“Ծառից թուղթ”. Լեո Քալաշյանի “պատերազմի թափոններից” ցուցահանդեսը

  • 14:36 15.12.2024

Նկարիչ, քանդակագործ Լեո Քալաշյան։ Երևանի Պ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսի ուսանող: 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների մասնակից։

Դեկտեմբերի 11-ին քոլեջի պատկերասրահում տեղի ունեցավ նրա առաջին ցուցահանդեսը՝ Արցախում զինվորական ծառայության ընթացքում և 44-օրյա պատերազմի ժամանակ հանգստի հազվագյուտ պահերին արված աշխատանքները։

«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ծառայության ընթացքում գտա դեն նետված, վնասված ու ժամանակի փոշու մեջ մոռացված գրքերի թափոններ։ Ազատ ժամանակ կարդում էի (եթե հնարավոր էր կարդալ մաշված թերթերը), մտքով ճամփորդում ժամանակի մեջ, բացահայտում, ինչ-որ դեպքերում կռիվ տալիս կամ համաձայնում, ապրումակցում։ Տարբեր իրավիճակներ էին, տարբեր հոգեվիճակներ։ Այդ ընթացքում զանազան նյութեր՝ թղթեր, խաղալիքներ, կենցաղային այլ իրեր ինքնաբերաբար դարձան միջոց ամենատարբեր թեմաների շուրջ իմ սեփական պատկերացումներն ու հույզերը հավաքելու, մեկտեղելու համար։ Հետզհետե նյութը դարձավ դոմինանտ, քանզի յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը, հիշողությունը, և նյութն էր հուշում ձևն ու բովանդակությունը։ Սեփական մտքերիս ու նյութի երկխոսության արդյունքում սկիզբ առան գրաֆիկաների, ապա կոլաժների շարքերը։ Այդպիսով, ցուցադրության յուրաքանչյուր պատկեր՝ շրջապատող իրականությունը նորովի վերաձևելու, կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելու, բացատրություններ փնտրելու փորձ է՝ վերաիմաստավորման հնարավորություն։

Դա դժվարին պահին կորսված աշխարհը, ձևը, եղանակը, կյանքը, գեղեցիկը վերագտնելու ճանապարհն էր/է։

Գեղեցիկը ստեղծվեց մոռացվածից, մոռացվածն էլ օգնեց գտնել կորցրածը։ ԼԵՈ».

«Ծառից թուղթ» համակարգող ու քոլեջի ցուցահանդեսների պատասխանատու Ելենա Մովսեսյանը նշել է, որ ցուցահանդեսը ստացվել է թիմային աշխատանքի շնորհիվ: Դա հեղինակ՝ Լեո Քալաշյանն է, համադրողներ՝ Հասմիկ Կարապետյանը և Մերի Սահակյանը, գրաֆիկական դիզայներ՝ Նարեկ Ասլիկյան:

Մովսիսյանը նշեց, որ «քոլեջում մենք պարբերաբար կազմակերպում ենք մեր ուսանողների անհատական կամ համատեղ ցուցահանդեսներ, և սա լավ սկիզբ է ապագայում նրանց ստեղծագործական նվաճումների համար»։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարներ և տեսանյութ՝ Վիկտորիա Գրիգորյանի