Նա հավաքել էր նույն պայուսակը, ինչը հավաքում էր տասը օրով Երևան մեկնելու ժամանակ

2023 թ. սեպտեմբերին արցախցիները ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից, թողնելով այն ամենը, ինչը մեծ դժվարությամբ ձեռք էին բերել տարիների ընթացքում:

Կարծես անիմաստ է հարցը, թե ինչ են վերցրել նրանք, բացի նկարներից: Այդ օրերը չապրած մարդիկ կպատասխանեին՝ ոսկի, թանկարժեք իրեր: Բայց այդ պահին, երբ պիտի թողնես տունդ, արժեքներդ փոխվում են:

Մեր զրուցակիցներից մեկը պատմում է․ երբ հասկացան, որ պետք է լքեն Արցախը եւ հավաքեն իրերը, մայրը նկարները հավաքեց, իսկ ինքը բան չէր զգում, չէր գիտակցում, որ հեռանում են ընդմիշտ:

Սեպտեմբերի 24-ին կանգնել է իր սենյակի մեջտեղում պայուսակը ձեռքին: Սենյակում տարբեր իրեր էին, նվերներ, բացիկներ։ Եթե ռացիոնալ լիներ, գուցե մի քիչ էլ սառնասիտ, կբացեր պայուսակը և կհավաքեր իրերը, բայց չի կարողացել: Նրա խոսքով՝ դա կնշանակեր, որ վերջ, այլևս չենք վերադառնա: Նա հավաքել էլ նույն պայուսակը, ինչը հավաքում էր տասը օրով Երևան մեկնելու ժամանակ:

Հիմա ՀՀ-ում է, էլի ունի իր սենյակը, որը նույն չորս պատերից է, սակավ իրեր, որոնք առաջին հայացքից էլի իրենն են, բայց զգացմունքը, որ այդ ամենն իրենն է՝ բացակայում է:

Պատասխանին հետևում է վերջին հարցը, իսկ արդյո՞ք չի փոշմանում: Այս անգամ արդեն երկար չի մտածում՝ «փոշմանում եմ, նույնիսկ չվերցված բացիկների համար եմ փոշմանում, տան վերջին չարված նկարի համար էլ եմ փոշմանում»:

Քրիստինա Ալավերդյան