
Ազգային ժողովում հոկտեմբերի 13-ին կազմակերպված քննարկման ժամանակ արցախցիները մի շարք առաջարկություններ են ներկայացրել կառավարության անդամներին։ Առաջարկությունների մեծ մասը վերաբերում են արցախցիների բնակապահովման ծրագրին։
Կառավարության բնակապահովման ծրագիրն ի սկզբանե արդյունավետ չէ, դա է պատճառը, որ 2024 թվականից մեկնարկած ծրագրով ընդամենը 8643 ընտանիք է հավաստագիր ստացել, բայց իրացվել է 4991 հավաստագիր։ Այսինքն՝ հավաստագիր ստանալը դեռեւս չի նշանակում այն իրացնել, քանի որ արցախցի ընտանիքներից շատերը չեն կարողանում հարմար բնակարան գտնել, որպեսզի գնեն։ Անշարժ գույքի գների բարձրացումը խոչընդոտներ է ստեղծում այս ծրագրի իրացման համար։ Թեեւ երեւանամերձ համայնքներում մեկ անձի համար հավաստագրի արժեքը 4 մլն դրամ է սահմանվել, սակայն զուգահեռ տների թանկացում է տեղի ունեցել։
Քննարկման ժամանակ բնակապահովման ծրագրի վերաբերյալ հիմնական առաջակությունները ներկայացրեց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ Ի՞նչ առաջարկություններ ունեն արցախցիները։
Առաջին առաջարկությունը հավաստագրով տրվող գումարի ինդեքսավորմանն է վերաբերում։ «Գործող սահմանաչափերը կարող են արդիական լինել որոշակի ժամանակ, բայց երբ անշարժ գույքի գները թանկանում են, գործող սահմանաչափերը պետք է փոփոխվեն։ Եվ առաջարկում ենք սահմանել հավաստագրի աջակցության լողացող չափ, որ չափը փոփոխվի։ Օրինակ՝ եթե անշարժ գույքի շուկան 23 տոկոս գնաճ է արձանագրել, համաչափ ըստ գնաճի կամ գնանկման չափի պետք է վերանայվի հավաստագրի աջակցության չափը»,- ասաց Դավիթ Հովհաննիսանը։
Մյուս խնդիրն այն է, որ չի թույլատրվում դրական մնացորդն ուղղել արցախցիների սպառողական վարկերի մարմանը։ Դավիթ Հովհաննիսյանն օրինակ ներկայացրեց․ «Եթե անձն Աշտարակում ձեռք է բերել բնակարան, նաեւ սպառողական վարկ է վերցրել, հետո 5 մլն դրամ դրական մնացորդ ունի, կառավարության համար այստեղ լրացուցիչ ֆինանսական բեռ չկա, ուղղակի անձին պետք է թույլատրենք, որ այս միջոցը կարողանա ուղղել նաեւ վարկի մարմանը եւ թեթեւացնել իր վարկային բեռը»։
Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ սպառողական վարկերի վրա վերահսկողություն չեն կարող ունենալ։ Մարդը կարող է սպառողական վարկը վերցնել իր այլ նպատակների համար, հետո պետությանն ասել՝ թույլ տվեք այդ դրական մնացորդով վարկը փակել։
Անդրադառնալով հավաստագրով տրամադրվող գումարի չափի փոփոխությանը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե լողացող չափ սահմանեն, գնաճն էլ ավելի կխթանվի։ «Մենք դրանով ասելու ենք՝ հարգելի եւ սերտֆիկատի տերեր, եւ անշարժ գույքի տերեր, մենք ամեն տարի ինդեքսավորելու ենք։ Մարդիկ էլ կասեն՝ ինչո՞ւ դեկտեմբերին տուն առնենք, հեսա հունվարին ինդեքսավորելու են, հունվաին կառնենք։ Այսինքն՝ մենք մեր գործողություններով արհեստական գնաճ ենք գեներացնելու։ Այնպիսին լուծումներ պետք է գտնենք, որ հավելյալ գնաճ չառաջացնենք»։
Արցախցիների առաջարկությունների մյուս խումբը վերաբերում է փոքր կազմով ընտանիքներին։ Հայտնի է, որ այս ընտանիքների դեպքում առանձին խմբերի համար գործում է երկարաժամկետ վարձակալության ծրագիրը, որից, սակայն, արցախցիները գերթե չեն օգտվում։ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ ծրագիրը կա, բայց տարիքային սահմանափակումներով, որն արդյունավետ չի գործում։
Արցախցիներն առաջարկում են փոքր ընտանիքների դեպքում, անկախ ընտանիքի կազմից, նվազագույն ընդհանուր գումարի շեմ սահմանել, օրինակ, 8 մլն դրամ։ Առաջարկում են թույլատրել հավաստագրի օգտագործումը մոդուլային տների կառուցման համար, որոնց տարբերակները կսահմանի կառավարությունը։ «Կան մարդիկ, որ արդեն գնել են էկոտներ, ավելի լավ չի լինի՞, եթե պետական աջակցությունից օգտվելով դա անեն»,- ասացին նրանք։
Նաեւ առաջարկում են փոքր ընտանիքների համար կառուցել սոցիալական կացարաններ՝ պետական եւ համայնքային բնակարանային ֆոնդ ստեղծել եւ հնարավորություն տալ վարձակալել ու գնել այդ տները։
Արսեն Թորոսյանն ասաց, որ կառավարությունը կողմ չէ մոդուլային տների գնումը ֆինասավորելուն։ «Ի՞նչ է մոդուլային տունը, ոչ մի բան է ըստ էության՝ իրավունքի գրանցում չկա, այսօր կա, վաղը չկա։ Պետությունը ո՞նց դրան փող ուղղի եւ հույս ունենա, որ մարդը այդտեղ ապրելու է, իրեն մի օր չեն ասելու՝ վեր կաց։ Փոքր ընտանիքների հարցերը լուծելու մեջ ամենամեծ պրոբլեմը գիտե՞ք որն է՝ չարաշահումները։ Երբ դու փոքր ընտանիքին այլ կարգավիճակ ես տալիս, օրինակ, ասում ես, քեզ 4 մլն-ի փոխարեն տալիս եմ 6 մլն, 7 մլն, ես կարող եմ նկարագրել, թե ինչ տեղի կունենա՝ բոլոր ընտանիքները միանգամից կփոքրանան։ Կկիսվեն եւ որոշեն, որ իրենք փոքր ընտանիք են։ Մենք այդ պրոբլեմները հասկանում ենք, բայց պիտի այնպիսի լուծումներ տանք, որպեսզի նոր խնդիրներ չառաջացնենք»,- նշեց Թորոսյանը։
Արցախցիների բարձրացրած մյուս հարցը հիփոթեքային վարկի հասանելիությանն է վերաբերում։ Առաջակում են առաջնային շուկայից գնումների դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը միայն արցախցիների համար հասանելի դարձնել ՀՀ ամբողջ տարածքում։ Նշենք, որ Երեւանում եւ երեւանամերձ համայնքներում այս ծրագիրն այլեւս չի գործելու։
Երկրորդ առաջարկը վերաբերում է առանձին խմբերի համար հիփոթեքային վարկի տոկոսների սուբսիդավորմանը, օրինակ, հաշմանդամություն ունեցողների, զոհվածների ընտանիքների, փոքր ընտանիքների համար։
Կառավարության համար այս առաջարկը եւս ընդունելի չէ։ «Եկամտային հարկի աշխարհագրությունը չսահմանափակելը նույն բանն է ստացվում, որ ուզում եք՝ բոլորն ապրեն Երեւանում կամ երեւանամերձ մարզերո՞ւմ։ Մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա, որովհետեւ նախ թանկ է Երեւանում, երկրորդը, մենք ուզում ենք, որ ապակենտրոնացում լինի։ Երանում արդեն շարժվելու տեղ չկա»,- աձագանքեց Արսեն Թորոսյանը։
Արցախցիները հակադարձում են նախարարին եւ ասում, որ հեռավոր մարզերում աշխատատեղեր չկան, դա է պատճառը, որ մեծ մասը գերադասում են բնակվել երեւանամերձ համայնքներում։
Դեռ հայտնի չէ, թե արցախցիների ներկայացրած առաջարկությունների քանի տոկոսը կընդունի կառավարությունը, եւ ինչ փոփոխություններ կիրականացվեն բնակապահովման ծրագրում։ Բայց քննարկումից հետո Արսեն Թորոսյանն ասաց, որ հավաստագրերի գումարի բարձրացում չի նախատեսվում առաջիկայում։
«2027 թվականի բյուջեն ծրագրավորված է այնպես, որպեսզի սպասարկի արդեն տրված հավստագրերը եւ նոր տրվող հավաստագրերը։ Մենք մեր գործընկերներից ստացանք առաջարկություններ՝ շտկումներ անելու ծրագրում, որոնք կդիտարկենք, բայց գումարի բարձրացման որոշում չկա այս պահին»,- ասաց Թորոսյանը։
Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը հանդիպումից հետո ասաց, որ սպասում են, որպեսզի մինչեւ տարեվերջ կառավարությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծելու ուղղությամբ։