Անուշ․ արդեն կարողանում եմ ինքնուրույն մի քանի քայլ անել, բայց վերականգնում է պետք

  • 21:31 02.02.2026

Արցախյան բլոկադայի օրերին գրել էինք Անուշ Գևորգյանի մասին, ով ծնվել է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում: Անուշի մոտ մանկուց ախտորոշվել է ՄՈՒԿ (Մանկական Ուղեղային Կաթված): Նա վերականգնողական բուժում էր ստանում Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, սակայն լիարժեք վերականգնվելու համար նրան անհրաժեշտ էր վիրահատություն, որը պետք է կազմակերպվեր Երևանում, ինչը շրջափակման պայմաններում անհնար էր: Տեղահանվելուց հետո, չնայած բոլոր դժվարություններին, նրա վիրահատությունը կազմակերպվեց, և այժմ նա անցնում է վերականգնողական փուլ:

Step1.am-ին Անուշը պատմեց անցած փորձությունների մասին, ինչպես նաև կիսվեց հաջողությոններով ու մտահոգություններով:

ՙՙԱրցախի շրջափակման 9 ամիսը մեկ դար էր թվում, որովհետև անհամբեր սպասում էի, թե երբ է ճանապարհը բացվելու, որպեսզի գամ Երևան վիրահատության և ինքնուրույն քայլեմ: Դա իմ մեծ երազանքն էր այդ օրերին: 9 ամիս հետո 2023 թվականին սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, և մենք ստիպված եղանք տեղահանվել մեր հայրենի հողից և բնակություն հաստատել Հայաստանում, Հրազդան քաղաքում: Այժմ ապրում ենք վարձով:

Պատերազմական խուճապահար վիճակի պատճառով մեր ընտանիքի անդամների ծննդյան վկայականները և իմ հաշմանդամության թուղթը մնացել է Ղարաբաղում: Երբ բնակություն հաստատեցինք Հրազդան քաղաքում, ես դիմեցի Արաբկիր բժշկական կենտրոն օրթոպեդի խորհրդատվության: Բժիշկ Վահե Յավրյանն ու բժիշկ Գևորգ Ջահանգիրյանը ինձ խորհուրդ տվեցին վիրահատություն, որպեսզի հետո շարունակեմ իմ վերականգնողական բուժումը, որն առանց վիրահատության մի քիչ անհնար էր թվում։

Ես ուզում էի ցանկալի արդյունքի հասնեի՝ գոնե քայլակով քայլեի կամ, ինչու չէ՝ ինքնուրույն, դա իմ երազանքն էր:

Որպես Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի՝ իմ վիրահատությունը անվճար էր, բայց քանի որ ես առաջին կարգի հաշմանդամ եմ, վիրահատությունը անվճար կազմակերպելու համար պետք էր նաև իմ հաշմանդամության թուղթը, որը թողել էինք Ղարաբաղում մեր տանը։ Դիմում գրեցի Միասնական սոցիալական ծառայություն՝ հաշմանդամության կարգս վերականգնելու համար, բայց ապարդյուն․ ինձ ասեցին, որ երկար ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար։

Ես՝ ամեն ինչից հիասթափված, շրջափակման օրերին վիրահատությանս անհամբեր սպասող հաշմանդամ մարդս չկարողացա դիմանալ՝ չէ՞ որ ինձ վերականգնողական բուժում է պետք, իսկ առանց վիրահատության դա անհնար էր։ Դիմում գրեցի առողջապահության նախարարություն, որպեսզի իմ վիրահատության հարցը անհապաղ լուծեն։

Աստծո կամոք այդ հարցը լուծեցին, և ես 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Արաբկիր բժշկական կենտրոնում վիրահատվեցի և 5 շաբաթ ոտքերս գիպսում մնալուց հետո սկսեցի հաճախել վերականգնողական կենտրոն՝ 2024 թվականի փետրվարի 15-ից առ այսօր։

Բայց ես մի բանից եմ շատ մտահոգված․ պետությունը տարին երկու անգամ անվճար վերականգնողական բուժում է տրամադրում պետպատվերով։ Դա շատ քիչ է իմհամար, մանավանդ, որ նոր սկսել եմ ինքնուրույն մի քանի քայլ անել, և այդ արդյունքը պահպանելու և վիճակս բարելավելու համար շարունակական բուժում է հարկավոր։ Տանը հարազատներս իմ հետ միասին պարապում են, ես էլ եմ իմ վրա աշխատում, բայց դա հավասարազոր չէ վերականգնողական կենտրոն հաճախելուն:

Բացի այդ, Առողջապահության նախարարությունը 2026 թ․ հունվարի 1-ից ներդրել է առողջության համընդհանուր ապահովագրություն, և 2028 թվականից սկսած պետպատվերը կդադարի գոյություն ունենալ, քանի որ ապահովագրության փաթեթի մեջ չի ներառվում վերականգնողական բուժում։

Այս դեպքում ինչպե՞ս ենք մե՛նք՝ հաշմանդամներս անվճար վերականգնողական բուժում ստանալու:

Ես չեմ զարմանա, եթե երկու տարուց ասեն, որ հաշմանդամին վերականգնողական բուժում անհրաժեշտ չէ։

Շատ կուզենայի, որ մեր հայ բարերարները օգնեն ֆինանսական հարցում, որպեսզի շարունակեմ իմ վերականգնողական բուժման կուրսը, պահպանեմ արդեն ստացած արդյունքը և կարողանամ ինքնուրույն քայլել”:

Արսեն Աղաջանյան