ՀՀ ԱԳՆ-ն արհամարել է Արցախ 60 ՀԿ-երի նամակը

  • 18:26 26.11.2024
Արարատ Միրզոյան – Ararat Mirzoyan, դուք արհամարհեցիք Արցախի ավելի քան 60 ՀԿ-ների կողմից ձեզ ուղղված նամակը, գրել է Ֆեյսբուքի իր եջում արցաղյան գործիչ Արթուր Օսիպյանը։
“Ամեն կերպ արհամարհում եք արցախցիներին, որպեսզի ալիևի աչքերին հաճոյանաք։ Մենք սա այսպես չենք թողելու”, գրել է նա։
Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցվել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Պարոն նախարար:

2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության քաղաքացիական հասարակության ավելի քան 50 կազմակերպություններ Ուղերձ են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Գործող նախագահ պարոն Յան Բորգին:

Այդ Ուղերձի պատճենն ուղարկում ենք Ձեզ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում:

Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի լուծարման փորձերը: Իր ապօրինի նկրտումներին իրավազորություն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից լկտիաբար պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման խնդրանքով:

Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար, այլև Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականորեն կարևոր շահերի ու իրավունքների և ՀՀ պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական նշանակության մեխանիզմից:

ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է:

Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դրանից բխած գործողությունները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների արդեն ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է: Ավելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքվի վարչակարգի անհիմն հավակնությունները:

Վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է սկզբունքորեն և հետևողականորեն հետամուտ լինեն ՀՀ կառավարության դատական հայցերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը:

Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի բռնատեղահանված բնակչությանն ընդունած երկիր, իրավունք ունի և պարտավոր է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի և կյանքի, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող անձանց ազատման, ինչպես նաև մեր քաղաքացիների մասնավոր ու հանրային սեփականության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ:

Հարկ է ընդգծել նաև, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական հարցերի (այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, անվտանգության ու իրավունքների երաշխավորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման) հասցեագրման՝ անհնար է պատկերացնել որևէ տևական, արդար ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցություններում այս և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների դիտավորյալ անտեսումը չի կարող իրավաչափ ու արդյունավետ հիմքեր ձևավորել կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության համար:

Արցախի ՀԿ-ների ստորագրություններ

f