
«Միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ արցախահայությունն ունի հավաքական վերադարձի իրավունք։ Թե ինչ մեխանիզմներով դա կիրականացվի, ինչքան ժամկետներում, այլ հարց է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով են պատկերցնում արցախցիների վերադարձը։
«Վերադարձի մեխանզմները շատ ուժեղ կախվածության մեջ են տարածաշրջանում ստեղծված իրավիճակից։ Եվ, կարծում եմ, այսօր ներկայացնել ինչ-որ ծրագիր, մի քիչ անիրական կլինի, որովհետեւ իրադարձությունները շատ արագ փոխվում են, տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը եւ խնդիրները շատ արագ փոխվում են։ Այսօր մենք փորձում ենք արցախահայության՝ հավաքական առումով անելիքները հսկողության տակ պահել։ Եվ համապատասխան բարենպաստ պայմաններում մենք հանդես կգանք մեր դիրքորոշման արտահայտմամբ։ Իրավիճակը շատ արագ փոփոխվում է՝ այն, ինչ անիրատեսական է այսօր, վաղը կարող է իրատեսական դառնալ»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե արցախցիների վերադարձի հարցը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը՝ Բաղունցն ասաց․ «Մենք շատ իրատեսական ենք մոտենում այդ հարցի լուծմանը ու միշտ էլ հաշվի ենք առնում ՀՀ անվտանգության խնդիրները»։