Թորոսյան․ մենք շատ ենք շփվում արցախցիների հետ, նույնիսկ հանձնաժողով կա

  • 12:39 09.01.2026

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ իրենց չեն գոհացնում արցախցիների՝ բնակապահովման ծրագրից օգտվելու ցուցանիշները։

«Ցուցանիշները գոհացուցիչ չեն այնքանով, որ մենք ուզում ենք, որ բոլորը ստանան, բայց պարզ է, որ դեռ բոլորը չէ, որ հավաստագրերը ստանում են։ Բայց այստեղ մի քանի հանգամանք կա։ Ամենակարեւոր հանգամանքը կա այստեղ՝ մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն։ Եւ մենք պրոբլեմը տեսնում ենք հիմնականում այստեղ, որ շատերը չէ, որ ուզում են ստանալ Հայաստանի քաղաքացիություն, տարբեր պատճառներով։ Այստեղ չեմ կարող չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ եւ դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ քաղաքացիություն, որովհետեւ դրանով հետագայում ինչ-որ բաներով կկարողանան իրենք իրենց հարցը լուծել՝ թե աշխարհաքաղաքական, թե անձնական։ Չստանալ քաղաքացիություն, որովհետեւ քաղաքացիություն նշանակում է ոչ միայն իրավունք, այլեւ պարտականություն, այդ թվում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում։ Քաղաքացիությունը նաեւ այլ պատականություններ է ենթադրում։ Եվ այդ շահարկումները բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չէ, որ ստացել են ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ կան նաեւ օբյեկտիվ պատճառներ․ թեեւ քաղաքացիություն ստանալու գործընթացը հեշտացված է Արցախից տեղահանվածների համար, բայց այնուամենայնիվ ժամանակ է պահանջվում, եւ երբեմն կարիք է լինում նաեւ դատական գործընթացների մեջ ներգրավվել, որովհետեւ փաստաթղթերի պակաս կա։ «Մենք վերջին ամիսներին տեսել ենք բավականին աճ քաղաքացիության դիմումների եւ պետք է խրախուսենք, որ դա շարունակվի։ Եվ ես ձեզ հավատացնում եմ, որ նաեւ հաստատված խաղաղությունն է նպաստելու, որ մեր հայրենակիցներն ավելի շատ դիմումներ ներկայացնեն եւ քաղաքացիություն ստանան։ Արդեն այդ դեպքում բանակից խուսափելու հանգամանքը պետք է որ թուլանա։ Եվ նաեւ քաղաքական կայունությունը եւս կնպաստի»,- հավելեց նա։

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ բնակապահովման ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր արցախցու 3, 4 եւ 5 մլն դրամ է հատկացվում՝ տարբեր համայնքներում բնակարան գնելու համար։ Նա նշեց, որ բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող ընտանիքները կարող են այդ գումարով բնակարան գնել, իսկ եթե ուզում են իրենց նախընտրելի բնակավայրերում ունենալ այդ տունը, կարող են հավելյալ վարկային միջոցներով ձեռք բերել այն։ «Ավելին, մենք դա խրախուսելու համար գիտեք, որ զբղվածության ծրագիր ենք հաստատել վերջերս։ Ինքնազբաղվածության ծրագրով խթանելու ենք փոքր բիզնեսների ստեղծմանը այն քաղաքացիների համար, որոնք բնակապահովման ծրագրի շահառու են դարձել։ Այսինքն՝ մենք ուզում ենք, որ մեր այդ քաղաքացիներն աշխատանք ունենան։ Ի դեպ, աշխատունակ տարիքի մեծ մասն ունի աշխատանք, նրանք հիմնականում աշխատավոր ժողովուրդ են եւ կարողանում են հավելյալ միջոցներ ներգրավել։ Մենք շատ ենք շփվում իրենց հետ, հանձնաժողով ունենք այդ հարցով, բազմակոմպոնենտ լուծումներ ենք փորձում տալ խնդիրներին»,- նշեց նա։