Հայաստանում TRIPP-ից հետո՝ Խաղաղության խորհուրդ Գազայում. Թրամփի հայտարարությունը

  • 09:07 16.01.2026

Հունվարի 15-ին, հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին՝ Գազայի հատվածի վերակառուցումը վերահսկելու համար: Այս կառույցի ստեղծումը Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: ԱՄՆ նախագահն ինքը կղեկավարի «Խաղաղության խորհուրդը»:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն տարածվեց հայ-իրանական սահմանի երկայնքով «Թրամփ ճանապարհի» (TRIPP) կառուցման վերաբերյալ: Խորհուրդ չստեղծվեց,  սակայն 4 հայ գերիներ վերադարձան տուն։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Խաղաղության խորհրդի ստեղծման մասին: Խորհրդի կազմը շուտով կհայտարարվի, բայց կարող եմ վստահորեն ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է ցանկացած պահի, ցանկացած վայրում», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում:

«Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին հայտարարվեց պատերազմից հետո Գազայի հատվածում առօրյա կյանքը կառավարելու հանձնարարականով 15 անդամից բաղկացած պաղեստինյան տեխնոկրատական ​​​​մարմնի ստեղծման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը: Վարչակազմը կգործի «Խաղաղության խորհրդի» հսկողության ներքո։ «Որպես Խաղաղության խորհրդի նախագահ՝ ես աջակցում եմ նորանշանակ պաղեստինյան տեխնոկրատական ​​կառավարությանը», – հայտարարել է Թրամփը։

Հայաստանում, ըստ երևույթին, կառավարության փոփոխության և «տեխնոկրատների» նշանակման անհրաժեշտություն չկար։