
«Ես սա նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի եւ բոլոր գործընկերների համար, շատ շահեկան մի փաստաթուղթ է»,- Վաշինգտոնից ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերը։
«Վստահեցնում եմ ձեզ, որ այն, ինչ մեզ բոլորիս քաղաքական ու հանրային հնչեղության առումով հետաքրքիր է, մեծ հաշվով հենց այս փաստաթղթում արտացոլված է։ Ենթադրում եմ՝ հարց կհնչի, նաեւ ուզում եմ միանգամից պատասխանել, որ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է երեւանյան ժամանակով գիշերը։ Ավելին համաձայնեցված չէ, չկա որեւէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ-ինչ նկատառումներից ելնելով։
Միանգամից եմ ասում՝ որեւէ այդպիսի դրույթ չկա, կա այն, ինչ այս փաստաթղթում եւ հրապարակված է»,- նշեց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանն ասաց, որ շահարկվում էր ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության հարցը, բայց այս փաստաթղթով, նրա խոսքով, այդ հարցերի պատասխանը տրվում է։
«Ուզում եմ շեշտել՝ Հայաստանը հստակորեն պահպանում է օրենսդիր, կարգավորիչ եւ դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ եւ տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին եւ միջազգային համաձայնագրերին։
Հայաստանը հստակորեն պահպանում է ազգային անվտանգության եւ իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը, Հայաստանը հստակորեն պահպանում է ԹՐԻՓՓ-ով առեւտրի եւ տարանցման նկատմամբ մաքսային եւ սահմանային վերահսկողության իրավազորությունը, հարկերի, մաքսային տուրքերի եւ առեւտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը, Հայաստանը հստակորեն պահպանում է Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը, Հայաստանը հստակորեն պահպանում է Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը»,- հրապարակված հայտարարության այս հատվածը մեջվերեց Միրզոյանը։
«Այսինքն՝ հարգելի հայրենակիցներ, ինչը կասկածի տակ էր դրվում, ինչի շուրջ մտահոգություններ էին հնչում, երբեմն ուղղակի չարամիտ մանիպուլյացիներ էին արվում, ես քիչ առաջ ուղիղ մեջբերեցի, կարող եք ինքներդ բացել, կարդալ, համոզվել։ Այնքան միանշանակ է գրված, որ ցանկության դեպքում անգամ մանիպուլացնելը շատ դժվար է։ Եվ ես չեմ նախաձում մեր որոշ ընդդիմադիրների կամ առանձին մարգինալ խմբակների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նոր մանիպուլյացիներ հնարելու համար»,- հավելեց նա։