Շոշի Ագոն․ այսօր լեգենդար հրամանատարի երկնային ծննդյան օրն է

  • 22:41 15.01.2026

ԼՂՀ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր, <<Շուշիի ազատագրման>> մեդալակիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արգամ Հարությունյանը (Շոշի Ագո) իր անունը ոսկե տառերով է գրել Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ և հավերժ կնա սերունդների հիշողության մեջ։

Այսօր լեգենդար հրամանատարի երկնային ծննդյան օրն է։

Շոշի Ագոն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից է: Նա մասնակցել է գրեթե բոլոր թեժ մարտերին: Եղել է Շուշիի ազատագրման չորս ուղղություններից՝ Շոշի ուղղության հրամանատարը: Շոշի Ագոն այն առաջիններից էր, ով Արցախյան շարժման նախօրեին գիտակցում էր, որ զենքի անհրաժեշտություն է լինելու, միայն զենքով ու միասնականությամբ կարող են հասնել բաղձալի ազատությանը:

Նա հասկանում էր, որ զենքի խնդիր կա, ուստի լծվել է զենք հայթայթելու վտանգավոր գործին: Ագոն կազմակերպել, հիմնադրել է ենթաշրջանի մի քանի գյուղերի միացյալ ջոկատը՝ Շոշի ջոկատ անվամբ: Այն մասնակցել է Տողի, Սարիշենի, Քարին տակի, Մալիբեյլուի, Խոջալուի, Հորադիզի, Կուբաթլուի, Ջաբրաիլի, Աղդամի, Մարտակերտի շրջանի, Օմարի լեռնանցքի, Ֆիզուլիի, Շուշիի, Ջանհասանի, Կրկժանի, Ասկերանի և շատ այլ մարտերի:

Շուշիի ազատագրման ժամանակ ջոկատը փայլուն մասնակցություն է ցուցաբերել, աչքի ընկել իր կազմակերպվածությամբ ու մարտունակությամբ:

Ագոյի ջոկատն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Բերդաձորի և Քաշաթաղի ազատագրման ժամանակ:

1992-ին Արգամ Հարությունյանը Բեկոր-Աշոտի գումարտակի շտաբի պետն էր: Բեկորն ու Ագոն լրացնում էին մեկը մյուսին: Նրանց միասնությունն արդեն հաղթանակ էր։

1994-ի մարտի 8-ին, Ֆիզուլիի պաշտպանության ժամանակ Ագոն ընկավ ականի պայթյունից ու անմահացավ։

Շնորհավոր երկնային ծնունդդ, հերոս