news.am «Լինում է, չի լինում». այսպես են սկսվում հայկական հեքիաթները։ «Լինում է, չի լինում. եղել է դրախտ երկրի վրա, եւ այն կոչվում էր Արցախ. այսպես է սկսվում Էմիլի Մկրտչյանի վավերագրական ֆիլմը՝ նվիրված արցախցի կանանց։ Այն արժանացել է քննադատների բարձր գնահատականին աշխարհում եւ դարձել «DOC NYC» վավերագրական ֆիլմերի փառատոնի մասնակից Նյու Յորքում։
Երեւանում ֆիլմը հանդիսատեսին ներկայացվել է Հայաստանում KIN կանանց միջազգային ֆիլմերի փառատոնի շրջանակում, որը ներկայացնում է կին ռեժիսորների ինքնատիպ ֆիլմերը։
Ֆիլմի հերոսուհիներն են՝ Սվետլանա Հարությունյան, Գայանե Համբարձումյան, Սիրանուշ Սարգսյան, Սոսե Բալասանյան։ Ռեժիսոր՝ Էմիլի Մկրտչյան։
Փորձենք պարզել, թե ինչով է ֆիլմն արժանացել այսքան մեծ ուշադրության։
Թեման. թերեւս ամենաակնհայտը թեմայի արդիականությունն է, որին նվիրված է ֆիլմը։ Ինքը՝ ռեժիսորը, դեռ պատերազմի սկսվելուց առաջ պատրաստվում էր դանդաղ ու մեդիտացիոն ֆիլմ նկարել արցախցի կանանց կյանքի մասին, բայց երբ Արցախում ողբերգական ժամանակներ սկսվեցին, ռեժիսորը որոշեց մնալ եւ նկարահանել այն, ինչ կար եւ տեղի էր ունենում ներսից։ Այսպես ծնվեց մի ֆիլմ, որը միավորում է խաղաղ ժամանակ արցախցի կանանց կյանքի պատմությունը եւ նրանց պայքարը պատերազմի ժամանակ։
Պատմության կենտրոնում չորս կանայք են՝ Սվետլանան, Սիրանուշը, Գայանեն եւ Սոսեն։
Սվետլանան կին է, որն ապրում է իր դուստրերի հետ եւ աշխատում է որպես սակրավոր։ Սվետլանայի ավագ դուստրը զինվորական դպրոցի կուրսանտ է։ Սիրանուշը ժպտերես կին է, որը մասնակցում է ընտրությունների, Գայանեն Արցախում կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ է։ Սոսեն երիտասարդ մարզիկ է, չեմպիոն և մանկական ձյուդոյի մարզիչ։
Չորս կանայք տարբեր կյանքեր ունեն, բայց կապված են ընդհանուր համատեքստով։ 2018թ. համեմատաբար խաղաղ ժամանակներում կանայք կազմակերպում են իրենց կյանքը, հոգ են տանում իրենց ընտանիքների մասին եւ մեծ հավակնություններ ունեն, ինչի շնորհիվ էլ հասնում են իրենց նպատակներին։
Սվետլանան պահում է ընտանիքը եւ հոգ է տանում դուստրերի մասին։ Կինը դժվար գործով է զբաղված, բայց իր կյանքում երազանքներն ու գեղեցկությունը տեղ ունեն։
Սիրանուշն առաջադրում է իր թեկնածությունն ընտրություններում՝ հիշեցնելով, որ կինը կարող է աշխարհը փոխել ոչ միայն իր գեղեցկությամբ։
Սոսեն, նայելով իր բազմաթիվ մեդալներին, երազում է էլ ավելի բարձր բարձունքների հասնելու եւ աշխարհի չեմպիոն դառնալու մասին։
Գայանեն սովորական պայմանականություններից դուրս բարձրացնում է կանանց ինքնորոշման և ինքնիրացման կարևոր խնդիրները։
2020 թվական։ Երբ սկսվում է պատերազմը, Սվետայի, Սիրանուշի, Գայանեի ու Սոսեի երազանքներն ու նպատակները հետին պլան են մղվում, եւ նրանցից յուրաքանչյուրը, գտնվելով պատերազմի ու կորստի համատեքստում, ապրում է իր ցավն ու վախը։
Երբ ականների և արկերի տարափը հարվածում է Ստեփանակերտին, Սվետլանան ղեկավարում էր մի թիմ, որն ահազանգում է բնակչությանը վտանգավոր ռումբերի մասին՝ մարդկանց զգուշացնելու համար:
Սիրանուշը, որոշելով պաշտպանել իր մերձավորներին, ճանապարհում է նրանց՝ ինքը մնալով Արցախում։ Գայանեն ընդլայնում է իր հիմնադրամի գործունեությունը եւ սկսում սոցիալական օգնություն կազմակերպել տուժածներին եւ կարիքավորներին։ Սոսեն թողնում է իր մարզական հավակնությունները եւ մեկնում ռազմաճակատ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում փլուզվում կանանց երազանքներն ու ծրագրերը՝ նրանց թելադրելով նոր եւ միակ կանոնը՝ գոյատեւելու:
Շատ արագ փխրուն եւ երջանիկ կանանց պատմությունը վերածվում է վավերագրական պատմության ուժեղ եւ պայքարող կանանց մասին, որոնք ստիպված են այդպիսին դառնալ:
Ֆիլմը պարզ ցուցադրում է կյանքի երկիմաստությունը, որում համադրված են գեղեցկությունն ու պատերազմը, երջանկությունն ու ցավը, երազանքներն ու պարտականությունը։
Ամբողջությամբ կարդացեք news.am-ում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: