
Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ եւ ընդունել է այդ հրավերը։
Խաղաղության խորհրդում հիմնադիր անդամի տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին ԱՄՆ նախագահի վարչակազմը հորդորել է նվիրաբերել առնվազն 1 միլիարդ դոլար։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար վճարել, ասաց․ «Կարծում եմ՝ այդ հարցը դեռ քննարկման պետք է ենթարկվի եւ հասկանանք, թե ինչ պարտավորություններ է ենթադրելու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Բայց շատ կարեւոր է, որ Հայաստանը եւս հրավեր է ստացել այս կարեւոր նախաձեռնությանը մասնակից դառնալու»։
Ըստ Խանդանյանի՝ պետք է հաշվի առնել նաեւ հարցը, թե Հայաստանի բյուջեն ի վիճակի՞ է այդքան գումար վճարել․ «Իմ կարծիքով՝ 1 մլրդ դոլարի մասին հայտարարությունը կարծես թե քաղաքական հայտարարություն է եղել։ Նաեւ պետք է ուսումնասիրել, թե արդյոք Հայաստանի Հանրապետության բյուջեն ունի՞ նման հնարավորություններ՝ այդ գործընթացին մասնակցելու համար։ Բայց այնուամենայնիվ կարեւոր է, որ ընդունելով այս առաջարկը՝ Հայաստանը դառնում է այդ ֆորմատի հիմնադիր անդամ»։