Ի հիշատակ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին զոհվածների կհրատարակվի ալբոմ

  • 09:05 17.04.2024

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 արցախցի, որից 21-ը քաղաքացիական անձ, 21-ը՝ անհետ կորած են, Step1.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա հավելել է, որ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 238 մարդ, իսկ պայթյունից հետո 20 մարդու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Հանուն Հայաստանի և Արցախի «Հայաքվե» քաղաքացիական ժողովրդավարական նախաձեռնությունը մտադիր է հրատարակության պատրաստել 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված գիրք՝ ալբոմ։ Նախաձեռնությանը հաջողվել է կենսագրություններ և լուսանկարներ տրամադրած հարազատների միջոցով հավաքել և նույնականացնել 167 զոհերի անունները։

“Հայաքվեյում” ասում են, որ այլ նախաձեռնություններ ու քաղաքական ուժեր, անգամ Արցախի իշխանությունները նման աշխատանք չեն տանում։ Նրանք նաև նախատեսում են տվյալներ հավաքել ղարաբաղյան այլ պատերազմներում զոհվածների մասին:

f