Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ապահովել մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ տեղափոխումը Արցախում, հայտնում է 1lurer.am-ը։
«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և նրա բնակչության մարդու իրավունքների կապակցությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո։ Ես վերահաստատում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախորդ կոչը»,- նշված է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հրապարակած հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն էլ ավելի է վատթարացել, հատկապես ազդելով առավել խոցելի խմբերի վրա՝ մարդկանց տեղաշարժի, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվել է կյանքեր փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի խնդրի հետ:
Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն անվտանգ ու ազատ անցում նրանց համար, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում են մարդու իրավունքների պաշտպանություն: Ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։
Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան կողմերի հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները»,- ասել է Միյատովիչը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: