«Այս խառնիճաղանջը դուք եք ստեղծել, ձեր որոշմամբ է ստեղծվել։ Հիմա այս խառնիճաղանջի միջից ուզում եք դուրս գալ, ինքներդ էլ չեք իմանում ինչպես դուրս գալ։ Եվ շահառուներին գցել եք նույն խառնիճաղանջ իրավական ոլորապտույտի ու անպտուղ քննարկումների մեջ»,- Ազգային ժողովում արցախցիների քաղաքացիության հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։
Նրա խոսքով՝ մինչ այս նորմալ գործընթաց էր՝ թե քաղաքացիության, թե գույքի, թե ընտրությունների հարցերը կարգավորվում են սահուն։
«Ես ինքս հանդիսացել եմ ՀՀ քաղաքացի, բայց քվեարկել եմ Արցախում՝ հաշվառման սկզբունքով։ Այսինքն՝ հակառակն էլ է եղել»,- ասաց նա։
Ըստ Պուլուզյանի՝ այս իրավիճակն է ստեղծվել, որովհետեւ սկզբունքը փոխվել է․ ազգային գաղափարախոսությունն իշխանությունների կողմից փոխվել է ապազգային գաղափարախոսության։ «Երբ որ ապազգային լինի գաղափարախոսությունը, անձնագիրն էլ ես ուրանալու, քաղաքացիությունն էլ ես ուրանալու։ Իրականությունը սա է, ինչքան ուզում եք իրավական նորմեր բերեք, դա չի արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: