար մասնակցել եմ ՀԲԸՄ <<Կին ձեռներեցներ>> ծրագրին, ինչպես նաև Գյումրիի ՏՏ կենտրոնի (GITC) <<She can- Կանանց Տնտեսական Զորեղացման Աքսելեատոր>> ծրագրի բիզնես դասընթացներին՝ ստանալով անհրաժեշտ գիտելիքներ բիզնեսի ճիշտ կառավարման և զարգացման համար։ Ծրագրի արդյունքում արժանացել եմ She can նախաձեռնության դրամաշնորհին, որի աջակցությունը հնարավորություն տվեց ձեռք բերել խմորեղենի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ’ զգալիորեն բարձրացնելով աշխատանքի որակն ու արդյունավետությունը։

Հավանաբար մտածում եք Ձեր գործունեությունն ավելի ընդլայնելու մասին։

-Ֆինանսական բավարար միջոցների առկայության դեպքում նպատակ եմ դրել բացել փոքրիկ խանութ-արտադրամաս, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն ավելացնել արտադրանքի տեսականին, այլև անմիջականորեն հաղորդակցվել հաճախորդների հետ և փոխանցել արցախյան խմորեղենի յուրահատուկ համն ու մշակույթը։

Ես ամեն օր մտովի վերադառնում եմ Արցախ, քանի որ մեր կապն անքակտելի է։ Այնտեղ է իմ արմատների, իմ հիշողությունների և իմ երջանկության աղբյուրը։ Արցախն այն ուժն է, որ միշտ նորից ստեղծելու, վերագտնելու և ապրել- վերապրելու եռանդ է տալիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Պուտինը ուրվագծեց իր առաջնահերթությունները՝ ԱՄՆ-ի հետ, Եվրոպայի դեմ և հողերի ազատագրում ուժով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհաքաղաքական իրավիճակը բնութագրել է որպես լարված։ Սակայն նա արևմտյան քաղաքական գործիչների «մեծ պատերազմի» հնարավորության մասին պնդումները որակել է «սուտ և անհեթեթություն»։ «Եվրոպայում մարդկանց ուղեղները լվացվում են Ռուսաստանի հետ անխուսափելի բախման վախով, ասելով, որ նրանք պետք է պատրաստվեն մեծ պատերազմի», – ասել է նա։

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը «ուժով պարտադրում էր իր շահերը Ռուսաստանում», սպասելով Ռուսաստանի փլուզմանը կարճ ժամանակահատվածում և դիտավորյալ «Ուկրաինայում իրավիճակը հասցրեց պատերազմի»։

Ներկայումս Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսություն է ընթանում Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ, բայց «եվրոպական խոզուկները» միացել են ԱՄՆ նախորդ վարչակազմի՝ Ջո Բայդենի ջանքերին՝ հույս ունենալով «շահույթ ստանալ Ռուսաստանի փլուզումից», – ասել է Պուտինը։ Նա նաև հավելել է, որ չկա «քաղաքակիրթ Արևմտյան ընտանիք», միայն «անընդհատ դեգրադացիա»։

«Հրապարակորեն հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի արևելք չի լինի։ Հետո՞ ինչ։ Նրանց համար միևնույն է՝ ընդլայնման մեկ ալիք մյուսի հետևից», – ասել է նա։

Մոսկվան կնախընտրեր Ուկրաինայում հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, սակայն եթե Ուկրաինան և Արևմուտքը հրաժարվեն «էական քննարկումներից», ապա այն «կազատագրի իր պատմական հողերը ռազմական ճանապարհով», – հայտարարել է նա։

Պուտինի խոսքերը հնչել են դիվանագիտական ​​ճնշման աճի ֆոնին։ Եվրոպական երկրները հրաժարվում են աջակցել այն գործարքներին, որոնք կարող են անբարենպաստ լինել Ուկրաինայի համար, և խանգարում են Վաշինգտոնին պարտադրել փոխզիջում Մոսկվայի շահերից ելնելով։ Սա, ըստ դիտորդների, ակնհայտորեն նյարդայնացնում է Կրեմլին։

Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում նավթամթերքի առաջին խմբաքանակը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը։ Ինչպես հաղորդում է APA-ն, նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի արտադրության ԱԻ-95 տեսակի բենզինի 22 վագոն։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան բացառապես կոմերցիոն բնույթ է կրում և բենզինը իրացվելու է միջազգային շուկայականին համապատասխանող գնով։

Դեռ կստեղծվեն ներկայացումներ, որոնք՝ դաժանության հետ մեկտեղ կներկայացնեն պատերազմի մաքրագործող կողմը

«Բլոկադա» ներկայացման պրեմիերան կկայանա փետրվարի 25-ին և 26-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս երկգործողությամբ դրաման պատմում է Ղարաբաղի շրջափակման մասին. Երևանից եկած և Ղարաբաղում բնակվող ընտանիքները շրջափակման ժամանակ հայտնվել են նույն տանիքի տակ: Ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, իսկ պրոդյուսերները՝ Սոֆյա Ղուլյանը և Արմեն Պետրոսյանը։

Արցախի լիակատար օկուպացիայից և բնիկ բնակիչների տեղահանությունից հետո հայկական մշակութային աշխարհը հայտնվեց սթրեսի մեջ, որը պայմանավորված էր ոչ միայն ուժեղ ցնցումով, այլև կառավարության քաղաքականությամբ, որը նպատակ ունի «ջնջել պատերազմը» հայկական իրականությունից: Արդյունքում, վերջին հինգ տարիների ընթացքում, չնայած ազգային կյանքում տեղի ունեցած ցնցող իրադարձություններին, մշակութային տարածքում հայտնվել են միայն հազվագյուտ արվեստի գործեր՝ գրքեր, ներկայացումներ, ֆիլմեր, որոնք փորձում են վերլուծել տեղի ունեցածը հուզական ապրումների, կոլեկտիվ հոգեբանության և ազգային կյանքում տեղի ունեցած դաժան իրադարձությունների նկատմամբ սոցիալական արձագանքների տեսանկյունից:

Շատ մշակութային վերլոիծաբաններ սա անվանում են ազգային օրգանիզմի պաշտպանիչ գործառույթ, որը իբր ինտուիտիվ կերպով վանում է բացասական հիշողությունները և փորձում է մոռանալ իրավունքների, արժանապատվության և պատվի ոտնահարումը: Սակայն հոգեբանները նշում են, որ առանց «արտաքին ազդեցության» ազգային օրգանիզմը կարձագանքեր այլ կերպ՝ կանխելով հիշողության, ազգային ինքնության և կոլեկտիվ իմունիտետի թուլացումը:

Պատերազմի և պատմական շոկն արտացոլող արվեստի գործերի ի հայտ գալը կարող է ցույց տալ, որ ազգային օրգանիզմը սկսել է վերականգնվել և մերժել արտաքին նարկոզը: Դա նաև ցույց կտա, որ կառավարամետ և թշնամական քարոզչությունը, որը փորձում է համոզել մարդկանց, որ հաստատված «խաղաղությունն» ու ապագա բարգավաճումը արժեն կատարված զոհողություններին, լիովին չի լվացել մարդկանց ուղեղը:

Այնուամենայնիվ, այս քարոզչությունն արդեն շատ բան է հասցրել․ ատելություն է առաջացրել նրանց նկատմամբ, ովքեր դիմացան բոլոր դժվարություններին և զոհաբերեցին ամեն ինչ ազգային իրավունքների համար: Հենց այս քարոզչությունն է, որը արդարացնում է թշնամիներին:

Հայաստանում դեռ կստեղծվեն ներկայացումներ և ֆիլմեր, որոնք պատերազմի և շրջափակման անտանելի դաժանության հետ մեկտեղ կներկայացնեն նաև պատերազմի պայծառ՝ մաքրագործող կողմը: Կհայտնվեն նաև ստեղծագործություններ, որոնցում Աստծո տված իրավունքների պաշտպանությունը կներկայացվի որպես պատիվ, փառահեղ պարտականություն, և հերոսական գործերը կրկին կգնահատվեն։

Մարիուպոլում, ինչպես Ստեփանակերտում. ճանաչել սեփականությունը «անտեր» և խլել

Պուտինի հրամանագիրը, որով Ուկրաինայի օկուպացված տարածքներում «անտեր» բնակարանները փոխանցվում են օկուպացիոն վարչակազմերի տիրապետությանը, արդեն լիովին իրականացվում է Կրեմլի խամաճիկների կողմից: Դրա մասին են վկայում սոցիալական ցանցերում նման անշարժ գույքի սեփականատերերի բազմաթիվ մեկնաբանությունները, որոնք, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, սարսափած են տեղի ունեցողից։

«Ակնհայտ է, որ իշխանությունները (օկուպացիոն իշխանությունները – խմբ.) թույլ չեն տա, որ իմ երեխաները ապրեն այնտեղ: Բնակարանը իմն է, երեխաները իմն են, բայց նրանք իրավունք չունեն այնտեղ ապրելու: Օկուպացիան ամբողջությամբ զրկել է սեփականությունից քաղաքը լքածներին: Սա ապշեցուցիչ է: Ամեն ինչ շատ պարզ է. նրանք կարող են սպանել տեղի բնակչությանը և նրանց տները հայտարարել անտեր», – գրում են մարդիկ։

Դեկտեմբերին Պուտինը ստորագրել է այսպես կոչված «օրենքը», որը փաստացի լիազորել է օկուպացիոն վարչակազմերին բռնագրավել օկուպացված տարածքներում գտնվող ուկրաինական տները: «Օրենքի» համաձայն՝ նոր իշխանություններին իրավունք է տրվում բնակելի անշարժ գույքը հայտարարել «անտեր» և բռնագրավել պատերազմից և օկուպացիայից փախչող մարդկանցից։

Ուկրաինայում, որի ղեկավարությունը բազմիցս շնորհավորել է Ալիևին ռուս «խաղաղապահների» օգնությամբ «Ղարաբաղի վերադարձի» կապակցությամբ, այժմ տեղի է ունենում նույնը, ինչ Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում: Ռուսաստանին չի հետաքրքրում Ուկրաինայում սեփականության իրավունքը, ինչպես որ դա չէր հետաքրքրում Ստեփանակերտում: Այն բանից հետո, երբ 2024-ին ռուս գեներալը իր թուրք գործընկերոջը զեկուցեցեց, որ «Ղարաբաղում վերջապես խաղաղություն է հաստատվել», Ալիևի վարչակազմը սկսեց ոչնչացնել և յուրացնել Արցախի բնիկ ժողովրդի սեփականությունը:

ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններ Մայամիում. Մոսկվան պատրաստ չէ անգամ չնչին փոխզիջման

Այս շաբաթավերջին Մայամիում նախատեսված է ամերիկացի և ռուս բանակցողների հանդիպում՝ ուկրաինական հակամարտության ավարտի տարբերակները քննարկելու համար, Politico-ին հայտնել են բանակցություններին ծանոթ աղբյուրները։

Աղբյուրների համաձայն՝ Թրամփի վարչակազմը մեծացնում է Կիևի վրա ճնշումը՝ պնդելով տարածքային զիջումների վրա՝ գրեթե չորս տարի տևած պատերազմը դադարեցնելու համար։

Սպիտակ տունը հույս ունի, որ Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը և Արևմուտքի անվտանգության երաշխիքներին՝ որպես վերջնական համաձայնագրի մաս։ Սակայն Մոսկվան մինչ օրս չի ցուցաբերել զիջումների գնալու իրական պատրաստակամություն, նույնիսկ փոքր չափով։ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ ոչ մի ազդանշան չի տվել ագրեսիվ պատերազմից հրաժարվելու իր մտադրության մասին։

Ռուսաստանը գործում է Լավրովի սկզբունքով, որը հայտնի է որպես «Միստեր Ոչ»։ Մոսկվայի համառությունը հիմնավորված է. Արևմուտքը չգիտի, թե ինչ այլ ճնշման միջոցներ կարող է կիրառել Մոսկվայի դեմ, որը անհրաժեշտության դեպքում սպառնում է միջուկային պատերազմով։ Հետևաբար, Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում նրանց վրա, ում վրա ունի ազդեցության լծակներ՝ Ուկրաինայի։

«Ժողովուրդ». «Ի՞նչ է այսօր սպասվում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է այսօր սպասվում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին. «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ նրա վերաբերյալ գործընթաց է մեկնարկում։

Այսօր՝ ժամը 10:00-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Շահրամանյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Այս քրեական վարույթով նա բազմիցս հարցաքննվել է, սակայն չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն, ու ավելին՝ խափանման միջոցի միջնորդություն ներկայացվի դատարան նրան կալանավորելու համար:

Դե իսկ Արցախի ներկայացուցչության շենքը արդեն կխլեն արցախցիների ձեռքից՝ նրան նաեւ այդտեղից դուրս հանելով»։

Օկուպացված Ակնայում ադրբեջանցի է պայթել

Օկուպացված Ակնայում ադրբեջանցի է պայթել, այդ մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից․

« Աղդամի շրջանում խաղաղ բնակիչը վիրավորվել է ականի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել Չեմենլի գյուղում՝ ցանքի աշխատանքների ժամանակ։ Տուժածը հոսպիտալացվել է»,- նշվում է այդ երկրի տարածած հաղորդագրության մեջ։

Էջմիածնում նույն ժամին տարբեր ժամերգություններ տեղի կունենան․ ով է հրահրում բախումներ

Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հայտնում է․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը։

Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն»։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին:

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը:

Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»,-ասված է հայտարարության մեջ։

Սուրբ Էջմիածնում նույն ժամին երկու ժամերգություն է նշանակված։ Սոցցանցերում գրում են, որ բախումներ են հրահրվում, որոնց ընթացքում էլ պետք է “վերջնական լուծվի” եկեղեցի-կառավարություն հակամարտությունը։ Բազմաթիվ անհատներ և խմբեր արդեն հայտարարել են, որ կլինեն այդ ժամերին Էջմիածնում։ Քննարկվում է, որ եթե Կաթողիկոսի ի պաշտպանություն կարող են հազարավոր մարդիկ հավաքվել, ապա նրան հակառակ ուժերի կողմից ՀՀ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն կլինեն։ 

Հատկապես, որ Կաթողիկոսին այլևս բաց մեղադրում են օտար ուժերին ծառայելու մեջ։

Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ երեկ հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է․

«Եկել է ժամանակը, որ հանուն բոլորիս պաշտելի Սուրբ Էջմիածնի, այլև Ամենայն հայոց կաթողիկոսության և հավատավոր աշխարհասփյուռ մեր ժողովրդի արտահայտենք հստակ և վճռական դիրքորոշում մեր եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվենք տարատեսակ դժվարությունների և ճնշումների առջև, և, ի սեր Աստծու, կանգնեցնենք Մայ Աթոռի օր ավուր ահագնացող գահավիժումը։ Մայր եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին:

Միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար, հակականոնական ընթացքի դեմ՝ իսպառ մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը»։

Այդ ֆոնին Հայաստանի «Ռամկվար-Ազատական» ժողովրդավարական կուսակցությունը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշումները և ապահովել Հայ Առաքելական Եկեղեցու արտերկրում գտնվող թեմերի հոգևորականների անարգել մուտքը երկիր՝ նախկինում հայտարարված Եպիսկոպոսական ժողովին մասնակցելու համար։

Ավելի վաղ Էջմիածնի Մայր Աթոռը հետաձգել էր ժողովը՝ հղում անելով հոգևորականների վրա ճնշումներին։

50 մլն եվրո կհատկացվի Սյունիքի մարզին, նաև արցախցիների կարիքների համար

Հայաստանը և Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 50 մլն եվրոյի համաձայնագիր են ստորագրել, որն այսօր ՀՀ ԱԺ-ն վավերացրել է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանըհայտնել է, որ «Փաստաթուղթն ստացել է «Հայաստան՝ Սյունիքի կայուն զարգացման ծրագիր» անվանումը»։ Միջոցները, ըստ նախագծի, ուղղվելու են տարածաշրջանի «ենթակառուցվածքների զարգացմանը», ինչպես նաև առողջապահության և կրթության համակարգերին։

Ծրագրի հիմնական նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղից և նրանց ընդունող համայնքներից բռնի տեղահանվածների կարիքների բավարարումն է։