Նոան հաղթեց հոլանդական ԱԶ Ալկմարին

Հայաստանի չեմպիոն «Նոա» Երևանը, առաջին անգամ անցնելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի գլխավոր փուլ, Եվրոպայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի 1/16 եզրափակչում տանը 1-0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»։ «Նոայի» կազմում հաղթական գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Արդյունքը կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա հաջորդ շաբաթ Հոլանդիայում։
Լուսանկարը՝ Արամ Ներսիսյանի։

Ալիևի արկածները Վաշինգտոնում

Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները բռնի կերպով ցրել են Վաշինգտոնում ադրբեջանական բողոքի ցույցը։ Ալիևի ռեժիմի դեմ ցուցարարների ծեծի տեսագրությունը տարածվել է ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի Ֆեյսբուքյան էջում։

Սակայն սա Ալիևի միակ արկածը չէր Վաշինգտոնում։ Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում հայտարարեց, որ ինը երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, համաձայնել են 7 միլիարդ դոլար նվիրաբերել Գազայի վերականգնման հիմնադրամին, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը «պարզաբանեց», որ Ադրբեջանը որևէ բան նվիրաբերելու մտադրություն չունի։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող է ապագայում քննարկել «Խաղաղության խորհրդի» շրջանակներում Գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը։ «Այնուամենայնիվ, մենք կցանկանայինք պարզաբանել․ Ադրբեջանի մասնակցությունը «Խաղաղության խորհրդի» այսօրվա նիստում հայտարարված Գազայի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին չի նախատեսվում», – գրել է Հաջիևը X սոցիալական ցանցում։

Դրանից մեծ աղմուկ չբարձրացրին. Թրամփը պարզապես ասաց, որ վերջապես սովորել է արտասանել «Ադրբեջան» բառը։ Նա կրկին ստիպեց Ալիևին և Փաշինյանին հրապարակավ ձեռք սեղմել՝ հիշեցնելով նրանց, որ ինքն է դադարեցրել է 30-ամյա պատերազմը։

Սակայն Թրամփը չհիշատակեց 907-րդ բանաձևի չեղարկելու մտադրության մասին, որն արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ մինչև «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիայի դադարեցումը»։ Ալիևի օգնականը նախկինում ասել է, որ դա կարևոր քայլ կդիտվի։

Թրամփը նաև չներկայացնեց Նախիջևանը որպես Ադրբեջանի մաս ճանաչող որևէ փաստաթուղթ, չնայած որ փոխնախագահ Վենսը վստահեցնում էր, թե «Թրամփի ճանապարհը կվերամիավորի Ադրբեջանի երկու մասերը»։

Միևնույն ժամանակ, նախորդ օրը նույն Հիմքեթ Հաջիևը փաստացի խոստովանեց, որ Ադրբեջանը Բաքվում բեմադրել է «Նյուրնբերգյան դատավարություն» Հայաստանի և Արցախի հանդեպ, քանի որ չի կարող դիմել միջազգային դատարաններ «երկակի ստանդարտների» պատճառով։ Այդպիսով Ալիևի օգնականը խոստովանեց, որ Բաքվի Արցախյան գործը դատապարտված է ձախողման ցանկացած միջազգային դատարաններում։

 

Հաջիևվ․ միջազգային դատարաններում մենք կպարտվեինք

«Օլիգարխ Ռուբեն Վարդանյանին վերաբերող Բաքվի դատարանի որոշումը ոչ միայն արդարադատության իրացում էր, այլև Ադրբեջանի ժողովրդին անասելի տառապանքներ պատճառած 30 ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ»,-X-ի իր օգտահաշվում այսօր գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա շեշտել է, որ հակամարտության լուծման եզակի՝ ռազմական-քաղաքական մոդել առաջ մղելով և հակամարտությունից հետո խաղաղության օրակարգ նախաձեռնելով՝ «Ադրբեջանը նաև ապահովել է, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում՝ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին և մյուսներին պատասխանատվության ենթարկեն»։

«Մեր ակնկալիքն էր, որ Նյուրնբերգյան դատավարության, նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի կամ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի օրինակով Ադրբեջանի դեպքում ևս նմանատիպ դատական ատյան ստեղծվի։ Այսօրվա անարդար միջազգային միջավայրում, սակայն, օրենքի կիրառումն անգամ դարձել է ավելի քաղաքականացված և ենթարկվում է երկակի ստանդարտների։

Այդ իսկ պատճառով Ադրբեջանը բաց դատական գործընթաց կազմակերպեց և արդարադատությունն իրացրեց իր սեփական իրավական համակարգի շրջանակներում՝ օրինակ ծառայելով միջազգային ողջ հանրության համար»,- պնդում է Հաջիևը։

Ալիևի խրոխտ օգնականը, փաստորեն, խոստովանում է, որ նրանք վախենում են դիմել միջազգային ատյաններ, նույնիսկ ստիպում են Հայաստանին հետ կանչել հայցերը։

Որովհետև ցանկացած միջազգային ատյանում Ադրբեջանը կպարտվեր, դրա համար, “Նյուրնբերգ” բեմադրեց Բաքվում։ Բաքուն ոչ մի իրավական հիմք չունի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Ղարաբաղյան շարժումը որպես “ահաբեկչություն” ներկայացնելու համար։ Միջազգային դատարաններում կծիծաղեյին նրանց վրա, ով կասեր, որ իրենց հայրենիքում ինքնորոծշված հայերը՝ ահաբեկիչնր են։ Ավելին՝ պարզ հարց կտան “նյուրնբերգասեր” Բաքվին․ ո՞ւր են Արցախի հայերը; Գուցե՝ նաև Նյուրնբերգ կկազմակերպեին Արցախի բնիկ բնակչությանը ցեղասպանության սպառնալիքով բռնի տեղահանելու համար։     

Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը փոխվել է տնային կալանքի

Բլոգեր Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Որոշումը կայացրել է դատավոր Կարեն Հովհաննիսյանը, ինչպես հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցիալական ցանցերում։

«Հիշեցնեմ, որ Սամսոնյանը դեռևս հիվանդանոցում է, վիրահատությունից հետո բուժում է ստանում։ Ամենայն հավանականությամբ, նա ևս մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում», – նշել է Մելիքյանը։

2025 թվականի նոյեմբերի 13-ին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են «խուլիգանության» մեղադրանքով։ Դեպքի պաշտոնական պատճառը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին ուղղված վիրավորանքներն էին։

«Որպեսզի չմոռանանք և հավատանք». Մարտակերտցի վարպետը փայտի մեջ պահպանում է Արցախի խորհրդանիշները

«Իմ աշխատանքները նախատեսված են մարդկանց հիշեցնելու չմոռանալու մասին, խրախուսելու նրանց հավատալ, որ կլինեն հաղթանակներ և վերադարձ», – ասում է Մարտակերտից Մարատ Ղուլյանը։

Իր աշխատանքներում նա վերստեղծում է Արցախի խորհրդանիշները՝ ձգտելով հնարավորինս ճշգրիտ պահպանել բնօրինակները։ Մասնավորապես, նկարիչը պատրաստում է Ադրբեջանի կողմից ավերված արցախյան քաղաքների մուտքի ցուցանակների կրկնօրինակներ, ինչպես նաև արցախյան թեմատիկայով տարբեր հուշանվերներ։

Մարատը փայտագործությամբ է զբաղվում գրեթե տասը տարի։ Արցախում գտնվելու ժամանակ նա և իր եղբայրները փայտը ավելի շատ հոգու համար էին մշակում, իսկ տեղահանունից հետո այս արհեստը վերածվել է փոքր բիզնեսի, որը օգնում է մասամբ լուծել ընտանիքի սոցիալական խնդիրները։

Աշխատանքները կարելի է ձեռք բերել ցուցահանդեսներում, տոնավաճառներում և փառատոներում, ինչպես նաև կարելի է պատվիրել առցանց։

Ալվարդ Գրիգորյան

Էրդողանը շանտաժի՞ է ենթարկում Եվրոպային․ թե չէ սրով կգանք

Եվրոպան պետք է ներառի Թուրքիային գործող պաշտպանության և անվտանգության մեխանիզմներում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Աշխարհը փոխվում է, և որքա՞ն ժամանակ կարող է Եվրամիությունը մնալ նեղ օրակարգի գերի արագ վերափոխումների դարաշրջանում։ Սա անհասկանալի է։ Ճիշտ ընտրությունը կլինի վերացնել Թուրքիայի Եվրոպային ինտեգրման գաղափարախոսական խոչընդոտները և ամրապնդել Եվրոպայի ներուժը», – ասել է թուրք առաջնորդը։

Նրա կարծիքով, նրանք, ովքեր բացառում են Թուրքիային և անտեսում համաշխարհային իրողությունները, պետք է վերջապես խոստովանեն, որ իրենց դիրքորոշումը լիովին իռացիոնալ է։

Էրդողանը ակամա խոստովանում է, որ չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրոպան նրան դիտարկում է ոչ թե որպես դաշնակից, այլ որպես էքսպանսիոնիստ հակառակորդ, որի հավակնությունները հազիվ զսպվում են ՆԱՏՕ-ի միջոցով։

ԱՄՆ նախագահ Թրամփի օրոք Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքերը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում՝ ներկայանալով որպես Իսրայելի մրցակից, որին ԱՄՆ-ն համարում է իր ամրոցը Մերձավոր Արևելքում: Չնայած վերլուծաբանները նշում են, որ Թուրքիան միայն ձևացնում է, թե մրցում է Իսրայելի հետ, իրականում նրանք խաղում են չորս ձեռքով:

Նրանց համատեղ խաղերից մեկը Եվրոպան թուլացնելն ու «գրավելն» է: Դրան հասնելու համար Թուրքիան օգտագործում է ինչպես իր ավանդական զենքը՝ միգրանտներին, այնպես էլ քաղաքական շանտաժը:

«Այսօր թուրքական բանակը ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաարդյունավետ բանակներից մեկն է: Մենք լիովին վստահում ենք մեր բանակին: Դրա շնորհիվ մենք մի երկիր ենք, որը ոչ միայն բանակցում է սեղանի շուրջ, այլև ցուցադրում է իր կարողությունները մարտադաշտում: Հուսով եմ, որ բոլորը հիմա հասկանում են, որ առանց Թուրքիայի Եվրոպան չի կարողանա ստեղծել հուսալի անվտանգության համակարգ», – ասաց նա:

Բանակի և մահացու զենքի անզուսպ կիրառումը Թուրքիայի գլխավոր առավելությունն է, որը մերժում է Եվրոպայի մարդասիրական, փափուկ սահմանափակումները: Թուրքիան Արցախում և Սիրիայում իր գործողությունները Եվրոպային ներկայացնում է որպես միջազգային իրավունքի սահմանները հատելու կարողություն, այն սահմանները, որոնք Եվրոպայի և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերն են։

Էրդողանը շանտաժի է ենթարկում Եվրոպային. եթե դուք մեզ կամավոր չթողնեք ներս, մենք կարող ենք սրով գալ։

Հատկապես, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի սկզբին, Անկարայում։

Կառավարությունը ընդունել է տաքսու վարորդների մեկ պահանջը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննարկում է նախաձեռնել Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Յանդեքս» ընկերության հետ՝ հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։ Այդ մասին նախարարը հայտնել է Facebook -ի իր էջում՝ հավելելով, որ այլ պլատֆորմները ևս կարող են միանալ քննարկմանը։

«Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ «Յանդեքս»-ին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»,- գրել է Պապոյանը։

Երեկ օնլայն տաքսի ծառայությունների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բարելավել իրենց աշխատանքային պայմանները։ Մասնավորաբար, նրանք բողոքում էին յուրաքանչյուր պատվերից իրենցից գանձվող բարձր տոկոսադրույքներից։ Բացի այդ, պահանջում էին գրանցել իրենց որպես աշխատող, քանի որ այսկերպ իրենք ո՛չ առողջության համընդհանուր ապահովագրությունից են կարողանում օգտվել, ո՛չ էլ բանկերն են իրենց վարկեր տրամադրում։ Վարորդները նաև ստորագրահավաք էին կազմակերպել, որին շուրջ 500 տաքսու վարորդ էր միացել։

Փաստորեն, կառավարությունն ընդունել է տաքսու վարորդների միայն մեկ՝բանկերի հետ կապված պահանջը։ 

Այս հարցը հատկապես ակտուալ է արցախցիների համար, որոնց մի զգալի մասը այլ աշխատանք չունենալու պատճառով աշխատում են որպես տաքու վարորդներ։ Սակայն գրանցված չլինելու պատճառով կորցննում են և “ստաժը”, և բանկերից վարկ ստանալու հնարավորությունը։

Էպշտեյնի ֆայլերի հրապարակումից հետո նախկին արքայազն Էնդրյուն ձերբակալվել է

Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը՝ Չարլզ III թագավորի եղբայրը, ով զրկվել էր բոլոր տիտղոսներից՝ դատապարտված պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով, ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում։

Ոստիկանությունը նրան ձերբակալել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով։

Հինգշաբթի առավոտյան հայտնվել են ոստիկանական մեքենաների լուսանկարներ, որոնք ժամանում էին Հյուսիսային ծովի ափին գտնվող Նորֆոլկի Սանդրինգհեմ թագավորական կալվածք, որտեղ այժմ բնակվում է Մաունթբաթեն-Վինձորը։

Բրիտանական ոստիկանությունը հայտարարություն է տարածել ձերբակալության մասին, սակայն, ինչպես միշտ, չի նշել կասկածյալի անունը։

Եղբոր ձերբակալությունից հետո Չարլզ III թագավորը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ միջադեպի մասին իմացել է «խորը մտահոգությամբ»։

Նա նշեց, որ լիովին աջակցում է հետաքննությանը և պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ։ «Այժմ սկսվում է լիարժեք, արդար և պատշաճ գործընթաց, որի ընթացքում այս հարցը պատշաճ կերպով կհետաքննվի համապատասխան մարմինների կողմից», – ասվում է հայտարարության մեջ։

«Ես ուզում եմ հստակեցնել. օրենքը պետք է պահպանվի», – ասաց Չարլզը։

Մերժված արցախցիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին

ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված այն քաղաքացիները, որոնք մերժվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին` համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

«Հայտնում եմ նաև, որ այս գործընթացում որևէ այլ անձի, վճարովի ծառայության կամ կառույցի դիմելու միջնորդության անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովը դիմումներն ընդունում է բացառապես մերժված քաղաքացիների անունից, ինչից հետո դիմումները սահմանված կարգով ուսւոմնասիրվում են՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ գերատեսչությունների հետ»,- սոցցանցի իր էջում իրազեկել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղարը։

ԶԼՄ. ԱՄՆ-ն պատրաստ է այս շաբաթ օրը հարվածել Իրանին

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածել Իրանին այս շաբաթ՝ փետրվարի 21-ին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հաջորդ երեք օրերի ընթացքում Պենտագոնը ժամանակավորապես որոշ զորքեր կտեղափոխի Մերձավոր Արևելքից՝ հիմնականում Եվրոպա կամ հետ՝ ԱՄՆ։ Սա վկայում է ռազմական գործողության նախապատրաստման մասին, բայց չի նշանակում, որ այն անխուսափելի է, նշել է մի աղբյուր։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կան «շատ պատճառներ և փաստարկներ Իրանին հարվածելու համար», սակայն դիվանագիտությունը միշտ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ընտրությունն է։

Իրանին ԱՄՆ-ի նոր հարվածը կունենա բացասական հետևանքներ։ Անցյալ ամռանը Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները արդեն իսկ ստեղծել էին միջուկային միջադեպի վտանգ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում։

Լավրովը, հղում անելով Իրանի իշխանություններին, ներկայիս իրավիճակը բնութագրել է որպես «քիչ թե շատ  նորմալ»։ Նա հավելել է, որ միջուկային օբյեկտների վրա հարվածները ստիպել են իրանցիներին պաշտպանել միջուկային նյութերը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատրաստ է Ռուսաստան փոխանցել հարստացված ուրան, որը բավարար է 12 ռումբ ստեղծելու համար։

Տեղեկատվական շտաբը՝ Արցախում ծնված երեխաների անունով ավանդների մասին

Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի
Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագրով, մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարը, որպես ավանդ ներդրված էր «Արցախբանկ» ՓԲԸ-ում, և մինչև երեխայի 18 տարին լրանալը բանկը վճարում է ավանդի տոկոսները: Ծրագրում կատարված փոփոխությունների համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարի վճարման պարտավորությունը ստանձնել էր Արցախի Հանրապետությունը: Տարբերակված մոտեցումից խուսափելու համար պետության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված շահառուների համար ավանդի տոկոսների չափով սահմանվել է նպաստ:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները: Բյուջեի և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Արցախի Հանրապետությունը զրկվել է իր ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունից:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար որևէ բան չի փոխվել՝ ավանդը ներդրված է բանկում, ստանում է ավանդի տոկոսները, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները զրկված են ավանդ ունենալու և նպաստ ստանալու հնարավորությունից:
Արցախահայերի բռնի տեղահանությունից անմիջապես հետո խնդիրը բանավոր և գրավոր բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ արձագանք չկա խնդրի լուծման և առաջացած սոցիալական անհավասարության հաղթահարման գործում:
Արցախի տեղեկատվական շտաբ

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է ուժեղ քամու մասին

Փետրվարի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 24-28մ/վրկ արագությամբ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ նման ուժգնության քամիների դեպքում՝ 24-28 մ/վրկ արագության, կարող են պոկվել ծառի ճյուղեր, տանիքների թիթեղներ և այլն։ «Որոշակի զգուշություն, զգոնություն պետք է պահպանել, որովհետեւ նման արագության քամին համարվում է շատ ուժեղ քամի։

Մենք շատ ենք ունենում, որ քամու արագությունը հասնում է մինչև 24-28 և 30 մ/վրկ–ի, նույնիսկ Լոռիում եղել է, որ հասել է մինչեւ 35 մ/վրկ–ի։ Այնպես որ սա շատ արտառոց երևույթ չէ և մինչև երեկո քամիների ուժգնություն կպակասի»,–ասաց նա։