Կարինա Ակոպովա․ Հպարտ եմ, որ «Արցախը» ներկայացնելու ենք Օլիմպիական խաղերում

  • 10:46 05.02.2026

«Արցախ» ստեղծագործությունը արմատական կապ ունի մեր երկրի հետ եւ մեծ նշանակությունի ունի հայերի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան: Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն արդեն մեկնել է օլիմպիական քաղաք Իտալիայում:

Կարճ ծրագիրը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ ներկայանալու ենք «Արցախ» ստեղծագործության ներքո: Կրկնակի ուրախացնող է այն փաստը, որ Օլիմպիական խաղերին մասնակցելուց բացի, հնարավորություն ունենք «Արցախ» ստեղծագործությամբ մասնակցել. աստղերն այդպես դասավորվեցին մեզ համար եւ դա շատ հուզիչ է: «Արցախ» երաժշտությունը շատ մեծ նշանակությունի ունի հայերի համար եւ այս առումով հպարտ եմ, որ հնարավորություն ունենք այդ ստեղծագործությամբ ներկայանալ Օլիմպիական խաղերին:

Ու՞մ մտահաղացումն էր «Արցախ» ստեղծագործությունն ընտրելը:

Կարինա Ակոպովա- Մտահաղացումն իմն էր, իհարկե (ծիծաղում է): Շատերը համաձայն չէին, որ մենք «Արցախով» ներկայանանք, բայց ես պնդեցի եւ եկանք համաձայնության: Հայաստանի դրոշի ներքո սա մեր առաջին օլիմպիական մրցաշրջանն է, եւ ես կարողացա համոզել բոլորին, որ «Արցախով» Օլիմպիական խաղերին մեկնարկելը լավագույն միտքն է: Այս ծրագիրը դրված է հենց Միլան-2026-ի համար:

Երկար ծրագիրը հնդկական ֆիլմից հատվածի մոտիվներով բեմադրություն է: Համոզված ենք, որ այն նույնպես կսիրվի հանրության կողմից եւ կգնահատվի Օլիմպիական խաղերում: