ԵԽԽՎ–ն կոչ է արել ազատ արձակվել Բաքվում պահվող բոլոր հայերին

  • 21:58 26.01.2026

Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ԵԽԽՎ Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ, ասված է վեհաժողովում այսօր ընդունված զեկույցում։

«Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր մեկը մյուսին հաջորդած ընտրությունները զերծ են եղել խախտումներից, Վեհաժողովը միաժամանակ վերստին ընդգծում է, որ անհրաժեշտ է կանոնակարգեր կիրառել՝ պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում», – ասված է լատվիացի պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Զանա Կալնինա-Լուկաշևիցայի զեկույցում։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու, որ ընտրարշավը լինի թեմաների ու քաղաքական ուղղվածության շուրջ և զերծ՝ ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից: Այս համատեքստում Վեհաժողովը հղում է կատարում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ դրա մեջ ներգրավվելուց, հավանություն տալուց կամ տարածելուց՝ նախատեսելով պատժամիջոցներ», – ասված է զեկույցում:

Վեհաժողովը նաև ի գիտություն է ընդունել վարչապետ Փաշինյանի՝ 2026 -ի հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական հանրաքվե կազմակերպելու մտադրությունը։

«ԵԽԽՎ-ն շարունակում է լրջորեն մտահոգված մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների հետագա վատթարացմամբ և ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների, գիտնականների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և կառավարության այլ քննադատների», – ասված է զեկույցում: