Ռոման Երիցյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի “լուծարման” հրամանագրից

  • 16:57 02.02.2026

Դատարանն այսօր մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Սամվել Շահրամանյանի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների եւ ԿԳՄՍ նախարարության՝ պահանջելով հերքել գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։

Մասնավորապես, դասագրքում տեղ է գտել այն միտքը, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր»։

Այսօր հրավիրած ասուլիսում Ռոման Երիցյանն ասաց․ «Այո, հայցը մերժվել է, բայց ասել, որ Արցախի Հանրապետության նախագահը պարտություն է կրել այս գործով, ճիշտ չէ, որովհետեւ հակառակը, Արցախի նախագահը հասել է նրան, ինչին փաստացի ցանկացել է հասնել։ Մենք հասել ենք նրան, որ Արցախը լուծարելու մասին այսպես կոչված հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչինչ։ Դատարանն արձանագրել է, որ ուժի գործադրման կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որեւէ փաստաթղթի ստորագրումն ինքնին առ ոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»։

Ռոման Երիցյանը նշեց, որ դատարանը նաեւ արձանգարել է, որ պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ամբողջական չեն, եւ հայցվորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ։ Այսինքն՝ դատարանը ԿԳՄՍ նախարարությանն այս որոշմամբ առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ։

Սամվել Շահրամանյանն իր ցուցմունքում ասել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելուց 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ներկայացրել է վերջնագիր՝ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ։ Սակայն Արցախի ղեկավարությունը խուսափել է դրանից՝ տարածելով Շահրամանյանի հայտարարությունը, որի շնորհիվ, Երիցյանի ոխսքով, հնարավոր է եղել չեզոքացնել բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը եւ կազմակերպել արցախցիների՝ ԼՂՀ տարածքից անվտանգ դուրս բերումը։

Երիցյանը նշեց, որ իրենք կարծում են՝ այս գործով հասել են որոշակի արդարության։