
Չնայած շաբաթվա սկզբին ԵԽԽՎ ընդունած զեկույցին, որում խորը մտահոգություն կար Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ, եվրոպացի պատգամավորները դեռ հարցեր ունեն:
Խորհրդարանական վեհաժողովի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթից հետո Պահպանողականների խմբից հարց հնչեց՝ եպիսկոպոսների ձերբակալությունները, վարչապետի հռչակած բարեփոխման ծրագիրն արդյո՞ք կրոնական և խոսքի ազատության խախտում չէ:
Միրզոյանը պատգամավորի հայտարարությունը բամբասանք որակեց: Պնդեց՝ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա:
«Կա մի իրավիճակ, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը՝ զինված հեղաշրջման միջոցով: Եվ հրապարակային կոչեր են անում սպանել Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներին, այդ թվում՝ ինձ։ Ինչպիսի՞ն կլինի ձեր որոշումը, ի՞նչ գործողություններ կանեք այս իրավիճակում։ Հայաստանում օրենքի գերակայություն կա, և Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքին՝ լինի դա հոգևորական, քաղաքական գործիչ, պաշտոնյա, չգիտեմ, դիրիժոր, արտիստ, ով էլ որ լինի»,- պատգամավորի հարցին պատասխանեց նախարար Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը չհիշատակեց Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու «բարեփոխմանն» ուղղված գործողությունները, նաև այն, որ քահանաներին ստիպում են աղոթքներում չհիշատակել կաթողիկոսին։