
2026թ. հունվարի 14-ին հրապարակվել է ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակ» անունը կրող փաստաթուղթը, որտեղ, ի մասնավորի, արձանագրված է. «Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%»:
Մեջբերումից պարզվում է, որ 49 տարի ժամկետով ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26%-ը՝ հայկական: 49 տարին լրանալուց հետո հայ-ամերիկյան համագործակցությունը հնարավոր է երկարաձգել ևս 50 տարով: Նշված ժամանակահատվածով երկարաձգելու դեպքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեջ Հայաստանի ունեցած 26% մասնաբաժնին կավելացվի ևս 23%: Արդյունքում նշված ընկերության մեջ Հայաստանը կունենա 49% մասնաբաժին, իսկ ԱՄՆ-ն՝ 51%:
2026թ. հունվարի 14-ին ԱՄՆ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ԹՐԻՓՓ ընկերության բաժնեմասի միայն 26%-ը պատկանելու Հայաստանին, իսկ 74%-ը՝ ԱՄՆ-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողը, մասնավորաբար, ասել է. «Մեծ հաշվով բանակցությունների արդյունք է… կարծում եմ՝ արդար բաշխում է»:
Փաստորեն, 99 տարիների ընթացքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հսկիչ փաթեթը լինելու է ԱՄՆ-ի ձեռքում: Սրանով ամեն ինչ ասված է: Մեկնաբանություններն իրապես ավելորդ են:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ