Իրանի դեսպան․ Հայաստանը կարծես դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար

  • 16:13 14.01.2026

Թեհրանում ձեւավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։

«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, եւ նրանց համար կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Արդեն վեց օր շարունակ՝ երեկոյան ժամը 18-21-ը Իրանի դեսպանատան առաջ հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Եվ հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին»,- ասաց նա։

Իրանի դեսպանը նշեց, որ իրենք ամենածանր պահերին կանգնած են եղել Հայաստանի կառավարության կողքին․ «Այսօր մենք ինքներս ենք գտնվում ծանր իրավիճակում, եւ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ Իրանի դեսպանատան մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»։

Ըստ դեսպանի՝ շատերն են սպասում, որ Իրանում անկայունություն կլինի, եւ կակտիվանան անջատողական ուժերը՝ նպատակ ունենալով մասնատել երկիրը։ Հենց դա էլ ի սկզբանե ծրագրված է եղել Իսրայելի կողմից․ «Նրանց դա չի հաջողվի, բայց եթե նրանք կարողանան հաջողության հասնել այդ գործում, ապա Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Կարծում եմ՝ այս միտքը լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի»։

Նա անդրադարձավ նաեւ ԹՐԻՓՓ ծրագրին, ասաց որ Իրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն այս ծրագիրը կարող է օգտագործել Իրանի դեմ՝ իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Ասաց, որ այդ մտահոգությունը փախանցել են հայկական կողմին եւ հավաստիացում են ստացել, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ «Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»,- հավելեց նա։