LORIK humanitarian fund մարդասիրական հիմնադրամի օգնությամբ Արցախից բռնի տեղահանված 8 ընտանիք արդեն ապահոված է մշտական բնակության վայրով։ Այս անգամ շահառուները Լոռու մարզի Միխայլովկա գյուղում բնակված արցախցիներն են:
«Ուրախ եմ ասելու, որ այսօր առիթ ունենք այցելելու արցախցու տուն և տնօրհնեք իրականացնելու: Այսօր միանգամից 3 տնօրհնեք է»,- ասում է LORIK humanitarian fund-ի հիմնադիր Շանթ Չարշաֆճեանը: Արցախից բռնի տեղահանված երեք ընտանիքներ հայտնում են իրենց շնորհակալությունը բոլոր հանգանակողներին: Ընտանիքները ուրախությամբ և երախտագիտությամբ դիմավորեցին իրենց նոր տները։ Նրանց համար դրանք պարզապես պատեր չեն, այլ մի վայր, որտեղ նրանք կարող են վերականգնվել իրենց տան կորստից հետո: Նրանց երեխաների դեմքերի ուրախությունն ու հույսը լավագույն հաստատումն է, որ այս աջակցությունը մեծ նշանակություն ունի այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում։
Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանված Շանթ և Մարինե Չարշաֆճեաններին նմանեցնում են նոր սերնդի Մոնթեի և Սեդային։ Ամերիկայում ծնված և մեծացած Շանթը Հայաստան էր եկել 2020թ. պատերազմից առաջ։ Արցախի գեղատեսիլ վայրերն այցելելուց հետո զգաց, որ Մարտունին յուրահատուկ ձգողականություն ունի։ Նորաստեղծ ընտանիքը որոշեց «արմատներ գցել» Մարտունիում, սովորեցին բարբառը։ Զուգահեռ հասցնում էին օգնություն ցուցաբերել 2020թ. պատերազմից հետո զոհվածների ընտանիքներին։
Շրջափակման օրերին հնարավորություն ունեին Կարմիր Խաչի օգնությամբ դուրս գալու Արցախից, բայց նախընտրեցին մնալ ու շարունակել պայքարը։ 2023թ. պատերազմից հետո ապրած հիասթափությունը նրանց չստիպեց հեռանալ երկրից, այլ ոգևորեց զբաղվել հայրենանվեր գործով, նպաստել, որ հայը մնա հայրենիքում։
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: