
Ուրբաթ օրը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող «Իսլամական պետության» (ISIS) տասնյակ թիրախների՝ ի պատասխան անցյալ շաբաթ Պալմիրայում սիրիական-ամերիկյան պարեկախմբի վրա զինյալների հարձակման, որի հետևանքով զոհվել էին երեք ամերիկացիներ։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X-ում գրել է, որ «Hawkeye Strike» գործողության շրջանակներում հարվածները թիրախավորել են «ISIS-ի զինյալներին, ենթակառուցվածքները և զենքի օբյեկտները»։ «Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ Այսօր մենք որսացինք և սպանեցինք մեր թշնամիներին։ Շատերին։ Եվ մենք կշարունակենք», – հավելել է Հեգսեթը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում գործողությունն անվանել է «շատ լուրջ պատասխան հարված»։
Նոյեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային։ Հանդիպումից հետո Սիրիան միացել է 88 երկրներից բաղկացած «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիային։