Շվեյցարացի գործիչները զգուշացնում են Հայաստանին․ մի հրաժարվեք իրավունքներից

  • 21:29 03.02.2026

Արցախից հետո Ադրբեջանը կարող է հավակնել Մեղրիին և Զանգեզուրին։ Երևանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ և Լեռնային Ղարաբաղի համար Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության նախաձեռնող Էրիխ Վոնտոբելը։

Պատասխանելով հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի մասին հարցին՝ նա ընդգծել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի իր իրավունքներից, դա շատ վատ ազդանշան կլինի Ադրբեջանի համար. դա կնշանակի, որ նրանք ամեն ինչից չոր են դուրս գալիս։ «Վաղը կարող է լինել Մեղրին և Զանգեզուրը։ Եթե այսպես շարունակվի, 50 տարի հետո հայ ազգը չի լինի»,- զգուշացրել է շվեյցարացի պատգամավորը։

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International) ղեկավար Ջոն Այբները նշել է, որ մարդու իրավունքները երբեք չեն կարող ճնշվել։ «Եթե այսօր ոտնահարվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, վաղը կարող են ոտնահարվել ձեր իրավունքները, և դա կարող է անել պետությունը»,- հիշեցրել է շվեյցարացի պատգամավորը։

Հայոց պետականությունն ինքնին մարտահրավեր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, հայտարարել է Ջոն Այբները ասուլիսում։

Հայերի վերադարձի դեպքում Արցախում էթնիկ զտումների կրկնության դեմ երաշխիքների մասին հարցին ի պատասխան՝ Այբները հայտարարել է. «Չենք կարող երաշխավորել, որ պատմությունը չի կրկնվի. չկան երաշխիքներ Արցախի ժողովրդի համար, և սա մեզ անհանգստացնում է։ Մենք էթնիկ և կրոնական զտումները համարում ենք ավելի մեծ պատմական ցեղասպանության մաս։ 1915-1918 թվականներին տեղի ունեցածն ավելի վաղ սկսված խոշոր ցեղասպանական գործողության գագաթնակետն էր։

Եթե հաշվի առնենք Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի պատմական դիրքորոշումները, նրանք ոչ մի կերպ չեն ընդունում Հայաստանի պատմական դերը և պետականությունը։ Այն փաստը, որ Հայաստանն ունի պետականություն, արդեն իսկ մարտահրավեր է նրանց համար»։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը և հիշել, որ չքաղված դասերը երաշխիք են, որ պատմությունը կկրկնվի։