Վենեսուելայի Նոբելյան խաղաղության մրցանակակիրը իր մեդալը հանձնեց Թրամփին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին ասել է, որ հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։

Նա չի մանրամասնել, թե արդյոք ամերիկացի առաջնորդը ընդունել է մրցանակը, որը նա նախկինում բազմիցս ցանկություն էր հայտնել ստանալու։ Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է, որ նա ընդունել է։

«Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիներիս համար», – ասել է Մաչադոն Թրամփի հետ իր առաջին անձնական հանդիպումից հետո։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Կարակասում գերի վերցրին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Թրամփը հրաժարվել է աջակցել Մաչադոյին որպես երկրի նոր առաջնորդի, չնայած նրա գլխավորած շարժումը հաղթանակ է տարել 2024 թվականի ընտրություններում։

Փոխարենը նա համագործակցում է գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, որը Մադուրոյի փոխնախագահն էր։

Հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպումից առաջ Նոբելյան խաղաղության կենտրոնը սոցիալական ցանցերում գրել է, որ «մեդալը կարող է փոխանցվել ուրիշին, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի կոչումը՝ ոչ»։