«Լավ կլինի, որ Ալեն Սիմոնյանը կամ որեւէ անձ պատասխանեն հարցին՝ ի՞նչ եք ասել Ադրբեջանին, Ադրբեջանն ի՞նչը պետք է փոխի իր Սահմանադրությունում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայատարարել էին, որ հայկական կողմն էլ Ադրբեջանին է պահանջ ներկայացրել Սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերում փոփոխություններ անել։ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը, սակայն, չէին մանրամասնել, թե ի՞նչ պահանջ է մասնավորապես ներկայացվել Ադրբեջանին։
«Ես ենթադրում եմ՝ կա’մ իրենք ոչինչ չեն ասել, կա’մ չեն տիրապետում ադրբեջանական սահմանադրական կարգավորումներին եւ փաստաթղթերին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա հարցադրում արեց, օրինակ, հայկական կողմը բարձրացրե՞լ է այն հարցը, որ Ադրբեջանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է ադրբեջանական առաջին կեղծ հանրապետության հենքի վրա։
«Ադրբեջանի առաջին հանրապետությունը չի ունեցել միջազգայնորեն ճանաչված որեւէ տարածք կամ սահման, ավելին, երբ նրանք դիմում էին Ազգերի լիգային՝ 112 հազար քառակուսի կմ տարածքով, ներառյալ Հայաստանի ու Վրաստանի տարածքների զավթման առաջարկով, Ազգերի լիգան ուղղակի մերժեց։ Այս պարտությունն ու կորուստները բերած իշխանությունն անընդհատ զիջման է գնում, ինքն ի՞նչ պահանջ է ի վիճակի ներկայացնել կամ որ պահանջեց, իրեն ո՞վ է բանատեղ դնում։ Նիկոլ Փաշինյանի ասածն այսօր Ալիեւը պետք է անի՞»,- ընդգծեց Մինասյանը։
Նա հավելեց․ «Անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ կասեն, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը հիմա վերաձեւակերպված է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, իր իրավունքներից, նույնիսկ հազար անգամ, եթե համոզված ես, որ դա լավ բան է, չպետք է անես։ Եթե քո թշնամու ասածն անում ես, նշանակում է՝ ենթարկվում է իր խաղի կանոններին։ Այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ նաեւ հայոց Երրորդ Հանրապետության պետականության հիմքերը։ Շենքը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա՝ Անկախության հռչակագրում արտաբերված ազգային իղձերի, նպատակների, մեր պատմական անցյալի, մեր ու սերունդների իրավունքների ամրագրված, միջազգային չափանիշով հաստատված սկզբունքների վրա։ Դա հիմնքն է, հիմա իրենք ասում են՝ բերեք այդ հիմքը փոխենք։ Եթե դու հիմքը փոխում ես, նշանակում է, շենքը քանդում ես։ Այս իշխանությունը դադարել է խոսել անգամ հայ ժողովրդի իրավունքների մասին՝ ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ միջազգային ճանաչում։ Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ, չի բացառվում, որ Ցեղասպանության հուշահամալիրն էլ քանդել տան»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: