Ինչ է սպասվում Հայաստանում մոտակա ամիսների ընթացքում

  • 15:33 10.02.2024

Արամ Սարգսյանը նոր խորհրդարանական ընտրություններ «ավետեց»

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Սահմանադրական հանրաքվեի հետ միաժամանակ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ավելին, Սարգսյանը, որ պարբերաբար հանդիպում է վարչապետին, պնդում է՝ նման ազդակներ ստացել է հենց իշխանությունից:

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է այդպես տեսնում: Սահմանադրության հանրաքվեն եթե դնում ես, հույս ունես, որ «այո» ես ստանալու, եթե «ոչ» ես ստանալու, էդ քո իշխանությունը թուլացնելու է », – նշեց Սարգսյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում:

Հակառակ դեպքում, ըստ Արամ Սարգսյանի, Սահմանադրական հանրաքվեն կտապալվի՝ ընտրողների պասիվության պատճառով. – «Ինչքան ես եմ տեսնում իշխանության տրամադրությունները, իշխանությունները հանրաքվեի կգնան ամենաուշը այս տարի աշնանը: Ինձ համար միանշանակ է, որ դա կլինի նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ միասին»:

Թեկուզ իշխանությունները հերքում են, թե արտահերթ ընտրությունների օրակարգ, անգամ հանրաքվե անցկացնելու որոշում կա, խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Սահմանադրական հանրաքվեի օրակարգն են մերժում՝ Փաշինյանի հեռացումն ու առանց նրա նոր ընտրությունները հռչակելով հիմնական նպատակ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի, ավելի կոնկրետ՝ «Այո»-ի շտաբը ձեւավորելու գործընթաց է սկսել եւ դաշնակիցների փնտրտուքի մեջ է: Արդեն իսկ պարզ է, որ «Ոչ»-ի ճակատը բավականին ազդեցիկ է լինելու, եւ այս հարցում միմյանց հետ համագործակցելու են անգամ իրար թշնամի ընդդիմադիրները։ Արդեն սկսվել են բանակցություններ: Մեզ պատմեցին, որ ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարող է հայտնվել «Այո»-ի ճամբարում, գոնե նրա թիմակիցներն այդպես են ասում»:

«Հրապարակը» գրում է, որ «Այո»-ականների լոզունգը լինելու է «Ով դեմ է Սահմանադրությունը փոխելուն, կողմ է պատերազմին»։

Փաստորեն, սրանով իշխանությունները հնարավոր պատերազմի եւ հերթական զիջումների մեղքը «ավանսով» գցում են հանրության վրա, որը ցանկացած դեպքում մեղավոր կլինի։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների հակաազգային քայլերը, բնականաբար, առաջ է բերում ազգային մտածողություն ունեցող քաղաքացիների ու կառույցների ոչ միայն մտահոգությունը, այլև զայրույթը: Բնական է, որ ազգայինի դիրքերում կանգնած տարբեր քաղաքական, հասարակական միավորներ ջանքեր են ներդնում հակազգային նախաձեռնությունների դեմն առնելու համար:

Ի մասնավորի, հենց նման անհատների ու կազմակերպությունների ակտիվության շնորհիվ իշխանությունների նախաձեռնած փոփոխության նախագիծը՝ կապված «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխության հետ, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում փաստացի տապալվեց՝ ստանալով ավելի շատ «դեմ» ձայներ»։

Ցավոք, դեռ չեն երեւում “ազգային ուժերը” եւ ազգային պետությունը պահպանելու շուրջ նրանց միավորման հեռանկարը։ Արտաքին տերերին ծառայելը թույլ չի տալիս ձեւավորել “զարթոնքի” ընդհանուր ճակատ։ 

f