Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում։ Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Այս պատմական հոբելյանի կապակցությամբ այսօր ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական օրենսգրքի մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակը, ասել է Արարատ Միրզոյանը։
12-րդ դարի փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից գրված այս կարևորագույն աշխատանքը հայկական իրավական մտքի հիմնաքարն է։ Դարեր առաջ այն հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանն՝ այն հիմնարար սկզբունքին, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենսական առանցքը։
2025 թվականի ապրիլին «Դատաստանագիրքը» միաձայն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում»՝ որպես նրա մշակութային և քաղաքակրթական հավերժ նշանակության վկայություն։ Մենք վստահ ենք, որ այս նվերը, որն արտացոլում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի կողմից կիսվող հիմնարար արժեքները, կզբաղեցնի իր նշանակալի տեղն այս հաստատությունում՝ դառնալով դրա սկզբունքների նկատմամբ մեր խորը հարգանքի և անսասան նվիրվածության խորհրդանիշը։ Այն նաև արտացոլում է մեր երախտագիտությունը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում ունեցած էական ներդրման համար, ասել է Արարատ Միրզոյանը: