Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորություններն այս պահին ավարտված են։ Այս մասին լրագրողներին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Մոտ օրերս Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այդ հարցի վերաբերյալ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Ես այժմ իմ լիազորություններից դուրս եմ համարում նրա վերընտրվելու կամ որեւէ հարցի շուրջ հրապարակային հայտարարություններ կատարել»,- ասաց նա։
Երիցյանը նաեւ ասաց, որ Հայաստանում վտարանդի կառավարություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանը բացառապես շարունակում է պաշտպանել Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի շահերը՝ անկախ նրանից՝ դրանք ընդդիմադիր, թե իշխանական հայտարարություններ են։ Ըստ փաստաբանի՝ Շահրամանյանին դա չի հետաքրքրում, հետաքրքրում են բացառապես Արցախի ժողովրդի շահերը։
Ավելի վաղ step1.am-ը գրել էր, որ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները սահմանված ժամկետում Արցախի նախագահի թեկնածու չեն առաջադրել, հետեւաբար, Արցախի նախագահ չի ընտրվել։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավաման ժամկետը լրացել է, եւ հիմա նախագահի պարտականությունները կատարում է Արցախի ԱԺ նախագահը։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի լիազորությունները մայիսի 21-ին ավարտվել էին։ Եվ մայիսի 21-ին Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել, որի ընթացքում ԱԺ նախագահ էր ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը: ԱԺ նախագահ ընտրելուց հետո խորհրդարանում ներկայացված խմբակցությունները 7-օրյա ժամկետում պետք է Արցախի նախագահի թեկնածու առաջադրեին, սակայն առաջադրում չի եղել։
Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունների կողմից ճնշումներ են գործադրվել Արցախի ԱԺ պատգամնավորների վրա, որպեսզի թեկնածու չառաջադրեն։