
«Մարդու իրավունքներ փախստականների հետ և նրանց համար» նախագծի շրջանակներում Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում ստեղծվել են փախստականների համայնքային խորհուրդներ։
Խորհուրդների նպատակն է աջակցել և հզորացնել Արցախից փախստականներին՝ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը իրենց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև նրանց հնարավորություն տալով մասնակցելու համայնքային որոշումների կայացմանը և իրականացնելու տեղական նախաձեռնություններ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և «Քըմիթ Գլոբըլ» (Commit Global) կազմակերպության կողմից։
Երևանի խորհրդի համանախագահ Գևորգ Սարգսյանը նշել է, որ նիստերը սկսվել են նոյեմբերի սկզբին։
«Խորհուրդը հնարավորություն է տեղահանված արցախցիների համար բարձրաձայնելու տարբեր ոլորտներում առկա խնդիրները։ Այդ ոլորտները բազմազան են՝ սոցիալական, կրթական, առողջապահական և այլ։ Տարբեր հարթակներում նման խնդիրներ արդեն բարձրաձայնվել են, սակայն այս հարթակի առանձնահատկությունն այն է, որ այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի միջոցով, ինչը մեզ թույլ է տալիս հույս ունենալ, որ մեր խնդիրները կքննարկվեն տարբեր հարթակներում, տարբեր գերատեսչությունների հետ, և կստանան համապատասխան լուծումներ։
Խորհուրդն ունի բոլոր իրավական հնարավորությունները կազմակերպելու հանրային քննարկումներ, ինչպես նաև այդ քննարկումների հիման վրա կազմելու պաշտոնական փաստաթղթեր և մեր գործընկերների միջնորդությամբ դրանք հասցնելու համապատասխան մարմիններին։
Ծրագիրը դեռ նոր է սկսվել և տևելու է երկու տարի։ Մեր գլխավոր նպատակը, իհարկե, տարբեր ոլորտներին առնչվող հարցերի իրավակարգավորումն է, որոնց իրականացումը կապահովի դրական վերջնարդյունք։ Ի դեպ, հարկ է նշել, որ այս խորհուրդը ներկայիս կազմով գործելու է մեկ տարի, որից հետո կձևավորվի նոր խորհուրդ։
Հիմնական գործունեությունից զատ խորհրդի շրջանակներում իրականացվում են փոքր համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրեր։ Մեր կարծիքով այդ ծրագրերը պետք է ուղղված լինեն համայնքապահպանության խնդիրներին և իրազեկման արշավներին։
Անդրադառնալով համայնքներին՝ կարևոր է նշել, որ համայնքային խորհուրդներ են ձևավորվել չորս տարբեր բնակավայրերում՝ Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում և Երևանում։ Այդ խորհուրդները դեռ ձևավորման փուլում են, սակայն արդեն անցկացրել են 2–3 նիստ և միջոցառումների ու խնդիրների վերաբերյալ տեղեկացնում են միմյանց, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի հասնել արդյունքի»։
Ալվարդ Գրիգորյան