Երեք երեխաներիս համար 100000 դրամից ավել հագուստ ու կոշիկ եմ պատվիրել

  • 12:00 28.08.2025

Նոր ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Այդ օրը բոլոր երեխաները ցանկանում են հավուր պատշաճի ներկայանալ դպրոց հագնել նոր հագուստ, կոշիկ ու կրել գեղեցիկ պայուսակ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ծնողները կրկին կանգնած են խնդրի առաջ՝ ինչպես պատրաստել երեխային, որ կարողանան տեղավորվել ընտանեկան բյուջեի մեջ։ Առանձնապես դժվար է տեղահանված արցախցիների համար, ովքեր ապրում եմ վարձակալած բնակարններում և մի կերպ են կարողանում վճարել վարձավճարները կկարողանա՞ն արդյոք հավուր պատշաճի պատրաստվել։ Իհարկե, բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաները լավ տեսք ունենան և ուրախ սրտով մտնեն դպրոց։

Փորձեցինք ծնողներից իմանալ, թե ինչպես են պատրաստվում և ինչքան գումար է հարկավոր դպրոցին նախապատրաստվելու համար։

Մարիաննա Գուրգենյանը 4 դստրերի մայր է բնակվում է Մեծամորում

-Ճիշտն ասած, հունիս ամսվանից եմ պատրաստվում նոր ուսումնական տարվան, որպեսզի կարողանամ երեխաներին, ինչպես Արցախում, այստեղ ևս կոկիկ ուղարկել դպրոց։  Հիմնականում համացանցով եմ պատվերներ տվել ու ավելի մատչելի գներով մաս-մաս ձեռք բերել ։ Չհաշված գրենական պիտույքները, երեք երեխաներիս համար ավելի քան 100000 դրամ գումարի հագուստ ու կոշիկ եմ պատվիրել։ Եթե գնեի խանութներից կամ շուկայից, համոզված եմ՝ կվճարեի դրա կրկնապատիկը։ Ավագ դուստրս՝ Մանեն, սովորում է Արմավիրի արվեստի պետական քոլեջի <<Դիզայն և մոդելավորում>> բաժնում։ Արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի է, գերազանց գնահատականների շնորհիվ անվճար է սովորում, ինչը օգնում է մեր ընտանիքի ֆինանսական վիճակին։ Նարեն ու Մարիան դպրոց են գնում, փոքրս՝ Եվան, դեռ մի տարեկան չկա։

Իհարկե, դժվարություններ շատ կան, սակայն ամուսնուս հետ փորձում ենք մեր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովել, անել ամեն ինչ, որ նորմալ կրթություն ու դաստիարակություն ստանան։ Արցախում հիմքը լավ է դրվել, ու մենք անում ենք հնարավորը, որ նրանք հաստատուն քայլերով առաջ գնան։

Ամբողջ ամռան ընթացքում ամուսինս աշխատել է, հող մշակել, որ կարողանանք ապահովել մեր ընտանիքի կարիքները։ Մեզ օգնում են նաև ամուսնուս ու իմ ծնողները։

Անահիտ Սարգսյանն ապրում է Վանաձորում ունի 2 դպրոցահասակ որդի

-Երեխաների համար գնել եմ հագուստ (վերնաշապիկներ, տաբատներ) ու կոշիկ՝ յուրաքանչյուրի համար ծախսելով 50 հազարական դրամ։ Դեռևս պայուսակ ու գրենական պիտույքներ չեմ գնել, որովհետև գումարը չի հերիքել։ Սպասում եմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը իմ աշխատավարձը տրամադրեն, որ կարողանամ լրացնել պակասը։ Ասում են՝ տղաներին հեշտ է պատրաստել դպրոց գնալու համար, սակայն դա այդպես չէ։ Տղաներս արդեն ավագ դպրոց են հաճախում, նրանց պահանջները մեծ են, սակայն կարողանում ենք իրար հետ փոխըմբռնում գտնել։ Ավագ որդուս խոստացել եմ հաջորդ տարի միջնակարգն ավարտելու կապակցությամբ կոստյում գնել։ Կարևորը խաղաղություն լինի։

Անուշ Գաբրիելյանն ապրում է Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղում ունի 5 երեխա, որոնցից 4-ը դպրոցահասակ են

 -Ամեն տարի այս օրերին եռուզեռի մեջ ենք ընկնում, որովհետև բազմազավակ ծնողի համար հեշտ չէ երեխաներին դպրոց ուղարկել։ Չորս երեխաներս գնում են դպրոց։ Այս տարի 4-րդ երեխաս առաջին դասարան է հաճախելու։ Նրան առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացնենք ու ամեն ինչ նորը ձեռք բերենք։ Մենակ պայուսակներ ու գրենական պտույքներ ենք գնել։ Նախատեսում ենք այս օրերին նաև հագուստ ու կոշիկ գնել որևէ էժանագին խանութից։ Թեև գիտենք, որ էժան ապրանքն այնքան էլ որակյալ չէ, սակայն մեր ֆինանսական վիճակը մի կերպ դա կարող է թույլ տալ։ 4 երեխաներիս համար առնվազն 200000 դրամ գումար է հարկավոր։

Արևիկ Գրիգորյանը մեկ դուստր ունի ապրում են Երևանում

-Իմ աղջիկն արդեն պատրաստ է դպրոց գնալու։ Իհարկե, նախորդ տարվա հագուստը ևս կհագնի ուսումնական տարվա ընթացքում։ Այս տարվա համար դպրոցական, սպորտային հագուստ, կոշիկներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու համար ծախսել եմ մոտ 60 հազար դրամ։ Աղջիկս արդեն հաճախում է 4-րդ դասարան, ինչպես նաև տարբեր խմբակներ։ Լավ է սովորում, մենք փորձում ենք նրան տալ այն ամենն, ինչ հարկավոր է յուրաքանչյուր երեխայի, իսկ դա անհոգ ու ապահով մանկությունն է։ Երեխան մեղավոր չէ, որ բռնատեղահանվել է իր հայրենիքից։ Նա պետք է դպրոց գնա, սովորի ու լավ մարդ դառնա։

Ամեն տարի սեպտեմբերի 1-ի նախօրեին նույն եռուզեռն է տարբերությունն այն է, որ տարեցտարի թանկացում է նկատվում ամեն ինչի մեջ։ Մեկ երեխայի համար առնվազն 50000 դրամ գումար է հարկավոր։ Ծնողները կաշվից դուրս են գալիս, որ կարողանան իրենց երեխաներին ուղարկել դպրոց, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում։ Կան ծնողներ (չցանկացան բացահայտվել), որոնց երեխաները սեպտեմբերի 1-ին դպրոց չեն գնալու, քանի որ պատրաստ չեն այդ կարևոր օրվան մի քանի օրից հետո կգնան, որ չնեղվեն իրենց հագուկապից, որ չհամեմատվեն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ