Արարատ Միրզոյանն ասում է, որ 10 տարվա նպաստը չի “մոտիվացնի” արցախցիներին

  • 13:25 25.12.2025

Կառավարության այսօրվա նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց 10 տարով բնակարանի վարձավճար չհատկացնել արցախցիներին։ Հիշեցնենք, որ փոքր կազմով եւ սոցիալական հատուկ կարգավիճակում գտնվող ընտանիքներին բնակապահովման խնդրի լուծման համար կառավարությունը 10 տարի ժամկետով բնակվարձ կվճարի, իսկ ինչ-որ փուլում, ինչպես այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, սոցիալական բնակարններ կառաջարկվեն այս ընտանիքներին։

Արարատ Միրզոյանն ասաց․ «Բնակվարձի կոմպոնենտը ես 10 տարի լսեցի, իմ տպավորությամբ սա կարող է մի փոքր չափազանցություն է։ Գուցե դիտարկենք սկզբի համար 3 տարի կամ 5 տարի, ինչի՞ եմ ասում, որովհետեւ եթե ցանկացած մարդու 10 տարվա այդպիսի հեռանկար ես տալիս, մի տեսակ մոտիվացիան էլ է կորում՝ փոխելու կյանքում որեւէ բան»։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ոչ բոլոր արցախցի ընտանիքներին է վերաբերում այս ծրագիրը։ «Պարոն Միրզոյան, խոսքը հատուկ սոցիալական խմբերի մասին է, ընտանիքը բաղկացած է 2 անդամից, անդամներից մեկն 80 տարեկան է, մյուսը՝ առաջին խմբի հաշմանդամ է։ Ինչքան էլ մենք իրենց մեկ անձի հաշվով փոխհատուցումը տանք, այդ մարդիկ խնդիր ունեն գնալ ու բնակարան առնել։ Մենք ոչ մեկի չենք ստիպում, որպեսզի մարդն անընդհատ սթրեսի մեջ չընկնի, մենք իրենց ասում ենք՝ փողոցում չեք հայտնվելու, մենք 10 տարի հեռանկար ենք բացում»,- նշեց Փաշինյանը։