Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 5-ի երեկոյան, Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից Ալեքսանդր Էլիսաշվիլին, ինչպես նաև Ախալի ընդդիմադիր կուսակցության անդամ Զուրաբ Դաթունաշվիլին։ Ըստ լրատվամիջոցների՝ ընդդիմադիրներին բերման են ենթարկել հյուրանոցի ելքի մոտ՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու, որտեղ ընթանում է բողոքի ակցիան։
Դրանից մի քանի ժամ առաջ անվտանգության ուժերը ձերբակալել էին ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների վրացական կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիային՝ մանր խուլիգանության և ոստիկանության պահանջները չկատարելու վարչական գործով։ Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, ծեծի է ենթարկվել, ասել է քաղաքական գործչի փաստաբան Դիտո Սաձաղիշվիլին։ «Նրա որովայնին հարված է հասցվել, և հարվածներից մեկի ժամանակ օդի բացակայության պատճառով մի քանի վայրկյան ուշագնաց է եղել։ Ընդհանուր առմամբ, նրա առողջական վիճակը բավարար է»,- փաստաբանի խոսքը մեջբերում է թբիլիսյան SOVA հրատարակությունը։ Նրա պաշտպանյալի դատավարությունը պետք է տեղի ունենա 48 ժամվա ընթացքում։ «Այս կամ այն առաջնորդի ձերբակալությունը չպետք է ազդի վրաց ժողովրդի ռուսական ռեժիմի դեմ բողոքի վրա»,- հայտնել է փաստաբանը Գվարամիայի խոսքերը։
Դեկտեմբերի 4-ի կեսօրին Թբիլիսիում խուզարկվել են մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակները՝ «խմբակային բռնություն կազմակերպելու վերաբերյալ» քրեական գործի շրջանակներում։ Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության պետ Թեյմուրազ Կուպատաձեն հայտարարել է յոթ մարդու բերման ենթարկելու մասին։
Վրաստանում բողոքի ցույցերը չեն հանդարտվում արդեն յոթ օր, բայց իշխանություններն արդեն սկսել են “հակահեղափոխությունը”։