
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը կապ է հաստատել իր հետ՝ բանակցությունների խնդրանքով: Սպիտակ տան ղեկավարը հայտարարությունն արել է կիրակի՝ հունվարի 11-ին, Air Force One ինքնաթիռում։
«Իրանի ղեկավարները զանգահարել են», – ասել է Թրամփը՝ նշելով, որ «հանդիպում կկազմակերպվի»: «Նրանք ցանկանում են բանակցություններ վարել», – ասել է նա: Այնուամենայնիվ, «մենք կարող ենք գործել հանդիպումից առաջ», – հավելել է Թրամփը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
Թեհրանը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։
Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փեհլավին, հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին և կոչ է արել ԱՄՆ ղեկավարներին գործել «վճռական» պահին: Փեհլավին կիրակի՝ հունվարի 11-ին, ելույթ է ունեցել Fox News-ի «Sunday Morning Futures» հաղորդման ժամանակ։
«Դուք արդեն իսկ ստեղծել եք ձեր ժառանգությունը որպես խաղաղությանը և չար ուժերի դեմ պայքարին նվիրված մարդ», – դիմելով Սպիտակ տան ղեկավարին՝ ասել է շահի որդին՝ նշելով. «Կա մի պատճառ, թե ինչու են Իրանում մարդիկ փողոցները վերանվանում ձեր անունով։ Նրանք (իրանցիները – խմբ.) գիտեն, որ դուք Բարաք Օբամայի կամ Ջո Բայդենի լրիվ հակառակն եք։ Նրանք (ցուցարարները – խմբ.) գիտեն, որ դուք նրանց այլևս չեք անտեսի, ինչպես նախկինում է եղել», – ավելացրեց նա։