Լոնդոնում Չինաստանի դեսպանատունը կլինի հսկայական, բայց ավելի փոքր, քան Երևանում

  • 10:49 21.01.2026

Ամիսներ տևած քննարկումներից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է Չինաստանի դեսպանատունը Լոնդոնի կենտրոնում գտնվող նախկին Royal Mint համալիր տեղափոխելու ծրագրերը՝ Լոնդոն Սիթիի մոտ, չնայած մտավախություններին, որ այն կարող է օգտագործվել որպես լրտեսական բազա։

20,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող համալիրը կլինի Եվրոպայում Չինաստանի ամենամեծ դեսպանատունը։

Շինարարությունը հաստատելու որոշումը կայացվել է Քեյր Սթարմերի՝ այս տարվա սկզբին Պեկին կատարվելիք այցի ֆոնին։ Սթարմերը կլինի առաջին բրիտանացի վարչապետը, որը կայցելի Չինաստան 2018 թվականից ի վեր։

Գլոբալ զարգացումների համատեքստում, երբ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ն մեկուսանում է Արևմտյան կիսագնդիում, Արևելյան կիսագունդը ձեռք է բերում գործողությունների և դաշինքների ազատություն։ Այս համատեքստում Չինաստանի և Հնդկաստանի հետ դաշինքները ձեռք են բերում հատուկ նշանակություն, և եվրոպական երկրները սկսել են ավելի ու ավելի շատ նայել Չինաստանին։ Նույնիսկ Ռուսաստանից եկող սպառնալիքներին հակազդելը դիտարկվում է Չինաստանի՝ որպես Ասիայի տիրակալի հետ դաշինքի համատեքստում։

Լոնդոնում նոր դեսպանատան նախագծի հաստատումը վաղուց առաջնահերթություն է եղել Չինաստանի կառավարության համար, որը 2018 թվականին տարածքը գնել է 255 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 340 միլիոն դոլար): Ինչպես մյուս երկրները, Չինաստանը նույնպես ցուցադրում է իր քաղաքական հավակնությունների մասշտաբները իր դեսպանատների ծավալներով։

Հիշեցնենք, որ Երևանում Չինաստանի դեսպանատան շենքը զբաղեցնում է մոտ 4 հեկտար (40,000 քառակուսի մետր), ինչը այն դարձնում է Չինաստանի ամենամեծ դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններից մեկը: 2017 թվականին կառուցված համալիրը խորհրդանշում է Չինաստանի աճող հավակնությունները Հայաստանում։

Չինաստանը իր դեսպանատունը Հայաստանում կառուցել է Երևանյան լճի ափին՝ ԱՄՆ դեսպանատան անմիջապես դիմաց և ոչ հեռու այն վայրից, որտեղ Ռուսաստանը կառուցել է ուղղափառ եկեղեցի։

Երևանում ԱՄՆ դեսպանատան համալիրը զբաղեցնում է ավելի մեծ տարածք՝ մոտ 9 հեկտար (90,469 քառակուսի մետր), ինչը այն դարձնում է աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանատներից մեկը (երկրորդը Բաղդադից հետո)։

Այնուամենայնիվ, Թրամփը հետ է կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին, ինչպես նաև մոտ 90 այլ դեսպանների։ Փորձագետներն ակնարկում են, որ ՀՀ-ում նոր դեսպան կարող է չնշանակվել. Թրամփը կարող է հրաժարվել փոքր երկրներում դեսպաններ պահելու պրակտիկայից։