Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում Փառքի անկյուններում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն՝ հերքելով օրերս մի շարք լրատվամիջոցներում հրապարակված լուրը՝ թե զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են:
«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:
Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:
Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: