Ամերիկայի ձայն
Միացյալ Նահանգները հավանություն է տվել Իրաքում և Սիրիայում թիրախներին հարվածելու ծրագրերին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան զորքերի վրա վերջին հարձակման։ Ակնկալվում է, որ հարվածները կհասցնեն մի շարք օբյեկտներին և իրանական անձնակազմին: Այս մասին հինգշաբթի հայտնել է CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ որոշել է արձագանքել անօդաչու թռչող սարքի հարձակմանը, որը տեղի է ունեցել այս շաբաթ Հորդանանի հյուսիս-արևելքում (սիրիական սահմանի մոտ): Արդյունքում երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։
ԱՄՆ-ը կատարվածի մեջ մեղադրել է իրանամետ զինյալներին:
Ըստ տեղեկությունների՝ Հորդանանում ամերիկյան զորքերի վրա հարձակումն իրականացրել է Իրաքում տեղակայված «Քաթայբ Հեզբոլլահ» իրանամետ խմբավորումը։ Խումբը չորեքշաբթի հայտարարել է, որ դադարեցնում է ռազմական գործողությունները ամերիկյան զորքերի դեմ՝ Իրաքի կառավարությանը վարկաբեկելուց խուսափելու համար: