Թուրքիայի հետ հարաբերությունների մասին պետք է զգույշ արտահայտվել

  • 16:17 19.01.2026

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հստակ չի ասում՝ հայ-թուրքական սահմանի բացում առաջիկայում սպասվում է, թե՞ ոչ։ Թուրքական կողմից տեղեկություն կա, որ նորոգում են Ալիջանի անցակետը, հայկական կողմն աշխատանքներ է իրականացրել Մարգարայի անցակետում։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն ասաց․ «Այո, դուք ճիշտ եք, թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Ովքեր չգիտեն, ասեմ՝ մեր կողմից Մարգարայի անցակետն է, թուրքական կողմից՝ Ալիջանի։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք, հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Ես հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, որովհետեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, այն ժամանակ հայտարարել։»։

Նա հիշեցրեց, որ դեռեւս 2022 թվականին էր թուրքական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար։

Անդրադառնալով հարցին, թե առհասարակ հայ-թուրքական սահմանը կարո՞ղ է բացվել, նա պատասխանեց․  «Դուք գիտեք՝ մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ եւ հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը։ Բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ։ Եվ հույս ունենք, որ դա շուտափույթ կիրականացվի»։

Միաժամանակ Ռուբինյանը նշեց, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա։