Ստեփանակերտի մանկապարտեզներում սնունդը կբավարարի 7-8 օր

  • 12:15 24.08.2023

Երեկ տեղեկություն եղավ, որ Ստեփանակերտում սննդի պակասի պատճառով փակվում են մի շարք մանկապարտեզներ, իսկ մինչև շաբաթվա վերջ փակ կլինեն մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները։

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պարզաբանել են, որ, իրոք, վերջին երկու օրերին հացի հետ կապված խնդիրներ են եղել ալյուրի բացակայության պատճառով, սակայն խնդիրը կարգավորվել է։ Գերատեսչությունից, սակայն, նշել են, որ տոտալ շրջափակման պատճառով սննդամթերքի և հացի պակաս կա, ուստի խնդրահարույց է դառնում մանկապարտեզներին լիարժեք պլանային սնունդով ապահովելը։ «Սակայն կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, մանկապարտեզները կաշխատեն առնվազն մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ հետո՝ ըստ իրավիճակի»,- ասացին վարչությունից։

Արցախի մայրիկների աջակցության կենտրոնի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը դիմել է Արցախի կառավարությանը՝ առաջարկելով արգելել տոնական բոլոր զանգվածային միջոցառումները և նախատեսված սնունդը բաժանել մանկապարտեզներին։

«Ծնողները ծանրաբեռնված են. ստիպված են ոտքով գնալ աշխատանքի, ժամերով հերթ կանգնել, բազմաթիվ կենցաղային ու ֆինանսական խնդիրներ լուծել: Պետք է ինչ-որ բան անել աշխատող ծնողների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Նույն խնդիրներն են սպասում դպրոցներին, քանի որ առջեւում ձմեռ է, տրանսպորտ չկա, ջեռուցման, սննդի հետ կապված խնդիրներ կան»։

Հասարակական գործիչը խնդրեց իշխանություններին տեղեկացնել հանրությանը, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի երեխաները չզրկվեն կրթության իրավունքից։

Ալվարդ Գրիգորյան

f