Ալիևը կգա՞ մայիսին Երեւան

  • 11:12 04.02.2026

Աբու Դաբիում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Նրանց հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով։

Այսօր՝ փետրվարի 4-ին, Աբու Դաբիում նախատեսված է «Զայեդի» մրցանակաբաշխությունը։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները «Զայեդ» մրցանակի կարժանանան խաղաղության համաձայնագրի համար:

Հիշեցնենք, որ ԵՄ նախկին նախագահ Շառլ Միշելը Զայեդ մրցանակի ժյուրիի անդամ է։ Օրերս նա եկել էր Հայաստան, որպեսզի հայտնի Փաշինյանին մրցանակի մասին և թելադրի հետագա քայլերը։

2022 թվականի հոկտեմբերին Միշելի և Մակրոնի միջնորդությամբ Փաշինյանն ու Ալիևը Պրահայում ստորագրեցին հուշագիր, որով ճանաչեցին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Այսպիսով, Հայաստանը խոստացավ հրաժարվել իր ազգային իրավունքներից՝ կապված Արցախի, Նախիջևանի, Կարսի, Արդահանի և Արարատ լեռան հետ։

Նիկոլ Փաշինյանը անխոնջ կրկնում է, որ առանց խորհրդային սահմանների վերաբերյալ Պրահայի համաձայնագրի չէր լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ TRIPP և ո՛չ էլ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրում Վաշինգտոնում։

Պրահայի հուշագրի ստորագրումից երեք տարի անց միջազգային հանրությունը բախվել է մի իրավիճակի, երբ պետք է արդարացնի Արցախի անօրեն ուժային բռնագրավումը որպես «խորհրդային սահմանների վերականգնում», իսկ Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի բռնագրավումը՝ որպես «խորհրդային սահմանների անօրինականության ուղղում»։ Եվրոպան չի կարող ընդունել, որ Արցախյան նախադեպն է օրինակ ծառայել Ռուսաստանի համար։

Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը չի կարողանում գտնել փաստարկներ՝ օրինականացնելու համար Արցախի բռնագրավումը, ուստի կարևոր է ապահովել, որ Հայաստանը «կամավոր» հրաժարվի իր իրավունքներից և տարածքներից՝ պաշտպանելով միջազգային հանրությանը 100 տարվա մեղքից։

Այսպես թե այնպես, Արցախի բռնագրավումը և Հայաստանին «կամավոր» հրաժարվելու և ինքնալուծարման հարկադրելը կդառնա այն թելը, որը քաշելով՝ միջազգային հանրությունը կլուծարի ամբողջ ներկայիս աշխարհակարգը։

Բայց առայժմ պետք է ավարտվի Միշելի հովանու ներքո Հայաստանի լուծարման գործընթացը, և դրան հասնելու համար Ալիևը պետք է կարևոր քայլ կատարի։ Ալիևը պետք է մայիսին գա Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և այնտեղ ստորագրի «խաղաղության պայմանագիրը»։ Իսկ Փաշինյանը, ի նշան «երախտագիտության», պետք է հանդիսավոր կերպով խոստանա փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում և հրաժարվել ազգային իրավունքներ հիշեցնող ամեն ինչից։ Հայաստանը կարող է միայն խաչմերուկ լինել։