Գարնան գալուստով ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումները հաճախակիացել են, այդ թվում՝ պարբերաբար գնդակոծվում է խաղաղ բնակչությունը։
Դաշտերում ու այգիներում աշխատող բնակիչների պարբերական գնդակոծությունների պատճառով վարելահողերի մեծ մասը մնացել է անմշակ։
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ միայն վերջին 10 օրվա ընթացքում խաղաղ բնակիչների և գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների, տների գնդակոծման 4 դեպք է արձանագրվել։
Մասնավորապես, հուլիսի 11-ին Չարեքտար գյուղում գնդակոծվել է բնակելի շենք և հողամաս, որտեղ աշխատում էր սեփականատեր Ա.Ա.
Հուլիսի 13-ին Ամարասի հովտում ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակել բերքահավաք կատարող քաղաքացիների ուղղությամբ։
Հուլիսի 14-ին ադրբեջանական դիրքերից Մաճկալաշեն գյուղի մերձակայքում ականանետային արկեր են արձակվել գյուղատնտեսական ցանքատարածությունների ուղղությամբ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և տեխնիկան։
Հուլիսի 15-ին Վերին Սզնեք համայնքի տարածքներում հունձի ժամանակ ադրբեջանցի զինվորականները կրակել են տրակտորի և բանվորների ուղղությամբ։
«Բոլոր դեպքերում գնդակոծության պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են»,- ասաց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նա հավելեց, որ ոստիկանությունն արձանագրում է հրադադարի խախտման այն դեպքերը, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց։
Ընդհանուր առմամբ, այս տարվա գարնանից Արցախի ՆԳՆ-ն արձանագրել է ադրբեջանական դիրքերից խաղաղ բնակչության գնդակոծման ավելի քան 30 դեպք։ Արցախի գյուղատնտեսության նախարարությունը նշել է, որ առաջնագծի գյուղերի մեծ մասում գյուղացիների գնդակոծության պատճառով համայնքային հողերի մեծ մասը մնացել է անմշակ։ Կամ հրետակոծությունից հետո այս տարածքներում աշխատանքներն այլեւս չեն իրականացվել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: