Արցախի ԱԺ նիստ՝ Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ

  • 13:06 10.12.2024

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ։

Նիստին հրավիրված են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ կարեւոր ուղերձներ են ընդունվել։ Այդ ուղերձները կփոխանցվեն միջազգային հանրությանը, Մինսկի խմբի եռանախագահ երկրներին։

«Արցախի հարցը փակված չէ, էթնիկ զտում ու ցեղասպանություն է տեղի ունեցել։ Եվ դրա արդյունքում հայրենազրկվել են 150 հազար մեր քույրերն ու եղբայրները։ Եվ մեր պարտքն է, որպեսզի ամեն օր աշխատել է այդ ուղղությամբ։ Նույն միջազգային հանրության տարբեր դերակատարներն էլ են դրա մասին բազմաթիվ հայտարարություններ արել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արցախահայերի վերադարձի իրավունքը դառնա օրակարգ։ Ցավոք սրտի, միակ երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, որն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում։ Ողբերգությունն այն է, որ դրա մասին խոսում են շատ երկրներ, բացի ՀՀ կառավարությունից եւ իշխանություններից»,- ասաց նա։