
Այն արցախցիները, որոնց որդիներն ու հարազատները զոհվել են 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմում ու հուղարկավորված են Արցախում, պահանջնում են, որպեսզի ՀՀ կառավարությունը արտաշիրմում իրականացնի եւ զոհերի աճյունները տեղափոխի Հայաստան։ Սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով 30-ից ավելի արցախցիների աճյուններ այսօր հողարկավորված են Արցախում, եւ արցախցիներն ասում են, որ տեսանյութեր ունեն՝ ադրբեջանցիները պղծում են իրենց որդիների գերեզմանները։
Այսօր զոհերի հարազատները դարձյալ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջնելով Նիկոլ Փաշինյանի հետ։
Արցախցի Բորիկ Արզումանյանի որդին՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Բորիկ Արզումանյանը լրագրողներին ասաց, որ 6-7 անգամ հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրենի հետ, ձեւացրել է, թե կիսում է իրենց վիշտը, հասկանում է իրենց, բայց խաբել է, ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ իրենց պահանջը կատարելու համար։ Իսկ ԱԱԾ նոր տնօրենի հետ հանդիպել հնարավոր չէ։
«Մեզ երկու տարուց ավելի է՝ խաբում են, էս սուտասանը 8 տարի է՝ մեզ խաբում է։ Եկավ, ասաց՝ «Ղարաբաղը Հայաստան է», մենք էլ ասացինք՝ ավելի լավ է սա լինի, քան թե Սերժն ու Քոչարյանը։ Բայց վերջում մեր տները քանդեց։ 2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչեւ այսօր բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի արտաշիրմում անեն։ Էսօր, վաղը, ուղարկել է ԱԱԾ-ի մոտ, ընդեղ էլ են կեղծավոր դիմավորում, սաղ սուտ են ասում»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններից հանել է Արցախի ու արցախցիների հարցը, Բորիկ Արզումանյանն ասաց․ «Մեր վերադարձի հարցը մենք չենք մոռանում, մենք ծնվել ենք Արցախում, ես 68 տարեկան մարդ եմ, ծնվել եմ Ղարաբաղում։ Իմ հարազատներն այնտեղ են, իմ կյանքն այնտեղ եմ անցկացրել, ո՞նց կարող եմ մոռանալ, ինքը կարող է մոռանալ, բայց ոչ մի ղարաբաղցի չի կարող մոռանալ իր ծննդավայրը։ Ինքն իրավունք չունի որոշել Արցախի հարցը, ինքը Հայաստանի բնակիչ է, ես ղարաբաղցի եմ»։
Բորիկ Արզումանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առեւտուր է անում թուրքերի հետ, թող իրենց որդիների աճյուններն էլ բերի, դա մեկ օրվա գործ է։ «Արտաշիրմում անելը մեկ օրվա գործ է՝ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանակերտ։ Զոհվածների շիրիմներ կան, որ ոչ մի բան չկա վրան դրված, անտեր վիճակ է։ Մենք խնդրում ենք, որ արտաշիրմում անեն, մեր երեխեքին բերեն այստեղ։ Եթե ինքը չի կարողանում, այսօր Ալիեւն է Հայաստանի հարցերը որոշում, պրյամո գնանք Ալիեւին խնդրենք, խի՞ ենք իրեն խնդրում»։
Ակցիայի մասնակիցներից Ռուզան Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ արցախցիների անունից նամակ են փոխանցում կառավարությանը։ Պահանջում են անհապաղ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
«Եթե կոնկրետ պատասխան չլինի, մյուս շաբաթ գալու ենք, նստացույց ենք անելու, ոչ մեկ ստեղից չի գնալու, հերիք է, ինչքա՞ն կարելի է»,- հայտարարեցին արցախցիները։