
«250 մլն վարկ եք վերցնում, որպեսզի արցախցիներին փորձեք ապահովել բնակարաններով։ Վստահ լինե՞նք, որ էդ գումարներն ամբողջությամբ ծախսվելու են այդ նպատակի համար»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Նա հարցրեց՝ 250 մլն-ով քանի՞ ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են։
«Դուք ծրագրից քիչ օգտվելու համար միայն քաղաքացիության պատճառն եք նշում, բայց դա այդպես չէ։ Ես ուզում եմ, որ դուք հստակ նշեք՝ ՀՀ քաղաքացիություն ստացած 26 հազար մարդկանցից քանի՞սն են դիմել եւ քանի՞սն են ստացել հավաստագիր։ Պատճառը միայն քաղաքացիությունը չէ, այնտեղ ձեր դրած ծանր չափորոշիչներն են՝ վարկային պատմության ու եկամուտների հետ կապված։ Քանի՞ մարդ է դիմել, քանի՞սն են ստացել հավաստագիր, մնացածն ինչո՞ւ չեն ստացել եւ ի՞նչ պատճառներով»,- հարցրեց պատգամավորը։
Դավիթ Խաչատրյանն ասաց, որ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է հավաստագիր, մարդկանց թիվը չունի։ «Բայց 26 հազար անձինք, որոնք ստացել են քաղաքացիություն, չի կարելի համարել, որ նրանք բոլորը ընտանիքների հանրագումարով են ստացել, որովհետեւ կարող է լինել այնպես, որ ընտանիքի 6 անդամից 5-ն արդեն ստացել են եւ այդ 26 հազար մեջ են։ Այս դեպքում ընտանիքը դեռեւս չի կարող դիմել եւ ստանալ հավաստագիր»,- նշեց փոխնախարարը։
Անդրադառնալով վարկային միջոցները նպատակային ծախսելու հարցին՝ Դավիթ Խաչատրյանն ասաց․ «Եթե ծանոթ եք վարկի համաձայնագրին, ապա այնտեղ հստակ նշված է, որ դրանք միայն այդ նպատակով կարող են ծախսվել, եւ որեւէ այլ նպատակով մասհանումներ չեն կարող իրակացվել»։
«Պարոն Խաչատրյան, ՀՀ քաղաքացիություն ստացած 26 հազար մարդուց քանի՞ մարդ է դիմել ու չի ստացել հավաստագիր։ Ուզում եմ հստակ ներկայացնեք էն մարդկանց կամ շահառուների թիվը, որոնք չեն ստացել հավաստագիր եւ ինչ պատճառաբանություններով»,- հարցադրումը շարունակեց պատգամավոր Արման Ղազարյանը։
«Ձեռքիս տակ հստակ թիվ չունեմ հենց էս պահին, բայց եկեք պարզ հաշվակ կատարենք՝ 3810 ընտանիք ստացել է հավաստագիր։ Եթե հաշվի առնենք այն, որ առաջին փուլում դիմում էին մեծ կազմով ընտանիքները, միջինում ընտանիքների անդամների թիվը կազմում է 5, հետեւաբար՝ 3800 անգամ 5, կազմում է մոտ 19 000 եւ մի փոքր ավելի»,- պատասխանեց փոխնախարարը։