Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, և հիմա դեռ մենք պետք է քննենք, թե մեր տարածքում ադրբեջանցիների հանդեպ ի՞նչ մեղք ենք գործել: Բա ու՞ր մնաց իրողությունը, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ի սկզբանե անօրինական, հանցավոր է: Նրանք դեռ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 20-ին են ներխուժել Ծավ գյուղի հարևանությամբ տարածքներ, իսկ 2021 թվականին ու դրանից հետո ընդլայնել են ներխուժումների աշխարհագրությունը»:
Ո’չ ՀՀ ԱԳՆ, ո’չ Պաշտպանության նախարարությունը, ոչ էլ Փաշինյանը չեն նշել, որ Ներքին հանդի դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին թշնամին կրակ է բացել ՀՀ օկուպացված տարածքից։ Չեն խոսել նաեւ այն մասին, թե ինչո՞ւ այդ դիրքերում կանգնած են եղել երկրապահի զինվորները, եւ ինչպե՞ս է ստացվում, որ դիրքում 67 տարեկան զինվոր է զոհվում։
Բրյուսելում գտնվող ԱԳ չնախարար Արարատ Միրզոյանը եվրոպական իր գործընկեր Բորելի հետ հանդիպմանը չի հայտարարել, որ Հայաստանի զինված ուժերը իրավասու են կրակել ՀՀ տարածքը զավթած եւ սադրանքների դիմող ցանկացած մեկին։ ՀՀ ռազմաքաղաքական վայ-ղեկավարությունը չի հիշատակում ինքնապաշտպանության իրավունքը, որը դրոշակի պես առած Իսրայելը ոչնչացնում է Գազան։ Նման «իրավունքով» Բաքուն ցեղասպանեց Արցախը եւ հիմա անցել է Հայաստանի այլ շրջաններին։
Ժոզեպ Բորելը, անդրադառնալով Ներքին հանդում կատարվածին, հայտարարել էր, որ «հայկական կողմից ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ կրակոցի արձակումը ցավալի էր, սակայն Ադրբեջանն անհամաչափ է պատասխանել՝ անտեսելով ՀՀ ՊՆ այն հավաստիացումը, որ միջադեպը հետաքննվելու է»։
Միրզոյանը չի հակաճառել եւ չի ասել ՀՀ տարածքի օկուպացիայի մասին։ Պաշտոնական Երեւանը ոչ միայն օրինական քայլեր չի ձեռնարկում տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, այլեւ շփման գիծը վստահում է տարիքն առած մարդկանց, ցույց տալու համար, որ բանակը չի կռվելու։
Բանակը չկրակելու եւ «սադրանքներ ու էսկալացիա չհրահրելու» հրամանն է միայն կատարում, ասել է Փաշինյանը բրիտանական պատվիրակության հետ հանդիպմանը։ Դա Փաշինյանի ուղիղ հրամանն է թշնամուն՝ հարձակվել։ ՀՀ իշխանությունը երաշխավորում է, որ պատասխան չի լինելու։ Իսկ Արարատ Միրզոյանը գործուղվել է Բրյուսել, որ Եվրամիությունը հանկարծ չճանաչի Հայաստանի ինքնապաշտպանության իրավունքը։
Մենք ենք մեղավոր, կրակել ենք, էսկալացիա ենք հրահրել, ճիշտ են արել, որ սպանել են երկրապահներին։ Դա մեր հողը չէ, ով գրավել է՝ նրանն է, կրակելու իրավունքն էլ հետը։ Դա են ասում ՀՀ ռազմաքաղաքական չիշխանությունները։
«Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող նողկալի, սադրիչ գործողությունների այս շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը ավելի քան 215 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից, ինչը ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»։ Փաստորեն, ըստ Մարուքյանի, դա միջազգային հանրության գործն է։ Իսկ ՀՀ իշխանությունը միայն “հերոսների” հարկերը հավաքագրելու համար է։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: